Tuesday, January 17, 2012

Օլիգարխիան անցել է գետնի տակ

«Լրագիր» 17-1-2012- Թեղուտի անտառը վճարում է Հայաստանում տնտեսական եւ քաղաքական բարեփոխումների անկատարության համար: Ընդհանրապես, Հայաստանը բարեփոխումների անկատարության համար վճարում է իր ընդերքով, որը ներկայում հայտնվել է ինտենսիվ շահագործման փուլում: Կամ, ավելի ճիշտ, ընդերքը վճարում է գետնի վրա արձանագրված քսանամյա ձախողումների համար: Բանն այն է, որ դրա շահագործումը Հայաստանի համար ներկայում դարձել է կենսական անհրաժեշտություն, այլապես երկիրն ուղղակիորեն վերջնականապես հասել է իր ռեսուրսների նվազման կրիտիկական աստիճանին: Քրեաօլիգարխիկ կառուցվածքով տնտեսությունը սպառել է իրեն, եւ ներկայում պահանջվում են կամ հեղափոխական որոշումներ եւ բարեփոխումներ, կամ էլ գրոհ ընդերքի վրա: Ներկայում մենք ականատես ենք լինում հենց այդ գրոհին, երբ այսպես ասած գետնի երեսին իրենց տնտեսական գործունեության հեռանկարները սպառած օլիգարխներն ու նրանց հովանավոր իշխանությունը մնացել է գետնի տակի հույսին, այսինքն անցել է գետնի տակ եւ փորձում է դրա շնորհիվ պահել իր երկրային շքեղությունն ու իշխանությունը: Այդ ամենն իրագործվում է Հայաստանը պահելու անվան տակ, այսինքն իշխանությունն ու օլիգարխիան այդ ամենը ներկայացնում են իբրեւ Հայաստանի տնտեսության մեջ կատարվող ներդրումներ: Բայց ինքնին հասկանալի է, որ գլխավոր նպատակը սոցիալական կոլապսից եւ ապստամբությունից խուսափելն է, որովհետեւ եթե գլխավոր նպատակը լիներ երկրի տնտեսությունը, ապա այդ դեպքում գրոհը կլիներ ոչ թե ընդերքի, այլ գետնի երեսի եղածը սպառած օլիգարխիայի վրա՝ տնտեսական եւ քաղաքական դաշտն ազատականացնելու համար: Կամ, եթե օլիգարխիան էլ այդպես մտահոգ է երկրի տնտեսական հեռանկարով, ապա ոչ թե հանքերը իրենով կաներ, այլ կփորձեր տնտեսության մեջ նորարարական ներդրումներ կատարել, կրթական ոլորտում ներդրումներ, առողջապահական ոլորտում ներդրումներ, հիմնադրամներ ստեղծել, որոնք կարող են ռազմավարական հեռանկարային նախագծեր ֆինանսավորել, երիտասարդական տաղանդավոր ռեսուրսը գեներացնել: Այդ ամենի փոխարեն, մեջ-մեջ են արվում հանքերը, նաեւ ոչնչացվում է բնությունն ու սերունդների առողջության հեռանկարը: Մինչդեռ այդ հանքերը պետք է ծառայեին հենց այդ սերունդներին, այսինքն այդ հանքերից ստացվող շահույթներն ու գերշահույթներն էլ պետք է արագորեն ուղղվեին կրթական, առողջապահական, ինովացիոն նախագծերի գեներացմանը, մտքի գեներացմանը: Կա արդյոք այդպիսի բան: Իհարկե ոչ: Սերունդներին այդ հանքարդյունաբերությունից բաժին է հասնում միայն աշխատավարձ, միգուցե թոշակ եւ նպաստ, պետությանը մի քիչ հարկ, իսկ հանքատերերին՝ փող, իշխանություն, շարժական ու անշարժ շքեղ գույք: Դա է թերեւս իրավիճակը, եւ այստեղ է ամենամեծ վտանգը՝ որ հասնելով հատակին, Հայաստանի իշխող համակարգը մտածում է ոչ թե վեր բարձրանալու մասին, այլ ընդամենը սկսել է հուսահատորեն փորել, քերել հատակն էլ: Այդ ամենը բարեփոխումների, տնտեսական եւ քաղաքական դաշտի ազատականացման, մարդկային ստեղծագործական պոտենցիալի ազատության դաշտի ձեւավորման փոխարեն: Դրանք ելույթների համար են, որոնցով զբաղվում են շուրթերն ու լեզուն, այն ընթացքում, երբ ձեռքերը զբաղված են ոտքերի շոշափած հանքերը փորելով: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: