Wednesday, February 1, 2012

Թուրքիան չի հանդուրժելու իսլամաֆոբիայի դրսևորումները. Էրդողան

1in.am. 1-2-2012- Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել է, թե Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն ուղղված է Թուրքիայի դեմ և թշնամական վերաբերմունքի դրսևորում է այդ երկրի հանդեպ։ Ինչպես հաղորդում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը, Էրդողանը հավելել է, թե Թուրքիան չի հանդուրժելու իսլամաֆոբիայի դրսևորումները և Եվրոպային կոչ է արել այդ ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել։ Ֆրանսիայի Սենատը հունվարի 23–ի լույս 24–ի գիշերը ձայների 127 կողմ և 86 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը (օրինագիծը վերաբերում է Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտման քրեականացմանը։ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունից բացի ճանաչել է նաև հրեաների ցեղասպանությունը՝ Հոլոքոստը, որի ժխտումն արդեն իսկ քրեականացված է Ֆրանսիայում): Վերոնշյալ օրինագծի սահմանադրականությունը որոշելու նպատակով երեկ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդ դիմում ներկայացվեց։ Խորհուրդը պարտավոր է օրինագծի՝ Սահմանադրությանը համապատասխանելու մասին իր տեսակետը հայտնել մեկ ամսվա ընթացքում։

No comments: