Tuesday, January 31, 2012

Երեքի «ժառանգները»

«Լրագիր» 31-1-2012- Հայ ազգային կոնգրեսի համամասնական ընտրացուցակի հարցը թերեւս խոստանում է բավական թեժ քննարկումներ Կոնգրեսի ներսում, գուցե նաեւ համակիրների շրջանում: Հայկական Ժամանակը տեղեկություն էր տարածել, որ Կոնգրեսի ցուցակը պետք է գլխավորեն Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ առաջին համար, եւ Ստեփան Դեմիրճյանը՝ երկրորդ համար: «Եթե երրորդ համարի հարցում հարկ լինի ընտրություն կատարել Լեւոն Զուրաբյանի եւ Արամ Սարգսյանի /Հանրապետություն կուս./ միջեւ, ապա ՀԺԿ-ն կընտրի Արամ Սարգսյանին», հունվարի 31-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը: Հայ ազգային կոնգրեսի ընտրացուցակում Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի անունն ըստ ամենայնի դառնում է առանցքային: Բանն այն է, որ Զուրաբյանի տեղն այդ ցուցակում դիտվում է իբրեւ նրա հետագա քաղաքական դերակատարության ինդիկատոր: Մասնավորապես, խոսքը Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահական թեկնածության «ժառանգորդ» լինելու մասին է: Հետաքրքրական է, որ Facebook սոցիալական ցանցում արդեն իսկ առկա է համապատասխան հարցադրում եւ «Լեւոն, նախագահ» սոցցանցային «վանկարկումներ», որտեղ սակայն Լեւոնն արդեն ոչ թե Տեր-Պետրոսյանն է, այլ Զուրաբյանը: Բայց, Զուրաբյանի անվան շրջանառությունն այդ առումով բոլորովին էլ նոր չէ: Զուրաբյանի թեկնածությունը, որպես Տեր-Պետրոսյանի ժառանգորդ, «առաջ է քաշել» Մոսկվայի հայկական «Միաբանություն» ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանը, ով 2010 թվականի նոյեմբերին հայտարարել էր. «… ՀԱԿ-ը շատ շանսեր ունի գալ իշխանության: Այստեղ կա Լեւոն Տեր-Պետրոսյանի գործոնը եւ կառույցի բազմազանության գործոնը: Վերջերս առաջ է մղվել Լեւոն Զուրաբյանի թեկնածությունը: Նրան ընդունում են, նա հստակ պատկերացնում է ռեալ եւ հեռանկարային իրավիճակը: Բայց դա ապագայի հարց է: Այնուհանդերձ, ամեն ինչ կախված է Տեր-Պետրոսյանից»: Տեր-Պետրոսյանն իհարկե բարդ ընտրության առաջ է, քանի որ Կոնգրեսում թերեւս շատերը կան, որ կցանկանային, եւ գուցե կոնկրետ ակնկալում են լինել Տեր-Պետրոսյանի ժառանգորդը: Եթե անգամ նրանք բացահայտ դեմ չարտահայտվեն Զուրաբյանի թեկնածությունն առաջ մղելուն, ապա ներքուստ որեւէ կերպ չեն սատարի դրա ամրապնդմանը: Հայ ազգային կոնգրեսի համակիրների շրջանում էլ Զուրաբյանի թեկնածությունն ամենայն հավանականությամբ չի արժանանա աներկբա հիացմունքի: Ըստ ամենայնի, մինչեւ 2013 թվականը, Տեր-Պետրոսյանն ի զորու չի լինի լուծել իր «ժառանգորդի» հարցը, եթե նույնիսկ ունենա դրա մեծ ցանկությունը: Ըստ ամենայնի, այստեղ թիրախավորվում է 2018 թվականը, կամ 2013-ից հետո ընկած հնգամյակը, եթե լինեն արտահերթ զարգացումներ: Այդ իմաստով, Կոնգրեսն իհարկե ժամանակավրեպ չէ՝ թեկուզ առաջ ընկնելու իմաստով: Ակնհայտ է, որ Հայաստանի քաղաքական դաշտում, այդ թվում իշխանության ճամբարում, խնդիրն աստիճանաբար հանգում է հենց 2013-ից հետո ընկած հնգամյակին: Թե Սերժ Սարգսյանը, թե Ռոբերտ Քոչարյանն իր ԲՀԿ-ով, ներկայում զբաղված են հենց այդ հնգամյակի խնդիրներով, իսկ առաջիկա խորհրդարանի եւ նախագահի ընտրությունը արդեն ավելի շատ դիտարկվում է դրա մարտավարական մի հանգրվան՝ կարեւոր, բայց ընդամենը մարտավարական մի հանգրվան: Այն, որ ներկայում խաղի մեջ է մտնում նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, հենց այդ մարտավարական համատեքստում է: Պարզ է, որ խորհրդարանի ընտրությանը Օսկանյանը չի փրկելու ԲՀԿ-ին, եթե կուսակցությունը կանգնած է կործանման կամ կոտրվելու վտանգի առաջ, եւ ոչ էլ Սերժ Սարգսյանն է Օսկանյանից վախենալու, ու ոչ էլ Ռոբերտ Քոչարյանն է Օսկանյանի միջոցով վերցնելու խորհրդարանական մեծամասնությունը: Օսկանյանը պարզապես ներկայում սկսում է իր ճանապարհը 2013-ից հետո ընկած հնգամյակի համար, որտեղ հանդիսանալու է Ռոբերտ Քոչարյանի 2018 թվականի նախագահի թեկնածուն: Ընդ որում, Օսկանյանն այդպիսի թեկնածու էր դիտվում նաեւ 2007 թվականի խորհրդարանի ընտրությունից առաջ, երբ արտգործնախարար Օսկանյանը այդ ընտրությանը մոտ, բոլորի համար անսպասելիորեն սկսեց հանդես գալ ներքին իրավիճակի վերաբերյալ իր բավական հրատապ եւ կոնկրետ ելույթներով, առաջ քաշելով երկրորդ սերնդի բարեփոխումների խնդիրը եւ նույնիսկ հստակ արձանագրելով, որ դրանք «ցավոտ են լինելու էլիտայի համար», բայց դրանք անհրաժեշտ են պետությանը: Արտգործնախարարի այդ ելույթներից հետո սկսեցին ակտիվորեն շրջանառվել նրա նախագահական հավակնության մասին խոսակցությունները: Իսկ դա այն ժամանակ էր, երբ շռնդալից խորհրդարանական արշավ էր սկսել ԲՀԿ-ն, եւ Օսկանյանի նախագահական թեկնածությունը դիտարկվում էր հենց այդ համատեքստում՝ ԲՀԿ-ն վերցնում էր մեծամասնություն խորհրդարանում, Ռոբերտ Քոչարյանը դառնում էր վարչապետ, իսկ Վարդան Օսկանյանը առաջադրվում էր 2008 թվականի իշխանության թեկնածու՝ Սերժ Սարգսյանի փոխարեն: Բայց, Վարդան Օսկանյանն ինչպես որ բուռն սկսել էր ներքին կյանքին առնչվող իր գրեթե ծրագրային ելույթները, այդպես էլ կտրուկ արգելակեց դրանք դեռ մինչեւ 2007 թվականի խորհրդարանի ընտրություն: Իսկ բուն ընտրության արդյունքը հայտնի է, ինչպես որ հայտնի է, թե ինչպես Ռոբերտ Քոչարյանը գնաց ՀՀԿ գրասենյակ Սերժ Սարգսյանին շնորհավորելու: Իշխանության մեջ 2018-ի ճանապարհը թերեւս վաղուց սկսել է Տիգրան Սարգսյանը, ով հատկապես վերջին շրջանում գրեթե նույն ծրագրային ոգով ակտիվ ելույթներ է ունենում եվրոպական լսարանի առաջ: Ընդ որում, այդ պարագայում բավական դժվար է ասել՝ ավելի շատ Սերժ Սարգսյանի «հուշումով», թե Սարգսյանին են «հուշել», որ 2018-ի ժառանգորդի հարցում Տիգրան Սարգսյանն է ամենահարմար եւ ընդունելի թեկնածուն իշխանության ճամբարից: Ավելին, միգուցե պատահական չէ, որ Սարգսյանի այսպես ասած ներիշխանական ընդդիմության գլխավոր թիրախը ոչ այնքան անձամբ հենց ինքը Սարգսյանն է , որքան Տիգրան Սարգսյանը: Այստեղ թերեւս ոչ այնքան վճռորոշ է նրա վարչապետության հանգամանքը, որքան հենց պոտենցիալ ժառանգորդության: Այդպիսով, ըստ երեւույթին, Հայաստանում սկսել է ուրվագծվել 2018 թվականի նախագահի ընտրության արշավը՝ Լեւոն Զուրաբյան, Վարդան Օսկանյան, Տիգրան Սարգսյան: Դա «երեք նախագահների» եռանկյունին չէ, բայց կարծես թե երեք նախագահների «գծած» եռանկյունին է: Թե ինչով կտարբերվի այդ եռանկյունին «օրիգինալից», արդեն այլ դիտարկման հարց է: Իսկ գլխավոր հարցն այն է, թե հասարակությունն ինչպես կընդունի այդ եռանկյունին եւ ինչ միջամտություն կցուցաբերի երեք նախագահների ծրագրերին: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: