Tuesday, December 20, 2011

ԱՆԿԱՐԱՅՈՒՄ ՀԱՎԱՆԱԿԱՆ Է ՀԱՄԱՐՎՈՒՄ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՕՐԻՆԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանը վերադարձի տոմս է գնել

«ԱԶԳ», 20-12-2011- Որքան էլ Թուրքիայի առջեւ ծառացած լինեն ներքին եւ արտաքին բարդ խնդիրներ, նրա օրակարգում առաջնակարգ նշանակությամբ Հայոց ցեղասպանության ուրացման համար պատիժ սահմանող օրինագիծն է, որը դեկտեմբերի 22-ին քննարկման կդրվի, ապա կքվեարկվի Ֆրանսիայի Ազգային ժողովի լիագումար նիստում: Ընդ որում, օրինագծի ընդունման համար, անկախ քվորումից, բավարար է լինելու նիստի մասնակիցների, այսինքնՙ տվյալ պահին դահլիճում ներկա խորհրդարանականների պարզ մեծամասնությունը, այլ ոչ թե խորհրդարանինը:
Երեկվա համարում նշելով այդ մասին, «Հյուրիեթ» թերթը միաժամանակ նշեց, որ օրինագիծը Ֆրանսիայի Ազգային ժողովի օրակարգ է մտել նախագահ Նիկոլա Սարկոզիի անմիջական կարգադրությամբ, կառավարության կազմում օրինագծին թերեւս միայն արտգործնախարար Ալեն Ժյուպեն է դեմ, հետեւաբար մեծ է դրա ընդունման հավանականությունը: Նույն կարծիքին են նաեւ թուրքական հանրային հեռուստատեսությունը եւ այն քաղաքագետները, որոնց հեռուստատեսությունը դիմել է:
Թերեւս այդ առումով պատահական չէր Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրջուօղլուի տեղեկագիրը արտգործնախարարություն, որտեղ դեսպանը, «Հյուրիեթի» վկայությամբ, զգուշացրել է. «Չնայած Թուրքիայի նախաձեռնություններին, որոնք դրսեւորվել են Ֆրանսիայի քաղաքական եւ գործարար շրջանակներում, ենթադրվում է, որ օրինագիծն կընդունվի Ազգային ժողովում, եթե արտառոց բան չպատահի»:
Ըստ թուրքական թերթիՙ դեսպանը օրինագծի ընդունման հաշվարկով պատրաստություն է տեսել, քվեարկությունից հետո Փարիզը լքելու մտադրությամբ արդեն գնել է Անկարա հետդարձի տոմսը: Դրանով հանդերձ, Ֆրանսիայի ազգային ժողովում Հայոց ցեղասպանության ուրացման համար մինչեւ մեկ տարի ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք սահմանող օրինագծի ընդունման հավանականությունը չի խանգարել, որ դեկտեմբերի 18-ին Թուրքիան քաղաքական գործիչների եւ գործարարների դեսանտ իջեցնի Փարիզում:
Քաղաքական գործիչների պարագայում խոսքը վերաբերում է Թուրքիայի ազգային մեծ ժողովիՙ Մեջլիսի պատվիրակությանը, որի կազմում, ի դեպ, ընդգրկված են նաեւ Թուրքական պատմական ընկերության նախկին նախագահ, Ազգայնական շարժում կուսակցության պատգամավոր, պրոֆ. Յուսուֆ Հալաչօղլուն եւ Թուրքիա-Ֆրանսիա բարեկամության խմբի նախագահ, վարչապետ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության պատգամավոր Քասըմ Գյուլփընարը:
Ինչ վերաբերում է գործարար շրջանակներին, ապա նրանց պատվիրակությունն էլ կազմված է Թուրքիայի արդյունաբերողների եւ գործարարների միության ու Թուրքիայի պալատների եւ բորսաների միության անդամներից: Երկու պատվիրակություններն էլ բացատրական աշխատանքներ կկատարեն Փարիզի քաղաքական եւ գործարար շրջանակներում, իսկ դեկտեմբերի 21-ին կվերադառնան Անկարա:

Հիշեցման կարգով նշենք, որ նախքան Թուրքիայի ազգային մեծ ժողովի եւ թուրք գործարար շրջանակների պատվիրակությունների գործուղումը Փարիզ, օրինագծի առնչությամբ Մեջլիսի նախագահ Ջեմիլ Չիչեքը նամակով դիմել էր Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Բեռնար Ակուայեին, իսկ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանըՙ նախագահ Նիկոլա Սարկոզիին: Թուրքական պատվիրակությունների գործուղումը ցույց է տալիս, որ նամակները ցանկալի արդյունք չեն տվել: Ըստ երեւույթին, ոչ էլ Թուրքիայի սպառնալիքները կտան, այլապես ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը, ի պատասխան պատգամավորների ֆրանսիական ապրանքները բոյկոտելու պահանջին, չէր ասի. «Թուրքիան չի կարող բոյկոտել ֆրանսիական ապրանքները, քանի որ միացած է Մաքսային միության համաձայնագրին»:
Հ. ՉԱՔՐՅԱՆ

No comments: