Sunday, January 15, 2012

Մոսկվան արդեն թե՞րթ է փակում Հայաստանում

«Լրագիր» 14-1-2012- Ռուսաստանի Դաշնության իշխանությունների ջանքերով ռուսալեզու «Երրորդ Ուժ պլյուս» (ԵՈՒՊ) թերթը, որը Հայաստանում լույս է տեսնում արդեն 4 տարի, հայտնվել է փակման վտանգի առաջ: Ռուսաստանյան պաշտոնյա Վադիմ Պոզդիշևը, որը ներկայանում է որպես Պուտինի քաղտեխնոլոգների խմբի անդամ և ՌԴ Դաշնային Խորհրդի աշխատակից, յուրացրել է թերթի դրամական բոլոր միջոցները, որոնք պահվում էին Մոսկվայի բանկերից մեկում: ԵՈՒՊ խմբագրության հետ պայմանավորվածության համաձայն` Պոզդիշևը վերահսկում էր այդ միջոցները և պետք է օժանդակեր թերթը նաև ՌԴ տարածքում տարածելու գործին: Սակայն որոշ ժամանակ անց նա հայտարարեց թերթի ղեկավարությանը, թե պարբերականի գաղափարական ուղղվածությունը չի բավարարում ՌԴ իշխանություններին, ինչից հետո Մոսկվայի բանկային հաշվից սրընթաց կերպով անհետացան հայկական թերթի ֆինանսական բոլոր միջոցները: Ըստ Պոզդիշևի, Ռուսաստանի իշխանությունների դժգոհությունը որոշ հանգամանքներ են հարուցել: Օրինակ, ԵՈՒՊ-ի էջերում Ղարաբաղի հարցում ԼՂՀ-ի, Հայաստանի իշխանությունների և ընդդիմության դիրքորոշումների լուսաբանումը (ռուսաստանյան պաշտոնյայի պնդմամբ, մոսկովյան որոշ կառույցներում այս նյութերը որակվել են որպես «ազգայնական», թեև դրանք միանգամայն անաչառ կերպով պարզապես պատմել են ԼՂ հարցում ՀՀ ժողովրդի և իշխանությունների ունեցած դիրքորոշման մասին): Դժգոհություն է առաջացրել նաև այն, որ ԵՈՒՊ-ի աշխատախմբում աշխատում են հրեա և ադրբեջանցի լրագրողներ (չնայած ռուս պաշտոնյայի ցանկությանը, ԵՈՒՊ-ի խմբագիրը շարունակեց համագործակցությունը նրանց հետ): Վ.Պոզդիշևին զայրացրել էր նաև այն, որ ֆրանսիական Լը Մոնդ դիպլոմատիկ թերթը` ԵՈՒՊ-ի մշտական գործընկերը, հայկական պարբերականի էջերում հրապարակում է միջազգային քաղաքականության որոշ հարցերի վերաբերյալ Ֆրանսիայի և արևմտյան մի շարք երկրների դիրքորոշումը (դիրքորոշում, որի մեջ ռուսատյացության ակնարկ անգամ չկար): Իրավիճակը չմեղմեց անգամ այն փաստը, որ ԵՈՒՊ-ը հավասար չափով և անգամ չափից ավելի լուսաբանում էր նաև ՌԴ-ի դիրքորոշումը նրան հետաքրքրող խնդիրների նկատմամբ: Գոյություն ունեն ևս մի շարք այլ, ամոթալի հանգամանքներ, որոնք Երրորդ Ուժ Պլյուսը չի բարձրաձայնի` բացառապես ՌԴ և նրա իշխանությունների հանդեպ հարգանքից ելնելով: Ռուս պաշտոնյայի կողմից թերթի խնայողությունների գողության առթիվ ԵՈՒՊ-ի ստեղծագործական կոլեկտիվի ներկայացուցիչները աշխարհի տարբեր երկրներից դիմել են ՌԴ վարչապետ Վ.Վ. Պուտինին: Նրանց թվում են պրոֆեսիոնալ լրագրողներ Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Իրանից, Իսրայելից, Չեխիայից, Աբխազիայից և Լեռնային Ղարաբաղից: Նրանք, մասնավորապես, ՌԴ վարչապետի ուշադրությունն են հրավիրել թերթի միջոցների աննախադեպ յուրացման փաստի վրա` խնդրելով վերջինիս միջամտել և օգնել վերականգնել արդարությունն այս հարցում: Համանման կոչով ԵՈՒՊ-ի ղեկավարությունը դիմել է նաև ՌԴ նախագահ Դ.Ա. Մեդվեդևին: 2011 թ. օգոստոսի 1-ին թերթի խմբագրությունը գրավոր ծանուցում էր ստացել Կրեմլից, որով տեղեկացվում էր, որ գործն ուղարկված է ՌԴ իրավապահ մարմինների քննարկմանը: Նշենք, որ ԵՈՒՊ-ի դրամական միջոցների հափշտակման փաստի քննությամբ գրեթե երեք ամիս «զբաղվում էր» ՌԴ ՆԳՆ-ն, որը, ծանր մտորումներից հետո, 2011 թ. հոկտեմբերի 28-ին որոշեց գործն ուղարկել ՌԴ ԱԴԾ (ФСБ), մեջբերում ենք` «հատուկ կարևորություն ներկայացնելու պատճառով»: Այժմ թերթի նկատմամբ կատարված հանցագործության հետաքննությամբ արդեն երրորդ ամիսն է «զբաղվում է» ՌԴ ԱԴԾՎ Մոսկվայի և Մոսկվայի մարզի Հարավային ՎՇ-ի բաժինը: Ըստ որոշ տվյալների, այս գործի պատասխանատուն հիշյալ բաժնի պետի տեղակալ, ոմն Սերգեյ Վլադիսլավովիչն է (ԱԴԾ-ն կտրականապես հրաժարվում է լրագրողներին հայտնել այս տեղակալի ազգանունը և կոչումը: Սակայն հայտնի է նրա ծառայողական հեռախոսահամարը` (495) 675-20-40 և այս գերատեսչության հերթապահի հեռախոսահամարը (495) 675-38-22): Ուշագրավ մի մանրամասնություն. որոշ տվյալների համաձայն` ՌԴ իշխանությունները «ներքին» հետաքննություն են անցկացրել, համոզվել են թերթի կոլեկտիվի ճշմարտացիության մեջ և գողության համար Վ.Պոզդիշևին հեռացրել են պետական ծառայությունից, սակայն դրամը լրագրողներին վերադարձնել չեն շտապում: Հարկ է նշել, որ նշված հանցագործության պաշտոնական «հետաքննությունը» տարվում է, մեղմ ասած, միանգամայն տարօրինակ կերպով: 5 ամսվա ընթացքում Ռուսաստանի ոչ ՆԳՆ և ոչ էլ ԱԴԾ ներկայացուցիչները հանցագործության փաստի առնչությամբ ոչ մի անգամ չեն հարցաքննել թերթի ղեկավարներին: Ըստ ամենայնի` ՌԴ-ի իրավապահները կարգադրություն են ստացել հնարավորին չափ երկարաձգել գործընթացը` հույս ունենալով, որ ՙԵՈՒՊ՚-ի կոլեկտիվը կհոգնի և կհրաժարվի իր արդարացի պահանջներից: Ինքնին հասկանալի է, որ թերթի ինտերնացիոնալ կոլեկտիվը չի հաշտվի նման հաշվարկների հետ և շարունակելու է սեփական միջոցները վերադարձնելուն ուղղված պայքարը: «Երրորդ Ուժ Պլյուսի» կոլեկտիվն արդեն վեց ամիս տոկունության և ինքնատիրապետման հրաշքներ է ցուցադրում, սակայն համբերությունն էլ սահման ունի, նույնիսկ լրագրողների համբերությունը: Նշենք նաև, որ ԵՈՒՊ-ի խմբագրությունն իր տրամադրության տակ թերթի դրամական միջոցների գողության մեջ Վադիմ Պոզդիշևի ունեցած մեղքի անհերքելի ապացույցներ ունի: Այդ ապացույցների մի մասն արդեն տրամադրվել է ՌԴ իրավապահ մարմիններին: Այս գործում արդարությունը վերականգնելուց հրաժարվելու դեպքում Երրորդ Ուժ Պլյուսի խմբագրությունը կհրապարակի այդ ապացույցները: ՙԵՈՒՊ՚-ի ինտերնացիոնալ կոլեկտիվին միայն մի հարց է հետաքրքրում. Վլադիմիր Պուտինը գիտի՞ այս ամոթալի գործի մասին, թե՞ ռուսաստանյան հայտնի կառույցների պաշտոնյաները, ինչպես և խոստացել էին մեզ, «ուղեփակել են» ՌԴ վարչապետին հասցեագրված մեր նամակը: Իրինա ՄԱՐՈՒԹՅԱՆ, ԵՈՒՊ-ի գլխավոր խմբագրի տեղակալ, թերթի ամբողջ կոլեկտիվի անունից Տեղեկանք. Երրորդ Ուժ Պլյուսը Հայաստանում հրատարակվում է 2007 թ. հոկտեմբերի 5-ից: Չի ներկայացնում հանրապետության քաղաքական ուժերից և ոչ մեկին: Օբյեկտիվ պատճառներով լիարժեք կերպով գործում է 3-ից պակաս տարի: Աշխատելով Հայաստանի ծանրագույն պայմաններում և զրկված լինելով պետական կառույցների կամ ընդդիմադիր ուժերի որևէ աջակցությունից` ՙԵՈՒՊ՚-ը կարճ ժամանակահատվածում աշխարհի տարբեր երկրներում թղթակիցների ընդարձակ ցանց ստեղծեց: Թերթն իր հատուկ թղթակիցներն ունի ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հունգարիայում, Չեխիայում, Նոր Զելանդիայում, Իրանում, Սիրիայում, Լիբանանում, Իսրայելում, Վրաստանում, Ադրբեջանում, Աբխազիայում, Հարավային Օսիայում, Լեռնային Ղարաբաղում: Հնարավոր է ընդարձակել այս ցանցը` դրա մեջ ընդգրկելով Անգլիայի, Հունաստանի, Ավստրալիայի, Լատինական Ամերիկայի երկրների (մասնավորապես` Արգենտինայի, Ուրուգվայի, Բրազիլիայի) հատուկ թղթակիցներին: Նշված ժամնակամիջոցում պարբերականն այնպիսի լուրջ հաջողությունների է հասել, որ նրա հետ բացառիկ ձևով սկսել են համագործակցել միջազգային հեղինակավոր կազմակերպություններ, նախագահների աշխատակազմեր, բազմաթիվ պետությունների ԱԳՆ-եր և դեսպանատներ, ազդեցիկ քաղաքական գործիչներ, աշխարհի տասնյակ երկրների փորձագիտական ընկերակցության ներկայացուցիչներ, մշակույթի աշխարհահռչակ գործիչներ: Երրորդ Ուժ Պլյուսի հետ համագործակցության պայմանագիր է կնքել ֆրանսիական ազդեցիկ Լը Մոնդ դիպլոմատիկ թերթը, որը ներկայացված է ավելի քան 50 երկրներում աշխարհի 26 լեզուներով: Սկզբնական շրջանում ԵՈՒՊ-ի տպաքնակը 2000 օրինակ էր, չնայած հայախոս Երևանի կրպակներում ռուսալեզու ամսաթերթը լիովին սպառվում էր 5-7 օրվա ընթացքում: Փորձագետների վկայությամբ, տպաքանակը 6-10 հազար օրինակի հասցնելու շտապ անհրաժեշտություն կա: ՀՀ պայմաններում և հաշվի առնելով ԵՈՒՊ-ի հրատարակման ժամկետները` սա աննախադեպ թիվ է: Համեմատության համար նշենք, որ Հայաստանում 15-20-ամյա կենսագրություն ունեցող և պետական հզոր աջակցություն վայելող իշխանամետ թերթերի տպաքանակը 3-5 հազար օրինակ է: Դիտորդների կարծիքով, թերթի հանրաճանաչությանը նպաստում է երկու գործոն. 1. Գործնականում Հայաստանում առանց բացառության բոլոր թերթերը պատկանում են կամ իշխանություններին կամ ընդդիմությանը և համապատասխանաբար չեն լուսաբանում իրենց ընդդիմախոսների գործունեությունը և դիրքորոշումը կամ էլ ներկայացնում են խիստ բացասական ձևով: ԵՈՒՊ-ը միակ հայկական թերթն է, որի հետևում կանգնած չէ որևէ քաղաքական կամ այլ կազմակերպություն և նրանում անաչառ կերպով միանման ձևով ներկայացված են քաղաքական բոլոր ուժերի կարծիքները, ընդ որում հիմնականում բոլոր կուսակցությունների ղեկավարների կարծիքները: 2. Հայկական թերթերի 99 %-ը թղթակիցներ չունեն անգամ Լեռնային Ղարաբաղում, մինչդեռ ԵՈՒՊ-ը հատուկ թղթակից ունի նաև ՀՀ-ի հետ պատերազմող Ադրբեջանում:

No comments: