Sunday, January 15, 2012

Իրանի նախագահն ավարտել է իր լատինամերկյան շրջագայությունը

Tert.am., 14-1-2012- Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Էկվադորում եզրափակել է Լատինական Ամերիկայում իր շրջագայությունը: 5 օր տևած այցի շրջանակներում Ահմադինեժադը եղել է նաև Վենեսուելայում, Նիկարագուայում, Կուբայում: Այցի այս կետում նախագահի ուղևորությունը նշանավորվել է կոշտ հայտարարություններով, որոնք ուղղված են եղել Իրանի դեմ միջազգային աճող ճնշման չեզոքացմանը: Իր հայտարարություններից մեկում Իրանի նախագահը մասնավորապես ասել է հետևյալը. “Իրանի դեմ էմբարգոները և պատժամիջոցները ոչ մի արդյունք չունեցան”: Պատասխանելով մեկ այլ հարցի նախագահն ասել է, թե Իրանի ժողովուրդը պատրաստ է տոկուն լինել և արժանի պատասխան տալ ամերիկացիներին, որ ուզում են անհանգստացնել, վնասել և հարվածել Իրանի ժողովրդին: Այցի ընթացքում բոլոր հնարավոր դեպքերում Իրանի նախագահը շեշտել է, թե իր երկիրը միջուկային զենքեր պատրաստելու ոչ մի մտադրություն չունի: “Միջուկային խնդիրը քաղաքական արդարացում է”, - հայտարարել է նա: Ահմադինեժադին պաշտպանելով` նրա էկվադորցի գործընկերը` Ռաֆայել Կորրեան, հայտնել է, թե միջուկային զենքի ծրագրի առիթով ամերիկյան հայտարարությունները “թղթե” են: Կորրեան ավելացրել է. “Ինչպե՞ս կարելի է վերաբերել այդ պնդումներին: Մի՞թե նույնը չէր, որ կատարվեց Իրաքում, ինչը ներխուժման պատճառ դարձավ և մեկ միլիոն կյանք արժեցավ: Ինչպե՞ս կարող ենք պատմությունից, այն էլ` վերջին շրջանի թարմ պատմությունից դասեր չքաղել”: Ահմադինեժադի այս այցը համարվում է ոչ միայն աճող միջազգային ճնշման պայմաններում խուսանավելու, այլև նոր շուկաներ գտնելու փորձ` այն պարագայում, երբ ԵՄ-ն ակնհայտորեն իրանական նավթի դեմ էմբարգոյի տրամադրություն է ցուցաբերում:

No comments: