Tuesday, January 17, 2012

Իրանի նախագահը հրահանգել է ուժեղացնել միջուկաբանների պաշտպանությունը

News.am. 17-1-2011- Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը կարգադրել է ուժեղացնել միջուկային հետազոտություններով զբաղվող գիտնականների պաշտպանությունը: Դրա պատճառ է հանդիսացել հունվարի 11-ին Թեհրանում գիտնական-միջուկաբան Մոսթաֆա Ահմադի սպանությունը, հաղորդում է իրանական ԻՍՆԱ-ն: Ըստ ԻԻՀ առաջին փոխնախագահ Մոհամմեդ Ռեզի Ռահիմիի` «հրահանգվել է ուժեղացնել միջուկային հատվածում աշխատող բոլոր գիտնականների պաշտպանությունը»: Ավելի վաղ Իրանի մեջլիսի ներկայացուցիչ Ալի Լարիջանին հայտնել էր, որ ձերբակալվել են մի քանի մարդ, ովքեր կասկածվում էին 32-ամյա Մոսթաֆա Ահմադ Ռոշանի սպանության մեջ: Լարիջանին նշել էր, որ Նաթանզ միջուկային կենտրոնի աշխատակցի սպանությունից հետո պարտադիր կհետեւի պատասխանը, հաղորդում է «Վեստի» հեռուստաալիքը: Նաթանզ միջուկային կենտրոնի աշխատակից 32 ամյա Մոսթաֆա Ահմադ Ռոշանը հունվարի 11-իn ահաբեկչության զոհ է դարձել: Մոտոցիկլներով 2 անհայտ անձինք նրա ավտոմեքենայի մեջ են նետել պայթուցիկ սարք: Ըստ մյուս վարկածի` մագնիսի վրա տեղադրված ականն ամրացված է եղել մեքենայի դռանը: Պայթյունի հետեւանքով գիտնականը մահացել է, նրա վարորդը եւս ստացված վնասվածքների հետեւանքով մի քանի ժամ անց մահացել է հիվանդանոցում: Անցյալ 2 տարվա ընթացքում Թեհրանում նմանատիպ մի քանի ահաբեկչություններ են տեղի ունեցել, որոնց զոհ են դարձել միջուկային տեխնոլոգիաների ոլորտում աշխատող 3 գիտնականներ:

No comments: