Thursday, January 12, 2012

Սերժ Սարգսյանը մի պատասխան ունի

«Լրագիր» 12-1-2012- Ակնհայտ է, որ խորհրդարանի ընտրությանը 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու ընդդիմադիր ուժերի քաղաքական պահանջին ի պատասխան, իշխանությունը՝ մասնավորապես Հանրապետական կուսակցությունը, չի կարողանում ներկայացնել համարժեք քաղաքական հակափաստարկ: Երբ ասվում է, թե մեծամասնական ընտրակարգն անհրաժեշտ է այսպես ասած ներկայացուցչականություն ապահովելու կամ ընտրողի եւ պատգամավորի կապը ամուր պահելու համար, տարածքների զարգացման հարց լուծելու համար, դա արդեն ոչ թե քաղաքական փաստարկ է, այլ պարզապես հուսահատ դիմադրություն: Նախ, ներկայացուցչականության ապահովման գլխավոր նախապայմանը ոչ թե մեծամասնական կամ համամասնական ընտրակարգն է, այլ օրինական ընտրությունը՝ երբ խորհրդարանում է հայտնվում այն ուժը, եւ այն չափով, որին եւ որչափ ընտրել է քաղաքացին: Երբ խորհրդարանում հայտնվելը կախված է բացառապես քաղաքացու քվեից, ապա համամասնական, թե մեծամասնական, միեւնույն է, խորհրդարանի ուժը ստիպված է լինելու ներկայացնել այդտեղ բացառապես քաղաքացուն, որ հաջորդ անգամ կրկին ստանա նրա քվեն: Ինչ վերաբերում է տարածքների զարգացմանը, ապա այստեղ նույնիսկ գործ ունենք պետական կառավարման համակարգի մասին կամ տարրական պատկերացումների բացակայության, կամ էլ պարզապես իրողությունների միտումնավոր ձեւախեղման հետ: Բանն այն է, որ տարածքային զարգացման համար թիվ մեկ պատասխանատուն ՏԻՄ համակարգն է, ոչ թե օրենսդիր մարմնի մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորը: Այդուհանդերձ, չնայած ընդդիմադիր ուժերի պահանջի հանդեպ իշխանության փաստարկային դատարկությանը, իշխող ուժն ունի ընդդիմությանը քիչ թե շատ համարժեքորեն պատասխանելու հնարավորություն, որը կարող է նաեւ համեմատաբար համոզիչ եւ լեգիտիմ պատասխան լինել հանրության համար: Խոսքն այս դեպքում իհարկե ավելի շատ անուղղակի պատասխանի մասին է: Ինչպես հայտնի է, մեծամասնականի կիրառման դեմ ընդդիմադիր ուժերի գլխավոր փաստարկն այն է, որ մեծամասնական ընտրակարգի պայմաններում իշխանության ճամբարից առաջադրվում են օլիգարխներ, խոշոր գործարարներ, որոնք այսպես ասած արդար ընտրվում են փող բաժանելու շնորհիվ: Միգուցե լինում է մեկ-երկու բացառություն, բայց դրանք ավելի շատ հենց հաստատում են կանոնը: Իշխանությունն ունի ընդդիմության այդ փաստարկին անուղղակի պատասխանելու հնարավորություն: Պարզապես անհրաժեշտ է, որ իշխանությունը մեծամասնական ընտրակարգով առաջադրի այսպես ասած քաղաքական թեկնածուներ, մեծամասնական տարածքում քաղաքական բանավեճի հրավիրելով նաեւ ընդդիմությանը: Հասկանալի է, որ իշխանության համար շատ դժվար կլինի ընտրել 41 քաղաքական դեմքեր, որոնք կկարողանան մեծամասնական ընտրակարգով հավուր պատշաճի ներկայացնել իր շահը եւ բանավիճել ընդդիմության կամ ընդդիմությունների հետ, բայց, դա քաղաքական դեմքը պահելու Հանրապետական կուսակցության թերեւս վերջին շանսն է: Ի դեպ, դա գուցե նաեւ լավ շանս է ԲՀԿ հետ հարաբերությունը պարզելու համար, այդ կուսակցությանը եւս պարտադրելով այսպես ասած քաղաքական մրցակցություն եւ բանավեճ՝ փող բաժանելու տիրույթից դուրս: Բանն այն է, որ խորհրդարանի ընտրությանը ՀՀԿ համար ընդդիմությունից ոչ պակաս ազդեցիկ մրցակից է լինելու ԲՀԿ-ն: Կբավականացնի արդյոք Հանրապետականի համարձակությունը խորհրդարանի ընտրությունը մեծամասնական ընտրակարգերում վերածել քաղաքական մրցակցության: Շատերը կասեն, որ եթե բավականացնելու լիներ, ապա ՀՀԿ-ն մեծամասնականները չէր պահի եւ կանցներ համամասնականի: Ու քանի որ Հանրապետականն առայժմ չի ներկայացրել մեծամասնականները պահելու օգտին որեւէ ռացիոնալ քաղաքական փաստարկ, ստացվում է որ կուսակցությունը մեծամասնականներն իսկապես պահում է որպես քաղաքական մրցակցության այլընտրանք: Այդ դեպքում ստացվում է, որ Սերժ Սարգսյանի ամանորյա ուղերձի խոսքը, թե ինքն անելու է հնարավորը, որպեսզի խորհրդարանի ընտրությունը չընկալվի որպես իշխանությունը վերցնելու պայքար, ոչ թե ուղերձ է բառի բուն իմաստով, այլ ավելի շատ կենաց, որ մոռացվում է “սեղանը հավաքելուց” հետո: Որովհետեւ, այդ ուղերձի անկեղծության լավագույն եւ թերեւս միակ վկայությունը կլիներ այն, որ Սերժ Սարգսյանն ու նրա կուսակցությունն իրենց իշխանական լծակներն ու հնարավորությունները ծառայեցնեին խորհրդարանի ընտրությունը քաղաքական մրցակցության վերածելու գործին: Միգուցե հնչի տարօրինակ, բայց քաղաքական մրցակցությունն այդ ընտրության ժամանակ գուցե ավելի կարեւոր է, քան այն արդարությունը, որ խոստանում է իշխանությունը: Որովհետեւ առանց քաղաքական մրցակցության, կարող է ստացվել, որ Հայաստանում իրավունքը ուժից է ծնվում, իսկ արդարությունն՝ էլ փողից: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: