Tuesday, January 31, 2012

Ֆրանսիային միջնորդական առաքելությունից զրկելը Մինսկի խմբի գործն է. ԵՄ

Tert.am. 31-1-2012- «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմից Ֆրանսիայի հետկանչի հարցը միայն այս կառույցի որոշելիք հարցն է»: Ինչպես հաղորդում է ադրբեջանական 1news.az-ը, այս մասին լրագրողներին հայտնել է Բաքվում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Ռոլան Կոբիան` անդրադառնալով ադրբեջանական ու թուրքական հանրությունների` Ֆրանսիային ՄԽ համանախագահությունից զրկելու առաջարկին: «Իմ կարծիքով` վերջին օրերին նման առաջարկներն ու հայտարարությունները հեռուն են գնացել: Ես չեմ գտնում, որ դա ճիշտ է և իրականությունն է արտացոլում»,- ասել է նա: Կոբիայի խոսքով` այդ որոշումն ընդունվել է ազգային մակարդակով, «իսկ Եվրամիությունը չունի լիազորություններ միջամտել ազգային որոշումներին»: «Անկասկած, սա շատ լուրջ քայլ է: Ոմանք դրան դրական են գնահատում, ոմանք` բացասական, սակայն Եվրամիությունը չի կարող միջամտել այդ որոշումներին»,- ընդգծել է Կոբիան: Ադրբեջանին ու Թուրքիային «զայրացրել» է Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը: Մինսկի խումբը համանախագահում են Ֆրանսիան, Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը:

No comments: