Thursday, January 12, 2012

Փարիզում Թուրքիայի դեսպանը հանդիպել է սոցիալիստ սենատորների հետ

Panorama.am. 12-1-2012- Ֆրանսիայի սոցիալիստ սենատորները խորհրդարանական իրենց ժողովին հրավիրել են նաև Փարիզում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրջուօղլուին` Սենատում քննարկվելիք Ցեղասպանության բանաձևի վերաբերյալ Անկարայի դիրքորոշումը պարզաբանելու նպատակով: Այս մասին հայտնում է թուրքական «Cumhuriyet» առցանց օրաթերը: Թուրք դեսպանը ֆրանսիացի օրենսդիրներին ներկայացրել է ֆրանս-թուրքական հարաբերություններին սպառնացող վտանգը, եթե Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը հաստատվի Սենատի կողմից: Նա մասնավորապես նշել է, որ օրենքի հիշյալ նախագիծը հեղինակել և ներկայացրել է Ֆրանսիայում իշխող «Ժողովրդական շարժման միություն» կուսակցությունը` ելնելով նախընտրական հաշվարկներից: Եվ եթե սոցիալիստները հավանություն տան այդ բանաձևին, կնշանակի իբրև գործիք օգտագործվում են իշխանությունների կողմից: Թուրք դեսպանը սոցիալիստներին կոչ է արել չընդառաջել այդ բանաձևին և դրանով չփակել Ֆրանսիա-Թուրքիա հարաբերությունները բարելավելու այն հնարավոր դուռը, որը կարելի կլինի օգտագործել, եթե իշխանության գան սոցիալիստները: Սենատորներից մեկը հարցրել է, թե Թուրքիան որպես պատժամիջոց ինչ կարող է անել Ֆրանսիայի դեմ, Բուրջուօղլուն անստույգ պատասխանել է, որ մի շարք տարբերակներ կան, որոնցից և ոչ մեկը չի բացառվում: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը` Ազգային ժողովն ընդունել էր մի բանաձև, ըստ որի, Հայոց ցեղասպանության ժխտումը այդ երկրի տարածքում քրեորեն հետապնդելի է, նախատեսում է վարչական ու քրեական վարույթների հարուցում` 45.000 եվրո տուգանք և 1 տարի ազատազրկում: Հունվարի 23-ին այդ օրինագիծը պետք է քննարկվի նաև Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատում` Սենատում:

No comments: