Tert.am. 31-1-2012- Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող ադրբեջանցի ուսանողները, ի նշան Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման դեմ բողոքի, Վրաստանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ ակցիա են անցկացրել։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, ուսանողներն անգլերենով, ադրբեջաներենով և վրացերենով Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի դեմ ուղղված կարգախոսներ են վանկարկել, այնուհետ ընթերցել Ֆրանսիայի Սենատին հասցեագրված հայտարարություն–նամակը։
Նամակում, մասնավորապես, ասվում է, թե իբր Սենատի այդ որոշումը խախտում է ոչ միայն թուրքերի, այլև Ֆրանսիայի քաղաքացիների՝ կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը։
Նշենք, որ վերոնշյալ օրինագծի ընդունումից հետո ադրբեջանցիները «հակաֆրանսիական ակցիաներ են» անցկացրել աշխարհի տարբեր անկյուններում։
Ֆրանսիայի Սենատը հունվարի 23–ի լույս 24–ի գիշերը ձայների 127 կողմ և 86 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը (օրինագիծը վերաբերում է Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտման քրեականացմանը։ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունից բացի ճանաչել է նաև հրեաների ցեղասպանությունը՝ Հոլոքոստը, որի ժխտումն արդեն իսկ քրեականացված է Ֆրանսիայում):
Նոր օրինագծի համաձայն՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին 1 տարվա ազատազրկում է սպառնում և 45.000 եվրո տուգանք։
Wednesday, February 1, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment