Wednesday, April 11, 2012

Հիասթափվե՞լ են վարչապետից

«Լրագիր» 11-4-՛2012- Վերջին շրջանում, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով ՀՀԿ անդամ է եւ հանգրվանել է այդ կուսակցության համամասնական ցուցակի երրորդ հորիզոնականում, բավական հաճախակի ռեվերանսներ է անում Ռուսաստանին, հարցազրույցներ տալով ռուսական լրատվամիջոցներին եւ փորձելով իր լոյալությունը հայտնել ռուսական քաղաքականությանն ու աշխարհաքաղաքականությանը: Երբ Տիգրան Սարգսյանը նոր նշանակված վարչապետ էր եւ շատերին էր հետաքրքրում հարցը, թե այդ ինչու Սերժ Սարգսյանը անկուսակցական Տիգրան Սարգսյանին ԿԲ-ից տեղափոխեց կառավարության ղեկավարի պաշտոնին, ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանը խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում լրագրողների հարցերին պատասխանելիս բացեց “գաղտնիքը”: Պետրոսյանը հայտարարեց, որ Տիգրան Սարգսյանի նշանակման հարցում մեծ դեր են ունեցել միջազգային ֆինանսական կազմակերպությունները, իսկ Սերժ Սարգսյանն էլ ստիպված է եղել հաշվի առնել նրանց կարծիքը: Բայց, առանց Ռաֆիկ Պետրոսյանի էլ, շատերն էին կարծում, որ Տիգրան Սարգսյանը հենց միջազգային ֆինանսական կառույցների վարչապետն է: Պատահական չէր թերեւս, որ այդ կառույցները դրական էին գնահատում ԿԲ նախագահի պաշտոնում նրա վարած դրամավարկային քաղաքականությունը, երբ դրամը սրընթաց արժեւորվում էր, հարվածելով տեղական արտադրողին եւ նպաստելով ներմուծումների աճին, միեւնույն ժամանակ փաստացի կողոպտելով արտասահմանից տրանսֆերտներ ստացող հասարակությանը: Պատահական չէ նաեւ, որ միջազգային ֆինանսա-տնտեսական կառույցները նաեւ այժմ են քաջալերում Տիգրան Սարգսյանի տնտեսական քաղաքականությունը, չնայած այն բանին, որ նրա վարչապետության չորս տարիների ընթացքում այդպես էլ որեւէ հիմնարար “թիրախ” խոցված չէ: Փոխարենը խոցված է փոքր ու միջին բիզնեսը, որն այդ տարիների ընթացքում հայտնվեց ավելի ու ավելի դժվար վիճակում, ստիպված լինելով կամ դադարեցնել գործունեությունը, կամ փնտրել առավել խոշոր տանիքներ, այդ թվում եւ նույն վարչապետ Տիգրան Սարգսյանի մերձավոր շրջապատում: Իսկ հիմնարար բարենորոգչական նպատակները, որ հռչակում էր Տիգրան Սարգսյանը, այդպես էլ մնացին չիրականացված՝ մոնոպոլիաներն ու օլիգոպոլիաները Հայաստանում իրենց շարունակում են հարմարավետ զգալ՝ բացառությամբ մի քանի ցուցադրական տուգանքների, գավառականությունը պարբերաբար վայելում է իշխանության բարձրագույն հովանին, իսկ պետական ծառայությունների բարեփոխումն ավելի շատ հեռուստառեպորտաժներում է առկա, քան իրական կյանքում: Իսկ թե իշխանության մեջ ինչ տեղ է սկսել զբաղեցնել գիտելիքն ու ինտելեկտը, թերեւս լավագույնս արտացոլվում է ՀՀԿ համամասնական ցուցակում եւ այն մեծամասնական թեկնածուների կազմում, որոնց առաջադրում եւ պաշտպանում է Տիգրան Սարգսյանը: Հասկանալի է, որ այդ ամենի պատասխանատուն Տիգրան Սարգսյանը չէ, որովհետեւ կա նախագահ, ով ի վերջո իր ղեկավարած խորհրդարանական մեծամասնությամբ նշանակում է վարչապետին, հավանության է արժանացնում նրա վարած տնտեսական քաղաքականությունը, ընդհանրապես վճռում է իշխանության դիմագիծն ու բարոյական նկարագիրը: Բայց, Տիգրան Սարգսյանը պատասխանատու է իշխանության մեջ իր դերակատարության համար, եւ եթե նախագահը չի նպաստում բարեփոխումների մասին վարչապետի հավաստիացումների առաջընթացին, կամ բավարար տեմպին, ապա վարչապետը կամ հայտարարում է այդ մասին եւ ընդդիմախոսում նախագահի քաղաքականությանը, կամ էլ պարզապես հեռանում է կառավարությունից եւ իշխող կուսակցությունից, փորձելով քաղաքական դաշտում ձեւավորել համախոհների իր տիրույթը եւ դրանով առաջ մղել սեփական պատկերացումները: Տիգրան Սարգսյանը չի անում թե մեկը, թե մյուսը: Փոխարենը սկսել է Հայաստանի իշխանության հիմնական սեգմենտի օրինակով ինտենսիվ ռեվերանսներ անել Ռուսաստանի ուղղությամբ: Իսկ Ռուսաստանը մի երկիր է, որը հանդիսանալով Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, իրականում իր գրեթե բոլոր քայլերով վկայում է, որ այդ դաշնակցության մասին պայմանագիրը վաղուց արդեն կտրված է իրականությունից, եթե իհարկե երբեւէ ունեցել է իրական եւ իրատեսական հենք: Ռուսաստանը թե քաղաքականության, թե տնտեսության, թե ընդհանրապես հանրային մտածողության եւ արժեհամակարգային պատկերացումների առումով Հայաստանին չի մատուցել արդիականացման որեւէ ռազմավարական առաջարկ, որեւէ մեխանիզմ: Եվ այդ պայմաններում, առնվազն տարօրինակ է, որ բարեփոխումների կողմնակից վարչապետն այդօրինակ ինտենսիվ նախընտրական ռեվերանսներ է անում Ռուսաստանի հասցեին: Ըստ երեւույթին, պատճառն այն է, որ Արեւմուտքը որոշակիորեն հիասթափվում է Տիգրան Սարգսյանից, մեղմ ասած կասկածի տակ դնելով իշխանական համակարգում նրա բարենորոգչական ռեսուրսի արդյունավետությունը: Դրա քննական հանգրվանը պետք է լիներ խորհրդարանի ընտրությանն իշխանության՝ ՀՀԿ-ի դիմագիծը: Բայց այդ դիմագիծը վկայեց՝ համամասնական եւ մեծամասնական պատկերով, որ Տիգրան Սարգսյանը կարծես թե չի անցնում քննությունը: Ու թերեւս պատահական չէր, որ վարչապետը որոշեց կրկին դառնալ ռուսական դիմորդ, այս անգամ արդեն ոչ թե ուսանողի, այլ աղերսողի՝ քաղաքական աջակցություն աղերսողի կարգավիճակում: Մինչդեռ խնդիրն այն է, որ Հայաստանի քաղաքական դաշտում ռուսական դիմորդներն ու աղերսողները բավական շատ են, իսկ ահա նրանց գործունեության օգտակար գործողության գործակիցը՝ ինչպես երկրի վիճակն է վկայում, բավական ցածր է, փոքր, գրեթե զրոյական: Հետեւաբար, հազիվ թե դիմորդների շարքը համալրելով, Տիգրան Սարգսյանը կարողանա նպաստել իրավիճակի բարեփոխմանը, որքան էլ որ ունենա դրա մեծ ցանկություն: Ի դեպ, հնարավոր է իհարկե այսպես ասած վարդանմամիկոնյանական “կեղծ ուրացման” տարբերակը, երբ նախընտրական տակտիկական նպատակներով օգտագործվում է ռուսական լոյալությունը, իսկ ընտրությունն անցկացնելուց հետո շարունակվում պայքարը իշխանության ներսում բարեփոխումների համար: Բայց, վարչապետի գիտելիքն ու ինտելեկտը թերեւս բավարար են հասկանալու համար, որ պուտինյան չեկիստական Ռուսաստանը ամենեւին էլ միջնադարյան Պարսկաստանը չէ, եւ եթե Վարդան Մամիկոնյանին Տիզբոնում պատահեր Պուտինը, ոչ թե ասենք Հազկերտը, ապա Ավարայրի ճակատամարտին Մամիկոնյանը թերեւս ստիպված կլիներ հետեւել ասենք “Տիզբոնսկայա պրավդայի” միջոցով: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: