Monday, March 5, 2012

Ֆրանսիան հայտնվել է բարդ իրավիճակում

Արնի Քնսալթ փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն, իրավաբան Արա Ղազարյանի հետ զրուցել ենք Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից հակասահմանադրական ճանաչված ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի շուրջ -Պարոն Ղազարյան, որպես իրավաբան կհիմնավորե՞ք`որքանո՞վ էր Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից հակասահմանադրական ճանաչված ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծն իսկապես հակասահմանադրական: -Ավելի շուտ ոչ թե հակասահմանադրական, այլ հակակոնվենցիոն՝ նկատի ունեմ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Սահմանադրական խորհրդի որոշումն էապես հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին, ընդ որում` այն նախադեպային իրավունքին, որը ձևավորվել է հիմնականում Ֆրանսիայի դեմ կայացված որոշումներով՝ դատական ստուգման ենթարկելով Ֆրանսիայի ազգային դատարանների կողմից հոլոքոստը մերժած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումները: Որպես օրինակ`կարող ենք նշել Գարաուդիի գործը (Ռոժե Գարաուդին ընդդեմ Ֆրանսիայի, թիվ 65831/01), ով Ֆրանսիայում դատապարտվել էր §Մամուլի ազատության մասին օրենքի¦ (հին օրենք է, ընդունվել է 1881-ին, որոշ փոփոխությունների ենթարկվել, վերափոխվել`1990-ին) 24-րդ հոդվածի հիման վրա, որը նախատեսում է քրեական պատասխանատվություն մարդկության դեմ կատարված հանցագործությունները հերքելու համար և ում գանգատն ընդդեմ Ֆրանսիայի իշխանությունների մերժվել էր այնուհետև եվրոպական դատարանի կողմից: Եվրոպական դատարանը, վկայակոչելով մինչ այդ արդեն կայուն հաստատված իր նախադեպային իրավունքը, որը նույնպես կառուցել էր Ֆրանսիայից բերված գործերի հիման վրա (Լեհիդյուքսն ու Իսորնին ընդդեմ Ֆրանսիայի (ՄՊ), թիվ 55/1997/839/1045), ընդունել էր մի նախադեպային սահմանում, համաձայն որի ազատ արտահայտվելու իրավունքի պաշտպանությունը չի կարող տարածվել այնպիսի անձանց վրա, ովքեր մերժում են աներկբայորեն հաստատված այնպիսի պատմական փաստ, ինչպիսին է, օրինակ, Հոլոքոստը, քանի որ մարդկության դեմ ուղղված հանցագործությունը որպես պատմական փաստ մերժելով՝ նման անձինք մերժում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հիմքում ընկած հիմնարար արժեքներ: Սա Եվրադատարանի նախադեպային ձևակերպումն է. կա կոնվենցիայի10-րդ հոդված`ազատ խոսքի պաշտպանություն և կոնվենցիայի 17-րդ հոդված, որն արգելում է օգտվել կոնվենցիայի պաշտպանական մեխանիզմներից այնպիսի գաղափարներ քարոզելու, տարածելու համար, որոնք հակասում են Կոնվենցիայի ոգուն, դրա հիմքում ընկած արժեքներին: Եթե անձը (լինի նա պատմաբան, քաղաքական գործիչ թե փաստաբան) հերքում է ցեղասպանությունը, որն աներկբայորեն հաստատված պատմական փաստ է, ապա նա չի կարող ապավինել 10-րդ հոդվածի պաշտպանությանը, քանի որ նա չի կարող ազատ խոսքն օգտագործել որպես միջոց մարդկության դեմ կատարված հանցանքը մերժելու համար: Տվյալ դեպքում Սահմանադրական խորհրդի կողմից այդ որոշումը կայացնելը կարող էր հնարավոր լինել հետևյալ երկու հիմքերից մեկի առկայության դեպքում. կամ Խորհուրդը պետք է հրաժարվեր հայերի ցեղասպանությունը որպես “աներկբայորեն հաստատված պատմական փաստ” ճանաչած լինելուց, որը բացառվում է, քանի որ Ֆրանսիայի նախագահը, կառավարությունը ճանաչել են ցեղասպանությունը որպես պատմական փաստ, նշանակում է փաստի ուժով Խորհուրդը չէր կարող այդ որոշումը կայացրած լինել: Հետևաբար, մնում է երկրորդ հնարավորությունը՝ ՇԵՂՎԵԼ 1998 թվականից մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հաստատված նախադեպային իրավունքից և կայացնել այնպիսի որոշում, որը հակասության մեջ է մտնում ոչ միայն Եվրադատարանի հետ, այլև իր ազգային դատարանների հետ, որոնք Գարաուդիի գործով և նման այլ գործերով որոշում են կայացրել անձին դատապարտելու մասին: Խորհուրդն ընտրել է հենց այդ ճանապարհը: -Ֆրանսիայի կառավարությունը, նախագահը նախապես չէի՞ն ենթադրում հակասություն իրենց ազգային դատարանների հետ: Սա փակուղային իրավիճա՞կ է ստեղծում, և այսքանից հետո ի՞նչ երաշխիք կա, որ նոր տեսքով օրինագիծը նորից չի համարվի հակակոնվենցիոն: -Սահմանադրական խորհուրդն այնպիսի որոշում է կայացրել, որը տեսականորեն հնարավորություն է տալիս մարդկանց, ովքեր դատապարտվել են, նոր հանգամանքի հիմքով կրկին դիմել դատարաններին, որպեսզի վերանայվի իրենց դատապարտումը, որովհետև Խորհուրդն այնպիսի իրավական դիրքորոշում է արտահայտել, որը հակասում է ազգային դատարանների կողմից իրենց դատապարտելու մասին որոշումներին: Բացի այդ, Խորհրդի կողմից պետք է նաև վերացնել 1881թ.-ի օրենքի համապատասխան դրույթները, 24 bis, 26-րդ, 32-րդ հոդվածները, որով դատապարտվել են այն մարդիկ, ովքեր մերժել են հոլոքոստը: Հարցը դրվում է հետևյալ կերպ. կամ արդարադատության խորհուրդը չի ճանաչում հայերի ցեղասպանությունը որպես աներկբայորեն հաստատված պատմական փաստ, կամ էլ Սահմանադրական խորհուրդը որոշել է այլ ուղղություն վերցնել՝ ցեղասպանությունը մերժող անձանց վրա տարածելով ազատ արտահայտվելու իրավունքի պաշտպանությունը: -Պարոն Ղազարյան, այն տեսքով, որով կառավարությունը քվեարկեց օրինագիծը, որքանո՞վ էր նպաստավոր կամ պաշտպանում հայերի կամ Ֆրանսիայի շահերը: -Ես միշտ ասում եմ, որ եթե հարցը գտնվում է քաղաքական դաշտում, իրավաբանությունն օգնում է, իսկ եթե հարցը գտնվում է իրավական դաշտում, քաղաքականությունը խանգարում է: Այսինքն`իմ վերլուծության հիման վրա ստացվում է, որ այս դեպքում քաղաքականությունը խանգարեց իրավաբանությանը: Թվում էր` ոչինչ չէր խանգարում Սահմանադրական խորհրդին, որպեսզի հետևեր Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 1998 թվականից կայուն նախադեպային իրավունքին, որին ըստ էության պարտավոր էր հետևել և հաստատեր օրենքի նախագծի սահմանադրականության հարցը: Սակայն կատարվեց բոլորովին այլ բան. Ֆրանսիան որոշեց այլ ուղղությամբ զարգացնել ցեղասպանության հերքման (genocide denial) իրավունքը: Բառացիորեն մեջբերեմ Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում 2003-ի հունիսի 24-ին: Մենք կտեսնենք 180 աստիճանի տարբերություն այդ դիրքորոշման և Սահմանադրական խորհրդի ներկայիս դիրքորոշման միջև.«Այն դեպքում, երբ արտահայտվելու ազատությունն օգտագործվում է որպես միջոց մի անձի կողմից, որպեսզի արդարացնի այնպիսի հրապարակումների տարածումը, որով խախտվում են կոնվենցիայի ոգին և ժողովրդավարության հիմքում ընկած էական արժեքները, ապա դատարանը [եվրոպական դատարանը] միշտ էլ վկայակոչել է կոնվենցիայի 10-րդ հոդվածը՝ նման գաղափարներն ուղղակիորեն կամ անուղղակիորեն մերժելու համար»: Սա ասում էր Ֆրանսիայի կառավարությունը 2003-ին: Իսկ այսօր Սահմանադրական խորհուրդը, մերժելով բանաձևը, գերապատվությունը տալիս է ազատ խոսքին՝ դրանով անտեսելով կամ ստորադասելով Կոնվենցիայի 17-րդ հոդվածը, որն արգելում է, որ ազատ խոսքը օգտագործվի Կոնվենցիայի հիմքում ընկած արժեքները՝ տվյալ դեպքում մարդկության դեմ ուղղված հանցագործությունները ժխտելու նպատակով: -Թուրքական լոբբինգը ինչպե՞ս կարողացավ աշխատել, երբ այդքան դիվիդենտներ ուներ հայկական կողմը: Եվ առհասարակ ի՞նչ կտար մեզ բանաձևի ընդունումն այն տեսքով, որով ներկայացվել էր: -Քաղաքական դաշտում թուրքական լոբբինգը կարողացավ հաջողության հասնել, քանի որ միջազգային իրավունքում 2011 թվականի հուլիսից սկսել էր ցեղասպանության մերժման իրավունքի նոր հիմքերի ձևավորման մի պրոցես: Ես նկատի ունեմ ՄԱԿ-ի համակարգում Մարդու իրավունքների կոմիտեի թիվ 34 Ընդհանուր մեկնաբանությունը, որը հրապարակվեց 2011 թվականի հուլիսին: Այս փաստաթղթի 49-րդ կետում սահմանվեց մի բան, որը պետք է տարիների ընթացքում վերացնի եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վերը նշված սահմանումը, այն է՝ 49-րդ կետում նշվել է, որ օրենքները, որոնք քրեականացնում են պատմական փաստերի մերժումը, անհամատեղելի են Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի հետ, և որ Դաշնագիրը չպիտի թույլ տա, որպեսզի բացարձակ կերպով արգելվի պատմական փաստերի մասին արտահայտած սխալ տեսակետը կամ մեկնաբանությունը: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ միջազգային իրավունքում սկսվել է մի պրոցես, որով ցեղասպանության մերժումը քրեականացրած պետություններին առաջարկվում է հրաժարվել այդ օրենքներից, որպեսզի դրա արդյունքում չտուժի ազատ խոսքը: Հենց այս նոր սկսված տեղաշարժից էլ օգտվեցին թուրքական լոբբիստական խմբերը և, արդյունքում, նաև Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը: Այդուհանդերձ, եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը, ի դեմս Կոնվենցիայի, դեռ մնում է ուժի մեջ: Այս առումով Ֆրանսիան հայտնվեց բավական դժվար իրավիճակում՝ ՄԱԿ-ի և եվրոպական համակարգերի միջև, որտեղ երկու համակարգերը ցեղասպանության մերժման հարցին տարբեր կերպ են մոտենում: Ակնհայտ է, որ բոլոր նրանք, ովքեր դատապարտվել են կամ դեռ դատապարտվելու են մարդկության դեմ գործած հանցանքը որպես պատմական փաստ մերժելու համար, նոր պահանջատիրությամբ են դիմելու Ֆրանսիայի իշխանություններին՝ վկայակոչելով Սահմանադրական խորհրդի որոշումը: Եվ այսպես, միջազգային իրավունքում Ֆրանսիան կրկին հայտնվեց ցեղասպանության մերժման զարգացումների թատերաբեմում. 1998 թվականին, երբ եվրոպական դատարանը առաջին անգամ որոշեց, որ ցեղասպանությունը մերժող անձինք չեն կարող օգտվել ազատ խոսքի պաշտպանությունից, վերջինս այդ որոշումը կայացրեց Ֆրանսիայի դեմ կայացված վճռով: 2003 թվականին եվրոպական դատարանը վերահաստատեց իր դիրքորոշումը՝ կրկին Ֆրանսիայի դեմ կայացված որոշումով: 2011 թվականին, երբ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն իր փաստաթղթով ազդարարեց ցեղասպանությունը մերժողերին քրեական պատասանատվության ենթարկելու անընդունելիության մասին, այդ փաստաթղթում կրկին, որպես միակ աղբյուր, վկայակոչվում է Ֆրանսիայի դեմ կայացված որոշում, իսկ 2012 թվականին հայտնի օրինագծի վերաբերյալ որոշումը կայացնելով, Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը, ի դեմս Ֆրանսիայի, փաստորեն հայտարարեց, որ միանում է ՄԱԿ-ի դիրքորոշմանը և չի ընդունում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մեկնաբանությունը: Առաջիկայում Ֆրանսիայում այս երկու գաղափարները շարունակելու են բախվել. կամ պետք է իրավունք տրվի անձանց, որպեսզի նրանք կարողանան հերքել պատմական փաստը մարդկության դեմ կատարված հանցագործության մասին, օրինակ`Ռուանդայի ցեղասպանությունը, կամ էլ պետք է մարդկանց այդ իրավունքից բացարձակ կերպով զրկել՝ դրա համար քրեական պատասխանատվություն սահմանելով... հիմա ո՞րն է անհրաժեշտ ժողովրդավարական հասարակարգում. այս հարցը պետք է որոշվի. ՄԱԿ-ի համակարգն ասում է, որ անհրաժեշտը չէ նման դատապարտումը որպես ժողովրդավարական արժեք, եվրոպական համակարգն ասում է, որ անհրաժեշտ է: Արդյունքում կամ ՄԱԿ-ը կփոխի իր դիրքորոշումը, կամ Եվրոպան կփոխի իր դիրքորոշումը, մնում է, որ մենք կարողանանք երկուսից էլ օգտվել: Սիրանույշ Պապյան «Լրագիր» 5-3-2012.

No comments: