Wednesday, February 1, 2012

Միավորիչ արատը

«Լրագիր» 1-2-2012- Հայաստանում արդեն երկու նախագահ է փոխվել, եւ երկու նախագահի փոփոխությունից հետո էլ հանրությունը դրվել է նրանց միջեւ անընդհատ համեմատության երկար մի հունի մեջ: Մինչեւ 2008 թվականը, համեմատվում էին Ռոբերտ Քոչարյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը: 2008 թվականից հետո համեմատվում են Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը: Ինչով ավարտվեց մինչեւ 2008 թվականի համեմատությունը, հայտնի է բոլորին. Լեւոն Տեր-Պետրոսյանը տասը տարի անց վերադարձավ եւ գլխավորեց “համաժողովրդական շարժումը”, որը շատ մոտ էր իշխանափոխությանը: Թե ինչով կավարտվի 2008 թվականից հետո սկսված համեմատությունը, կանխատեսելը դժվար է, բայց արդեն իսկ փաստ է, որ այն հնարավորություն է տվել Ռոբերտ Քոչարյանին աշխուժացնել իր քաղաքական ծրագրերն ու մտադրությունները խորհրդարանի ընտրության համատեքստում: Թե ում օգտին են համեմատությունները, խոշոր հաշվով նշանակություն չունի, որովհետեւ միշտ էլ կգտնվի մի սեգմենտ, որը կլինի մեկի, եւ մեկ այլ սեգմենտ, որը կլինի մյուսի հավատավոր կողմնակից: Փաստն այն է, որ եթե ժամանակն անցնում է համեմատություններով, ուրեմն այն վատնված ժամանակ է: Խնդիրն այն է, որ Հայաստանի համար արդյունավետ որեւէ իշխանության պարագայում համեմատության եզր անգամ չպետք է լինի նախորդի հետ: Այսինքն, եթե Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի տնտեսա-քաղաքական ներքին ու արտաքին շահի տեսանկյունից արդյունավետ նախագահ էր, եթե նրա նախագահությունը համապատասխանում էր այն պահանջներին, որ դրված էր Հայաստանի առաջ որպես պետություն, ապա նրա նախագահությունը համեմատության եզր անգամ չպետք է ունենար Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության հետ, եւ Տեր-Պետրոսյանը վերադարձի շանս անգամ չպետք է ունենար: Նույն կերպ, եթե Սերժ Սարգսյանի նախագահությունը Հայաստանի տնտեսա-քաղաքական շահի տեսանկյունից արդյունավետ է, եթե այդ նախագահությունը համարժեքորեն բավարարում է Հայաստանի ներքին ու արտաքին մարտահրավերների պահանջներին, ապա Ռոբերտ Քոչարյանն անուղղակիորեն աշխուժանալու շանս անգամ չպետք է ունենար: Մինչդեռ, մենք արդեն 20 տարի ապրում ենք համեմատությունների մեջ, թե ով է ումից լավը, թե ով է չարյաց փոքրագույնը կամ մեծագույնը, ում հետ է հեշտ կամ դժվար պայմանավորվելը: Այդ համեմատության մեջ, նախագահներից երեքն էլ ունեն իրենց համեմատական առավելություններն ու ակնհայտ թերությունները, բայց փաստ է, որ նրանց հաջորդական կառավարման ընթացքում, Հայաստանում հետեւողականորեն զարգացել, տարածվել եւ ինստիտուցիոնալացվել է համակարգային արատը, որը մինչեւ այժմ դեռ հաղթահարված չէ: Իսկ այդ դեպքում, նախագահների համեմատական առավելություններն ու թերությունները դառնում են արդեն ավելորդություն, որովհետեւ նրանց բոլորին միավորում է շատ ավելի ուժեղ մի բան, համենայն դեպս մինչեւ այժմ ավելի ուժեղ մի բան՝ Հայաստանի հանրապետությունում հաստատված համակարգային արատը կամ արատի համակարգը: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: