Saturday, February 25, 2012

Պատերազմը Իրանից կանցնի՞ Ղարաբաղ

«Լրագիր» 25-2-2012- Ռուսաստանի նախագահի թեկնածու Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ ամռանը սկսվելու է 3-րդ համաշխարհային պատերազմը: «Երբ ճզմեն Սիրիային, հարված կհասցվի Իրանին: Դրանից կօգտվի Ադրբեջանը, որպեսզի կրկին գրավի Ղարաբաղը: Հայաստանը դեմ կլինի: Թուրքիան Ադրբեջանի կողմից է: Ահա թե ինչպես մեր երկիրը 2012 թ ամռանը կներքաշեն պատերազմի մեջ», հայտարարել է Ժիրինովսկին: Բացի այդ, հնչում են նաեւ փորձագետների կարծիքներ, հիմնականում Հայաստանից ու Ռուսաստանից, որ ԱՄՆ-ը «պայմանավորվել է» Ադրբեջանի հետ Իրանում գործողություններին աջակցելու դեպքում նրան տալ Ղարաբաղը: Չնայած տարածաշրջանային պայթյունի մեծ հավանականությանը, ակնհայտ է, որ իրավիճակը վերահսկվում է, եւ առնվազն երկու գործոն կա, որոնք խոսում են այն մասին, որ Ղարաբաղում պատերազմն անխուսափելի չէ: Առաջին հերթին, ԱՄՆ մասնակցությամբ կամ կառավարմամբ անցած պատերազմները մինչ այժմ չեն տեղափոխվել հարեւան պետություններ: Տպավորությունն այնպիսին է, որ առանձին երկրներում, լինի Սերբիայում, Աֆղանստանում, Իրաքում, թե Լիբիայում, մարտական գործողությունների տեղայնացման հատուկ մեխանիզմներ են կիրառվել: Այն ժամանակ նույնպես խոսվում էր, որ Լիբիայում եւ Իրաքում պատերազմը 3-րդ համաշխարհայինի պայթուցիչը կդառնա, որ կայրվի Մերձավոր Արեւելքը, սակայն պատերազմն «աննկատ» սկսվել եւ ավարտվել է տվյալ պետությունում: Խոսքն այստեղ ԱՄՆ ճիշտ կամ սխալ լինելու մեջ չէ, խոսքը հարեւան երկրները ակտիվ մարտական գործողությունների ժամանակ ռազմաքաղաքական արկածախնդրությունից զսպելու մեխանիզմի մասին է: Սիրիայի ներկայիս իրադարձությունները դրա հաստատումն են: Ի հեճուկս կանխատեսումների, հակամարտությունը դեռ չի փոխանցվել հարեւան երկրներ: Երկրորդը Ղարաբաղի հանդեպ ԱՄՆ դիրքորոշումն է: Եթե ԱՄՆ համար որոշակի տարածքների պատկանելությունը հայկական կողմին եւ ղարաբաղյան ռազմաքաղաքական միավորի առկայությունը Ադրբեջանի հետ պարզապես առեւտրի առարկա են, ինչու՞ այն տեղի չի ունեցել վերջին 20 տարիների ընթացքում: ԱՄՆ-ն, որը շատ բան է արել Ղարաբաղում ներկայիս ստատուս-քվոյի պահպանման համար, ինչու՞ պետք է փոխի Ադրբեջանի նկատմամբ իր վերաբերմունքը, որի վրա ազդեցության բազմաթիվ այլ լծակներ ունի: Համենայն դեպս, տարածաշրջանում ուժի ցուցադրումը շարունակվում է: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարում է, որ Ղարաբաղում հակամարտության լարման դեպքում Հայաստանն անհրաժեշտ օգնություն կստանա: Թուրքիայի երրորդ դաշտային բանակը, որի շտաբը տեղակայված է Էրզրումում, Կարսի գավառում, հայկական սահմանի մոտ մասշտաբային մանեւրեր է անցկացնում: Զորավարժություններին հետեւում են Թուրքիայի նախագահ Գյուլը եւ վարչապետ Էրդողանը: Լեռնային Ղարաբաղի սահմանի երկարությամբ փետրվարի 22-ին լայնածավալ զորավարժություններ են սկսել նաեւ ադրբեջանական զինված ուժերը: Իսկ Երեւանում ԱՄՆ կառավարության եւ Հայաստանի ԱԳՆ համագործակցությամբ փետրվարի 21-23-ը անց են կացվել հայ-վրացական շտաբային զորավարժություններ «Զանգվածային ոչնչացման զենքի հայտնաբերման եւ տարածման կանխման» թեմայով: Նաիրա Հայրումյան

No comments: