«Լրագիր» 13-1-2012- Հետաքրքիր պատկեր է, երբ երկրի նախագահը շրջում է ձեռնարկություններով ու ջերմոցներով, իսկ նրա հետեւից շրջում են նախարարներն ու այլ պաշտոնյաներ: Երկրում պետական կառավարման համակարգի անարդյունավետության առավել խոսուն արտահայտություն պարզապես դժվար է գտնել: Ընդ որում, արդեն բացարձակապես կապ չունի, թե նախագահի այցն ինչ արդյունք է տալիս կոնկրետ եւ գլոբալ առումով: Եթե երկրում ինչ որ բան շարժվում է նախագահի ջերմոցներ կամ մի քանի տասնյակ աշխատատեղ ունեցող գործարան-արտադրամասեր այցելելու շնորհիվ, ապա վայ այդ երկրին, որովհետեւ պարզ հարց է առաջանում, թե իսկ ինչով են զբաղվում պետական փողով սնվող հարյուրավոր այլ պաշտոնյաները:
Արդյունավետ կառավարման համակարգն այն է, երբ երկրում ջերմոցները բացվում են կամ փակվում առանց նախագահի, երբ հիսուն, հարյուր կամ թեկուզ հազար աշխատատեղ ստեղծելը չի դառնում նախագահական մակարդակի իրադարձություն:
Սերժ Սարգսյանն այցելել է Արմավիրի մարզ եւ անցել տեղի ձեռնարկություններով ու ջերմոցներով: Ինչ կլիներ այդ ձեռնարկությունների եւ ջերմոցների վիճակը, եթե Սերժ Սարգսյանը չանցներ:
Դրանք վա՞տ կաշխատեին, թե չէին աշխատի ընդհանրապես: Իսկ գուցե դրանցում աճող բնամթերքը, ծաղիկը կամ էլ քամվող հյութը լավը չէր լինի, եթե նախագահը չանցներ:
Թե անցնելը ոչ թե ջերմոցին, ծառին ու ծաղկին է պետք, այլ Սերժ Սարգսյանին, որպեսզի հետո՝ երեկոյան, բոլոր հեռուստաընկերությունները ցուցադրեն, թե նախագահն ինչպես է մտածում ամեն մի ծառի ու ծաղկի մասին, թե նախագահն ինչպես է հոգատարությամբ աշխատում բոլորի համար: Բայց չէ որ բոլորն էլ գիտեն, որ նախագահը բոլորի համար չէ, որ այդպես է աշխատում: Օրինակ, նախագահը երեւի թե տեղյակ էլ չի լինում, երբ որեւէ փոքր արտադրամաս ենթարկվում է հարկային կամ մաքսային կառույցների կամայականությանը, կամ երբ մի որեւէ գործարար ենթարկվում է որեւէ օլիգարխի կամայականության: Կամ, եթե տեղյակ էլ լինում է, ապա երբեք չի այցելում, ասենք այն պահին, երբ այդ ձեռնարկատիրոջն է այցելում մի որեւէ հանդուգն տեսուչ կամ մի որեւէ օլիգարխի «հատուկ նշանակության» մի ջոկատ, որպեսզի ցուցում տա գործարարին, թե ինչով է պետք յոլա գնալ եւ թե ինչի մեջ պետք չէ գործարար հմտություններ փորձել:
Չէ որ բոլորն էլ գիտեն, որ նախագահն օրինակ չի այցելում այն կրպակներ ու փոքր խանութներ, որոնք փակվում են ասենք կամ Երեւանի տեսքի մասին ինչ որ քաղաքապետի պատկերացումների պատճառով, կամ էլ ինչ որ օլիգարխի նորաբաց սուպերմարկետի առեւտուրը խթանելու համար:
Չէ որ նախագահը չի այցելում այն գյուղացիների տներ, որոնք վարկ են վերցրել գյուղատնտեսությամբ զբաղվելու համար, բայց գյուղերում թափ հավաքող խոշոր ներդրումների պատճառով գյուղատնտեսությամբ զբաղվելը նրանց համար կտրուկ դարձել է ոչ ձեռնտու:
Մինչդեռ շատ դժվար է ասել, թե ինչն է կազմում մեր երկրի, մեր պետության բիզնես-միջավայրի նկարագիրը՝ ծառ ու ծաղկի նորաբաց ջերմոցները, տասը, քսան, հիսուն կամ հազար աշխատատեղերը, թե վարկի ծանրության տակ կքված հազարավոր գյուղացիները, փակված կամ մի կերպ յոլա գնացող հազարավոր մանր ու միջին ձեռնարկատերերը, սնկի պես բազմացող սուպերմարկետների «տակ» մնացող հարյուրավոր խանութներն ու կրպակները:
Ինչու է նախագահը «մի» պետություն այցելում, իսկ «մյուս» պետությանը մնում անհաղորդ:
Իսկ ինչու է պետությունը բաժանված «մեկի» եւ «մյուսի»: Գուցե այն պատճառով, որ նախագահն աշխատանք ցուցադրելու այլ առարկայական տեղ եւ արդյունք չունի, քան ջերմոցների եւ գործարան-արտադրամասերի բացումը:
Գուցե պետք է, որ նախագահը ոչ մի տեղ էլ չգնա, այլ լինի իր տեղում եւ ձեւավորի կառավարման արդյունավետ բուրգ, երբ պետք եղած տեղերը կգնան եւ հարկ եղածը կանեն այն պաշտոնյաները, որոնք միլիոններ եւ միլիարդներ են արժենում պետական բյուջեի վրա՝ իրենց ծառայական մեքենաներով, իրենց ներկայացուցչական ծախսերով, իրենց տնով- տեղով:
Միգուցե այդ դեպքում երկրում կլինեն նաեւ իրապես նախագահական մակարդակի իրադարձություններ, երբ նախագահը կարող է իսկապես համարժեք մասնակցություն ունենալ եւ ցույց տալ համարժեք աշխատանքային արդյունք:
Այլապես, հայտարարվում է գրանդիոզ ճանապարհային, էներգետիկ, տնտեսա-քաղաքական ծրագրերի եւ նախաձեռնությունների մասին, իսկ հանրությանը ցուցադրվում են ջերմոցային այցեր, թողնելով ջերմոցային պետության տպավորություն:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Sunday, January 15, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment