News.am. 1-2-2012- Ադրբեջանցի 16 քաղբանտարկյալների դատավարության հետ կապված, երկրի ղեկավարությունը նոր կարգադրություններ է ուղարկել իրավապահ մարմիններին: Խոսքը վերաբերում է նաեւ 2011-ի ապրիլի 2-ին ձերբակալվածներին, ովքեր եւս համարվում են քաղբանտարկյալ: Այդ մասին հաղորդում է «Ենի Մուսավաթ» թերթը` վկայակոչելով իր հավաստի աղբյուրները:
«Մոտ ժամանակահատվածում քաղբանտարկյալներին ազատ արձակելու ուղղությամբ կոնկրետ որոշում է կայացվելու: Խնդիրն այն է, որ քաղբանտարկյալների ազատ արձակումը կապված է արեւմտյան միջազգային կառույցների եւ երկրի ներսում առկա ընդդիմության պահանջների բավարարման հետ: Ազատ արձակելով քաղբանտարկյալներին` պաշտոնական Բաքուն «կազատի իր գլուխը» Արեւմուտքից գործադրվող ճնշումներից, բայց միաժամանակ մտավախություն կա, որ քաղբանտարկյալների ազատ արձակումը կարող է ուղեցվել հասարակական ակտիվության աճով: Կարծիքներ են շրջանառվում, որ կարելի է քաղբանտարկյալների ազատ արձակման գործընթացը հետաձգել մինչեւ «Եվրատեսիլ-2012»-ի անցկացումը:
Այսինքն` խաղաղ պայմաններում անցկացնել երգի միջազգային մրցույթը, այնուհետեւ զբաղվել քաղբանտարկյալների հարցով: Այդուհանդերձ, իշխանության շատ ներկայացուցիչներ համոզված են, որ քաղբանտարկյալների ազատ արձակման գործընթացի հետաձգումը կարող է բացասական անդրադառնալ Ադրբեջանի վրա, քանի Արեւմուտքից օրեցօր ավելի խիստ պահանջներ են առաջ քաշվում` կապված քաղբանտարկյալների ազատ արձակման հետ: Մասնավորապես, ԵԽԽՎ մարդու իրավունքների հանձնաժողովը հունվարի 26-ին Ադրբեջանի հետ կապված լսումներներում խիստ կոշտ դիրքորոշում ցուցաբերեց Ադրբեջանի հարցում, ուստի անհրաժեշտ է միջազգային մակարդակով առաջ քաշված պահանջներին մեծ ուշադրություն դարձնել»,-գրում է «Ենի Մուսավաթ»-ը` նշելով, որ նման հանգամանքների առկայության դեպքում մեծ է հավանականությունը, որ մարտին քաղբանտարկյալներին ազատ արձակելու որոշում կընդունվի:
Նշենք, որ վերջին ժամանակահատվածում միջազգային տարբեր հեղինակավոր կառույցները քննադատական զեկույցներ են ընդունում Ադրբեջանի կապակցությամբ, որն էլ առիթ է հանդիսանում ամերիկյան եւ եվրոպական մամուլում հրապարակվող բազմաթիվ հոդվածների համար, որտեղ ներկայացվում է Ադրբեջանում մարդու իրավունքների, խոսքի ազատության եւ այլ հարցերի շուրջ ստեղծված ծանր իրադրությունը: Այդ առումով հավանական է, որ «Եվրատեսիլ»-ի նախօրեին Ադրբեջանի դեմ միջազգային ճնշումները, հեղինակավող կառույցների քննադատությունները կանխելու նպատակով ապրիլի 2-ի քաղբանտարկյալները շուտով ազատ կարձակվեն:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Ադրբեջանում չարտոնագրված ցույց է անցկացվել, որից հետո երկրում ընդդիմադիր գործիչների մասսայական ձերբակալություններ են սկսել: Ավելի ուշ շատերը ազատ են արձակվել, սակայն դեռեւս կան բանտարկյալներ, որոնք միջազգային կառույցների կողմից համարվում են քաղբանտարկյալներ:
Wednesday, February 1, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment