Wednesday, February 1, 2012

«Հաբերթուրք».խորհրդարանի ստորին պալատի 65 անդամներ բողոքարկել են Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը

Panorama.am. 1-2-2012- «Թուրքական «Հաբերթուրք» (Haberturk) լրատվականի տեղեկացմամբ` Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը բողոքարկող մի դիմում էլ ներկայացրել են խորհրդարանի ստորին պալատի` (ազգային ժողով) 65 անդամներ: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, սենատի 77 անդամների համատեղ ստորագրությամբ նման դիմում էր ներկայացվել Սահմանադրական խորհուրդ` օրինագիծը հակասահմանադրական ճանաչելու պահանջով: Երկու առանձին հայցերով Սահմանադրական խորհուրդ դիմած վերոնշյալ 142 խորհրդարանականները ներկայացնում են տարբեր քաղաքական ուժեր, 70-ը նախագահ Սարկոզիի ղեկավարած «Ժողովրդական շարժման միություն» կուսակցությունից են, իսկ 33-ը` սոցիալիստների ընդդիմադիր ճամբարից, 2-ը անկախ պատգամավոր են, իսկ մնացյալ 37-ը այլ կուսակցություններից: Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրջուօղլուն «Haberturk»-ին ասել է. «Սահմանադրական խորհուրդն արդեն ընդունել է ներկայացված դիմումները: Մենք լավատեսական սպասումի մեջ ենք: Երեսնօրյա ժամկետի ավարտին ենք սպասում»: Հիշեցնենք, որ 2011-ի դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը (ազգային ժողով) քվեարկությամբ ընդունեց (106 կողմ, 19 դեմ) Ցեղասպանությունների հերքումը քրեականացնող օրինագիծ, որն այնուհետև ներառվեց խորհրդարանի վերին պալատի (սենատ) օրակարգ և վավերացվեց հունվարի 23-ին`քվեների 127 կողմ և 86 դեմ հարաբերակցությամբ: Համաձայն այդ օրինագծի` վարչական (45.000 եվրո տուգանք) ու քրեական (1 տարվա ազատազրկում) վարույթներ կհարուցվեն նրանց դեմ, ովքեր Ֆրանսիայի տարածքում կհերքեն Հայոց ցեղասպանության փաստը:

No comments: