Tuesday, January 17, 2012

Թուրքիայում Դինքի գործով վճռական դատից առաջ պարզել են «Բոլորս հայ ենք» պաստառը

News.am. 17-1-2012- Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական նիստից առաջ դատարանի դիմաց են հավաքվել «Հրանտի ընկերները»՝ պահանջելով արդար դատավարություն։ Հավաքվածներն իրենց անհանգստություններն են հայտնել, որ սպասվում է, թե այսօր՝ հունվարի 17-ի դատական նիստին կարող է Դինքի սպանության գործով վճիռ կայացվի։ Դինքի սպանության բացահայտմանն ուղղված կոչերով են հանդես եկել Թուրքիայի «Ժողովրդի ձայն» (HAS) կուսակցության փոխնախագահ Մեհմեդ Բեքարօղլուն, «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Սըրրը Սուրեյե Օնդերը եւ այլոք։ Հավաքվածները պարզել են՝ «Հրանտի համար, արդարության համար», «Բոլորս Հրատն ենք» «Բոլորս հայ ենք» կարգախոսները։ Նշենք, որ ավելի վաղ թուրքական մամուլում նշվել էր, թե Հրանտ Դինքի սպանության գործով դատավճիռը սպասվում է հունվարի 17-ին։ Դինքի փաստաբաններից Արզու Բեջերիքը շեշտել է, թե եթե այսկերպ ավարտվի դատը, այն կլինի խիստ թերի, քանի որ հեռահաղորդակցության վարչության կողմից ուղարկված հեռախոսային ձայնագրությունները պատշաճ չեն ուսումնասիրվել, մի շարք անձիք չեն ներառվել դատական գործընթացին։

No comments: