Wednesday, January 11, 2012

ԱՄՆ–ի հայկական, քրդական, հունական համայնքներն Օբամային կոչ են անում Թուրքիայի նկատմամբ հետաքննություն անցկացնել

Tert.am. 11-1-2012- ԱՄՆ–ի հայկական, քրդական, հունական համայնքների ներկայացուցիչները նամակ են հղել ԱՄՆ Կոնգրեսին, որում անդրադարձել են 2011թ. դեկտեմբերի 28–ին թուրք–իրաքյան սահմանին տեղի ունեցած միջադեպին (միջադեպի հետևանքով 35 երիտասարդ քուրդ էր սպանվել, պաշտոնական Անկարան ավելի ուշ հայտարարեց, թե թյուրիմացություն է տեղի ունեցել. թուրք զինվորները, կարծելով, որ սահմանի մոտ հավաքվածներն ահաբեկիչներ են, կրակ են բացել նրանց ուղղությամբ)։ Ինչպես տեղեկանում ենք Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տարածած մամուլի հաղորդագրությունից, նրանք ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմից պահանջել են հետաքննություն անցկացնել և պարզել՝ արդյոք Թուրքիայի զինված ուժերն այդ հարձակման ժամանակ ամերիկյան արտադրության սպառազինություն են օգտագործել և այդպիսով խախտել ԱՄՆ–ի զենք-զինամթերքի վաճառքն ու օգտագործումը կարգավորելու մասին օրենքները (որոնք արգելում են խաղաղ բնակիչների դեմ օգտագործել մատակարարված սպառազինությունը)։ ԱՄՆ Կոնգրեսի՝ Պետքարտուղարության և Պենտագոնի նկատմամբ վերահսկողություն իրականցնող հանձնաժողովի ղեկավարներին ուղարկված նամակում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի, Ամերիկա-քրդական տեղեկատվական ցանցի, ԱՄՆ—ի հելենիստական ուսումնասիրությունների ինստիտուտի ներկայացուցիչները կոչ են անում Օբամայի վարչակազմից պահանջել հետաքննություն անցկացնել ԱՄՆժի արտահանման մասին օրենքի հնարավոր խախտումների առնչությամբ։ Համատեղ նամակում, մասնավորապես, նշվում է, որ ամերիկյան Associated Press գործակալությունը, բրիտանական The Economist, ամերիկյան Boston Globe պարբերականնները, Radio Free Europe ռադիոկայանը և այլ լրատվամիջոցներ հաղորդել են, որ հարձակումն իրականացվել է ամերիկյան արտադրության F-16–ի կործանիչներով։ «Հաշվի առնելով ամերիկյան սպառազինության հնարավոր օգտագործման մասին այդ հրապարակումները, հարձակման այդ մասնավոր դեպքի հետևանքով մարդկային վիթխարի կորուստները և զինանոցը քաղաքացիական անձանց դեմ օգտագործելու Թուրքիայի փորձը, մենք կոչ ենք անում խնդրել վարչակազմին՝ հետաքննելու այդ գործը»,–ասված է նամակում։

No comments: