Wednesday, February 1, 2012

Հայաստանում 2011թ-ին ծնելիությունը նվազել է. Կարինե Կույումջյան

2012թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը, ընթացիկ հաշվառմամբ, կազմել է 3.274.3 հազ. մարդ, այդ թվում քաղաքայինը` 2.096.0 հազ., իսկ գյուղականը` 1.178.3 հազ. մարդ, այս տվյալներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: Նա միաժամանակ նշեց, որ այս ցուցանիշները հիմնված են 2001թ. մարդահամարի տվյալների վրա: «2011թ-ի մարդահամարի ցուցանիշները դեռևս չունենք: Մինչև հուլիս ամիս մարդահամարից ստացված արդյունքները պետք է հավաքագրվեն, որից պետք է դրանք ամփոփել ու մշակել: Արդեն հոկտեմբեր ամսին մենք կունենանք առաջին ցուցանիշները»,- ասաց նա: Կույումջյանի փոխանցմամբ` 2011թ. հունվար-դեկտեմբերին հանրապետությունում արձանագրված բնակչության բնական հավելաճի և միգրացիայի մնացորդի ցուցանիշների ազդեցությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2011թ. տարեսկզբի նկատմամբ աճել է 11.7 հազազրով: Ծնվածների թիվը 2011թ. հունվար-դեկտեմբերին կազմել է 43.447, որը 2010թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 3.1%-ով: «Ծնելիության ընդհանուր գործակիցը, 1000 բնակչի հաշվով նվազել է, համապատասխանաբար` 0.5 պրոմիլային կետով և կազմել` 13.3%: Ես որպես ՀՀ քաղաքացի ցավ եմ ապրում այն բանի համար որ մեկ կնոջ ծնելիության գործակիցը Հայաստանում կազմում է 1.5, այսինքն վերարտադրություն չի կատարվում: Բայց դրական է այն, որ 2011թ-ին մեռելածնությունների թիվը նվազել է և գրանցվել 844 դեպք, 2010թ-ի 851-ի համեմատ»,-ասաց նա: Անցած տարվա ընթացքում 43.447 ծնվածներից 23.160-ը տղաներն են, իսկ 20287-ը` աղջիկները: 2011թ-ին աղջիկների ամենամոդայիկ անուններն են համարվել «Մանե»-ն, «Մելինե»-ն «Մարի»-ն, «Էլեն»-ը և «Նարե»-ն: Իսկ լավագույն տասնյակը եզրափակում է «Մերի»-ն: Տղա երեխաներին զույգերը նախընտրել են կոչել` Նարեկ, Դավիթ, Գոռ, Հայկ, Էրիկ: Լավագույն տասնյակը եզրափակում է «Սամվել»-ը:

No comments: