Panorama.am. 31-1-2012- Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու դեպքում կշահի երեք պետություն` Չինաստան, Ռուսաստան, Սաուդյան Արաբիա: Ասուլիսում նման տեսակետ հայտնեց Պատմական գիտությունների թեկնածու, իրանագետ Գոհար Իսկանդարյանը, ապա մանրամասնեց` ինչո՞ւ. Սաուդյան Արաբիան կմեծացնի նավթի արտադրությունը, սակայն Իրանը ծանր նավթ է արտահանում Եվրոպա, որը որակական առումով տարբերվում է Սաուդյան Արաբիայի արտահանած նավթից: Որակական առումով նման նավթ ունի Ռուսաստանը, հետևաբար ՌԴ-ն կավելացնի նավթի արտահանումը Եվրոպական երկրներ, կբարձրացնի գինը: Չինաստանը հայտարարել է, որ կշարունակի գնել իրանական նավթ, հետևաբար, մնալով միակ գնորդը, կպահանջի Իրանից, որ իջեցնի գինը: «Այսինքն` երեք պետությունները կարող են շահել: Սակայն հիմնականում այն պետություններն են, հատկապես վերջին երկուսը, որ դեմ են արտահայտվում Իրանի նկատմամբ խիստ պատժամիջոցներ կիրառելուն»,- ասաց իրանագետը:
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ԵՄ 27 երկրների արտաքին գործերի նախարարները Բրյուսելում հաստատել են իրանական նավթի նկատմամբ արգելք մտցնելու մասին որոշումը: Ենթադրվում էր, որ հուլիսի 1-ից Թեհրանից նավթ գնող Եվրամիության բոլոր անդամները պետք է լիովին դադարեցնեն ներմուծումը: Իրանն էլ իր հերթին բազմիցս սպառնացել էր, որ եթե Եվրամիությունը որոշի, այնուամենայնիվ, պատժամիջոցներ սահմանել իրանական նավթի հանդեպ, ապա Թեհրանը կփակի Պարսից և Օմանի ծոցերը միացնող Հորմուզի նեղուցը, որով կատարվում է համաշխարհային մատակարարումների մոտ 40%-ը:
Ասուլիսին ներկա արաբագետ, Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը խոսելով տարածաշրջանային մեկ այլ պետության` Սիրիայի մասին, նախ ասաց, որ այն, ինչ կատարվում է Սիրիայում, փոխկապակցված է Իրանի դեպքերի հետ, այսինքն` ցանկանում են Սիրիան դուրս բերել իրանական ազդեցությունից, ապա նշեց, որ ամեն ինչ պարզ կդառնա այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կայացրած որոշումից հետո: Անվտանգության խորհրդի նիստում ելույթ է ունենալու Հիլարի Քլինթոնը` կոչ անելով կողմ քվեարկել բանաձևին, ըստ որի` Սիրիայի նախագահը հրաժարական է տալիս, իշխանությունը անցնում է փոխնախագահին: Սիրիան դեմ է արտահայտվել` հայտարարելով, որ բարեփոխումների ուղին արդեն սկսվել է, նախագահը հայտարարել է, որ մարտին կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ, որտեղ ընդդիմությունը կունենա ծանրակշիռ տեղ:
«Սիրիայում կհաղթի այն ուժը, ում տնտեսական միջոցները կլինեն շատ: Սաուդյան Արաբիան միլիոնավոր գումարներ է ծախսում` սիրիական ընդդիմությանը միշտ սթափ պահելու համար, Իրանն էլ` այսօրվա իշխանությանը պահելու համար: Ով ավելի շատ քաղաքական, ռազմական աջակցության հնարավարություն կունենա, նա էլ կհաղթի»,- ասաց Ս. Մանուկյանը:
Գ. Իսկանդարյանն էլ համաձայնեց արաբագետի հետ, նշելով, որ Իրանը աջակցում է սիրիական վարչակարգին ներքին կարգով, բայց եթե հասնի բացահայատ աջակցության, չի գործի:
Ինչ վերաբերում է Սիրիայում ու Իրանում գործող հայկական համայնքներին, բանախոսներն ասացին, որ արդեն սկսվել է արտահոսք, բայց գագաթնակետին կհասնի այն ժամանակ, երբ սկսվեն պատերազմական գործողություններ: «Երկու պետություններում էլ հայկական համայնքները հարգված են, լավ են զգում հայերը իրենց այդ երկրներում: Ինչքան կայուն լինեն այդ պետությունները, այնքան հայ համայնքն ավելի լավ կզգա իրեն»,- ասաց Ս. Մանուկյանը, հավելելով, որ Իրանում հնարավոր պատերազմը աղետալի կլինի նաև Հայաստանի համար:
Tuesday, January 31, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment