Wednesday, February 1, 2012

Թուրքիայի և ՌԴ շահերից է բխում ԼՂ հակամարտության խաղաղ լուծումը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Միջազգային ճգնաժամային խմբի (ICG) եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը - Ինչպե՞ս եք գնահատում Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը, որը տեղի ունեցավ անցած շաբաթ: - Կարծում եմ, որ հանդիպումը լավ անցավ, քանի որ այն, ինչ նախագահները որոշեցին անել` կապված էր Հայաստանում և Ադրբեջանում քաղաքացիական հասարակությունների միջև վստահության կառուցման և երկխոսության միջոցների գործադրման հետ: Կարծում եմ, որ դա շատ դրական քայլ է, քանի որ ժամանակ առ ժամանակ և՛ Երևանը, և՛ Բաքուն արգելափակել են հայերի և ադրբեջանցիների հանդիպումները: Այդ պատճառով կարևոր է, որ այս հանդիպումները շարունակվեն և դառնան անգամ ավելի հաճախակի: Հատկապես այժմ, երբ գալիք տարվա ընթացքում մենք չենք կարող ակնկալել, որ շատ բան կկատարվի քաղաքական բանակցություններում: Եվ երկրորդ բանը, որը կցանկանայի նշել, այն է, որ շատ հիասթափեցնող էր, որ մենք ոչ մի առաջընթաց չտեսանք Հիմնարար սկզբունքների վերաբերյալ, բայց ես նաև կարծում եմ, որ անհավանական է, որ մենք տեսնենք առաջընթաց` կապված Հիմնարար սկզբունքների հետ, քանի որ սա ընտրական շրջան է և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում, ինչպես նաև միջնորդ երկրներում: - Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է այժմ ընթանում Թուրքիայի և Ֆրանսիայի միջև, և ինչպե՞ս կմեկնաբանեք այն հայտարարությունները, որ Թուրքիան անում է Մինսկի խմբում Ֆրանսիայի մնալու հետ կապված, կամ Թուրքիայի փորձերը` Մինսկի խմբի անդամ դառնալ այն բանից հետո, երբ Ֆրանսիան ընդունեց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը: Ինչպե՞ս կնկարագրեք այս իրադրությունը: - Չեմ ցանկանում ֆրանս-թուրքական հարաբերությունների մանրամասներից խոսել այն բանից հետո, երբ Ֆրանսիայի Սենատը ընդունեց օրինագիծը, որով պատժամիջոցների են ենթարկվում այն մարդիկ, ովքեր հերքում են ցեղասպանությունը, քանի որ, անկեղծ ասած, ես կարծում եմ, որ երկու կողմերն էլ բավականին ծիծաղելի են իրենց գործողություններում: Բայց ես կասեի, որ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի վերաբերյալ Թուրքիայի հայտարարությունների հետ, մի դեպքում կարծում եմ, որ դա դրական է, եթե Թուրքիան կարողանա ԵԱՀԿ-ում բանավեճ սկսել Մինսկի խմբի և դրա արդյունավետության մասին: Դա դրական է, քանի որ պարզ է, որ կարիք կա Մինսկի խմբի և դրա արդյունավետության մասին խոսելու, բայց ես կարծում եմ, որ եթե Թուրքիան ինչ-որ կերպ այն կապի Ֆրանսիայի օրենքի հետ, դա շատ ծիծաղելի կլինի, և չեմ կարծում, որ ԵԱՀԿ-ի ոչ անդամ այլ երկրները պատրաստ լինեն աջակցելու Թուրքիային Ֆրանսիայի դերը հարցականի տակ դնելու հարցում` միայն այդ օրինագծի ընդունման պատճառով: Եկեք հիշենք, որ Թուրքիան Մինսկի խմբի անդամ է, այդպիսով իրավունք ունի, անշուշտ, իր կարծիքը հայտնել Մինսկի խմբի կատարած աշխատանքի մասին, բայց կրկին շեշտեմ, որ եթե նա այն կապի Ֆրանսիայի օրինագծի հետ, քիչ հավանական է, որ շոշափելի աջակցություն ձեռք բերի Մինսկի խմբի անդամ մյուս երկրների կամ ընդհանուր ԵԱՀԿ կողմից: - Կարծո՞ւմ եք, որ այս գործընթացը կարող է ինչ-որ կերպ ազդել Մինսկի խմբի ձևաչափի վրա: - Ես հուսով եմ` հնարավոր է, որ նորից բանավեճ լինի խմբի մասին Ֆրանսիայի օրինագծի ենթատեքստից դուրս, և ՄՃԽ-ն պատրաստվում սրա մասին զեկույց ներկայացնել Հայաստանում ընտրութուններից մի քանի ամիս անց, որտեղ կուսումնասիրվի ԵԱՀԿ ՄԽ-ն և կառաջարկվեն ձևեր` խումբը բարելավելու համար, բանակցությունների այլ ձևեր կփորձարկվեն: Այս պահին, սակայն, ես ԵԱՀԿ-ի մեջ չեմ տեսնում պատրաստակամություն` իրականում կրկին մտնել իսկական քննարկման մեջ այս ամենի վերաբերյալ, քանի որ ընտրություններ են տեղի ունենալու և՛ Ռուսաստանում, և՛ Ֆրանսիայում, և՛ ԱՄՆ-ում, և կարծում եմ` վաղ է ամբողջական քննարկում ու բանավեճ ունենալ ԵԱՀԿ-ում ՄԽ մասին խոսելու համար: - Հունվարի 24-ին` մեկ օր անց այն բանից հետո, երբ Ֆրանսիայի Սենատը ընդունեց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը, Ահմեդ Դավութօղլուն մեկնեց Ռուսաստան, և իր գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ նրանք հայտարարություններ արեցին թուրք-ռուսական հարաբերությունների մասին, ինչպես նաև իրենց հայտարարության մեջ նշեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Ինչպե՞ս եք գնահատում ռուս-թուրքական հարաբերությունները ցեղասպանության օրինագծի վերաբերյալ Ֆրանսիայի որոշումից հետո, և ի՞նչ եք կարծում, ի՞նչ է լինելու այս ամենից հետո, ինչպե՞ս կարող են Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններն ազդել Լեռնային Ղարաբաղում և ընդհանուր տարածաշրջանում կայունության վրա: - Եվս մեկ անգամ կարծում եմ, որ սա չպետք է կապել Ֆրանսիայում օրինագծի ընդունման հետ: Թուրքիան և Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են և անհավանակորեն մոտ են իրար առևտրային և գործարար կապերի շնորհիվ: Ռուսաստանի և Թուրքիայի միջև ճանապարհորդելու համար վիզաների կարիք չկա այլևս: Այսպիսով, այս ամենը նշան է, որ նրանք շատ մոտ են աշխատում և տնտեսական առումով, և քաղաքական առումով, այդ պատճառով կարծում եմ, որ բնական է, որ նրանք երկուսն էլ դիտարկում են Լեռնային Ղարաբաղի խնդիրը և երկուսն էլ փորձում են կոորդինացնել և գտնել միջոցներ հակամարտությունը լուծելու համար: Եկեք նաև հիշենք, որ եթե երբևէ Լեռնային Ղարաբաղի պատճառով Հայաստանի և Ադրբեջանի միջև կրկին պատերազմ սկսվի, այդ ժամանակ և՛ Թուրքիան, և՛ Ռուսաստանը ներգրավված կլինեն, այդ պատճառով Թուրքիայի և Ռուսաստանի շահերի մեջ մտնում է վստահ լինել, որ այս հակամարտությանը խաղաղ արդյունք է սպասվում: Այսպիսով, կասեի, որ դրական է, որ այդ երկու երկրները խոսել են Լեռնային Ղարաբաղի մասին, և երկուսն էլ փորձում են ձևեր գտնել` պատասխանելու միմյանց: Կարծում եմ, որ եթե Թուրքիան և Ռուսաստանը միասին աշխատեն վստահության կառուցման համար միջոցներ ստեղծելու ուղղությամբ, դա, իհարկե, չափազանց դրական կլինի: Եվ ես կարծում եմ, որ այստեղ երկու երկրներն էլ կարող են աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության կառուցմանը և պետք է խրախուսեն դա անել:

No comments: