Saturday, February 25, 2012

Էդուարդ Շարմազանով. Ադրբեջանի ղեկավարությունը խեղաթյուրում է իրականությունը` Խոջալուի հարցում

News.am. 24-2-2012- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալեւը հերթական անգամ խեղաթյուրել է իրականությունը եւ Խոջալուի ողբերգական դեպքերի ողջ իրավաքաղաքական պատասխանատվությունը բարդել է Հայաստանի եւ Արցախի ներկայիս ղեկավարության վրա, ինչին արձագանքել է Հայաստանի Ազզգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ստորեւ ներկայացնում ենք Շարմազանովի մենկաբանությունը. «Քանի որ Ալիեւն այդ ժամանակ գտնվում էր ոչ թե ռազմի դաշտում, այլ զբաղված էր Ստամբուլում սեփական բիզնեսի բարգավաճմամբ, դժվար թե իմանա ողջ իրականությունը Խոջալուի ցավալի դեպքերի մասին: Իրականությունը հետեւյալն է. ամիսներ շարունակ Խոջալուի կրակակետերից օր ու գիշեր գնդակոծվում էր Ստեփանակերտը, եւ տեղի հայության համար ռազմական բազայի չեզոքացումը կյանքի եւ մահվան խնդիր էր: Խոջալուի ազատագրման գործողության ժամանակ ԼՂՀ-ի ինքնապաշտպանական ուժերի ստորաբաժանումները Խոջալուի խաղաղ բնակչության համար թողեցին միջանցք` մարտական գործողությունների գոտուց անվտանգ հեռանալու համար, ինչի մասին ադրբեջանական կողմը նախօրոք զգուշացվել էր: Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովն իր հրաժարականից մեկ ամիս անց «Նեզավիսիմայա գազետա» թերթին ասել է. «Միջանցքը, որով մարդիկ կարող էին հեռանալ, հայերի կողմից, այնուամենայնիվ, թողնվել էր: Այդ դեպքում նրանց ինչին էր պետք կրակել: Մանավանդ Աղդամին հարող տարածքում, որտեղ այն ժամանակ կային բավականաչափ ուժեր, որպեսզի դուրս գային եւ օգնեին մարդկանց»: Իր հրաժարականից գրեթե տասը տարի անց Մութալիբովը «Նովոյե վրեմյա» թերթին տված հարցազրույցում նշել է. «Ակնհայտ է, որ խոջալուեցիների գնդակահարությունն ինչ-որ մեկի կողմից կազմակերպվել էր Ադրբեջանում իշխանափոխություն կատարելու համար»: Ի դեպ, ադրբեջանցի իրավապաշտպան Արիֆ Յունուսովը 1992-ի հուլիսին «Զերկալո» թերթին ասել է, որ «քաղաքը եւ դրա բնակիչները գիտակցաբար զոհ էին մատուցվել քաղաքական նպատակին»: Իսկ Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախկին նախագահ Թամերլան Կարաեւը 1992 ապրիլի 28-ին «Մուխալիֆաթ» թերթին տեղեկացրել է, որ «ողբերգությունն իրականացրել են Ադրբեջանի իշխանությունները»: Վերը շարադրված փաստերը միանշանակ վկայում են այն մասին, որ Խոջալուի խաղաղ բնակիչների մահվան մեջ մեղավորն ադրբեջանական կողմն է, որը հրեշավոր հանցանք է գործել սեփական ժողովրդի հանդեպ` քաղաքական ինտրիգների պատճառով եւ հանուն իշխանական պայքարի»:

No comments: