«Լրագիր» 9-3-2012- Հայաստանի իշխանությունը վերջին շրջանում բավական ինտենսիվացրել է Եվրամիության ուղղված իր հաստատակամ քաղաքական կուրսի մասին հայտարարությունները: Դրանց հերթական խմբաքանակը հնչեց Սերժ Սարգսյանի մարտի 5-7-ը Եվրամիություն կատարած այցելության ընթացքում, որտեղ նա հանդիպումներ ունեցավ ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ՝ համաեվրոպական թե գործադիր կառույցի, թե խորհրդարանական միջավայրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Այդ հանդիպումներին զուգահեռ, Սերժ Սարգսյանը հանդիպեց նաեւ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարին եւ նրա հետ համատեղ ճեպազրույց տվեց լրագրողների համար: Այդ ընթացքում նշանակալի հայտարարություններ չեղան: Ընդհանրապես, Եվրամիությանն ուղղված ակտիվ եւ ինտենսիվ կուրսի մասին հայտարարությունների ֆոնին, ՆԱՏՕ-ի ուղղությամբ Հայաստանի իշխանության հայտարարությունները կարծես թե շատ ավելի զուսպ են, ինչն անկասկած պայմանավորված է ռուսական խանդի մասին մտահոգությամբ:
Ռուսաստանը անկասկած շատ ավելի զուսպ կնայի Եվրամիությանն ուղղված հայաստանյան ձգտումներին, քան ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունը էլ ավելի խորացնելու ուղղությամբ ձգտումներին, եթե հարցն անգամ անդամակցությունը չէ:
Բայց, Եվրամիության հետ ասոցացվելու՝ առնվազն ասոցացվելու ինտենսիվ ձգտման պարագայում, որ վերջին շրջանում առավել բացահայտ է դրսեւորում Հայաստանը, առաջնում է թերեւս մի բավական էական հարց՝ իսկ այդ ձգտմանը զուգահեռ, ինչ փոփոխության կամ ինչ էվոլյուցիոն զարգացման պետք է ենթարկվի ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունը: Այդ հարցը Հայաստանում պետք է թերեւս հանրային եւ քաղաքական քննարկումների ավելի ու ավելի մեծ տարածք զբաղեցնի:
Հնարավո՞ր է արդյոք Եվրամիության հետ հարաբերության ինտենսիվացում եւ խորացում, առանց եվրոպական քաղաքակրթական համակարգի մաս կազմող ՆԱՏՕ-ի հետ հարաբերության էլ ավելի ինտենսիվացման եւ խորացման: Ի վերջո, Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն բովանդակային առումով միմյանցից էապես տարբեր, բայց միեւնույն ժամանակ արժեքային, քաղաքակրթական առումով միմյանց փոխլրացնող, միմյանց հետո օրգանական կերպով կապված կառույցներ են, քանի որ ՆԱՏՕ-ն, փաստացի, հանդիսանում է Եվրամիության տիրույթի անվտանգության երաշխավորը կամ գործիքը, անվտանգության “հովանոցը”:
Հարցն այստեղ այն է, թե արդյոք ավելի ու ավելի մերձենալով Եվրամիությանը, Հայաստանը, առնվազն ֆիզիկայի օրենքների համաձայն, անխուսափելիորեն չի մտնելու այն “հովանոցի” տակ, որը բացված է Եվրամիության վրա: Ի վերջո, հնարավոր է արդյոք տնտեսական զարգացման, քաղաքական մշակույթի եւ ընդհանրապես հասարակական համակեցության կանոնների լայն սպեկտրի առումով մտնել Եվրամիության արժեքային տիրույթ, իսկ անվտանգության խնդիրների սպասարկման տեսանկյունից մնալ խորհրդա-ռուսական արժեքային տիրույթում:
Թերեւս, այդ դեպքում գուցե հնարավոր է ինչ-ինչ քաղաքական էֆեկտներ ստանալ, ստանալ տնտեսական էֆեկտ, բայց քաղաքակրթական էֆեկտն այդ դեպքում գրեթե բացառվում է: Մինչդեռ, Եվրամիության հետ հարաբերության առումով Հայաստանը՝ որպես պետություն, եւ Հայաստանի քաղաքացիները՝ որպես պետության կրողներ, առաջին հերթին պետք է որ քաղաքակրթական էֆեկտ ակնկալեն, որովհետեւ առանց դրա, Եվրամիության հետ հարաբերության առումով քաղաքական էֆեկտը, տնտեսական էֆեկտը կլինեն կարճաժամկետ եւ խաբուսիկ, չեն կարող ապահովել Հայաստանի լիարժեք տնտեսա-քաղաքական զարգացում հարավկովկասյան բարդ տարածաշրջանում:
Ահա այդ իմաստով, Եվրամիության հետ հարաբերության ինտենսիվացմանը զուգահեռ, Հայաստանի հասարակությունը եւ քաղաքական շրջանակները թերեւս պետք է փորձեն ակտիվորեն դիտարկել նաեւ այդ հարաբերությունից լիարժեք քաղաքակրթական էֆեկտ ստանալու համար անհրաժեշտ կարեւորագույն բացադրիչի՝ անվտանգության հարցի համարժեք ինտեգրացիան, տվյալ պարագայում Եվրոպայի անվտանգությունն ապահովող կառույցի՝ ՆԱՏՕ-ի հետ:
Ընդ որում, հասարակական-քաղաքական քննարկումների այդ շղթան ամենից առաջ պետք է Հայաստանի իշխանությանը, քանի որ Եվրամիության հետ հարաբերության խորացմանը զուգահեռ, իշխանությունը վաղ թե ուշ հենց ինքն է կանգնելու այդ խնդրի եւ դրա համար լուծումներ գտնելու անհրաժեշտության առաջ: Այդ իսկ պատճառով թերեւս հարկ է, որ արդեն այսօր լինեն հասարակական-քաղաքական, փորձագիտական քննարկումներ, որոնց ընթացքում կարող են նախանշվել իրադարձությունների զարգացման տարբեր սցենարներ, նաեւ ձեւավորվի համապատասխան մթնոլորտ, ինչը իշխանության խնդիրը կարող է թեթեւացնել ոչ միայն զուտ սցենարային զարգացումների մշակման եւ ընտրության առումով, այլ նաեւ Ռուսաստանի խանդի հնարավոր կոշտ դրսեւորումները զսպելու տեսանկյունից:
Հասկանալի է, որ իշխանությունն ինքնին այսօր թերեւս կփորձի խուսափել այդ խնդիրը հրապարակավ շրջանառելու, եւ դրանով Ռուսաստանի խանդն ու հնարավոր կոշտ արձագանքը առաջացնելու հեռանկարից: Բայց, իշխանությունը միեւնույն է ստիպված է լինելու ինչ որ ժամանակ անդրադառնալ այդ խնդրին: Եվ այդ տեսանկյունից, երբ ծավալվեն հասարակական-քաղաքական քննարկումներ, փորձագիտական դիտարկումներ եւ դիսկուրս, երբ այդ հիմքով հարցը օրակարգային դառնա Հայաստանի հանրային քաղաքականության տիրույթում, Ռուսաստանի հնարավոր խանդի եւ կոշտ արձագանքի առումով Հայաստանի դիմադրունակությունը շատ ավելի մեծ կլինի, եւ իշխանության համար շատ ավելի դյուրին կլինի ներգրավվել խնդրի մեջ արդեն պրակտիկ քաղաքականության տեսանկյունից:
Հարցը միայն այն է, թե արդյոք Հայաստանում կան պետության շահի տեսանկյունից ռազմավարական կարեւորություն ներկայացնող այդ խնդրի վերաբերյալ քննարկումների պատասխանատվություն ստանձնելու պատրաստ հասարակական-քաղաքական շրջանակներ, թե այդ շրջանակները իշխանությունից ավելի են մտահոգ Ռուսաստանի խանդով:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Friday, March 9, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment