Wednesday, April 11, 2012

Վաշինգտոնում բացվել է «Հայոց Ցեղասպանության վկաները» վերտառությամբ բացառիկ լուսանկարչական ցուցահանդես

Panorama.am. 11-4-2012- ԱՄՆ-ի Հայոց ցեղասպանության թանգարանը տեղեկացնում է սույն թվականի ապրիլի 5-ից Վաշինգտոնի Քեփիթոլ Հոլում բացված Հայոց ցեղասպանությունը վերապրածների բացառիկ լուսանկարչական ցուցահանդեսի մասին: Թանգարանի տարածած հաղորդագրության համաձայն, այն նախաձեռնվել և իրականացվել է Ամերիկայի Հայկական Համագումարի և Հայկական ազգային ինստիտուտի կողմից: Լուսանկարներն արվել են Ցեղասպանության տարիներին Օսմանյան Թուրքիայում գտնվող գերմանացիների կողմից: Նշվում է, թե Հայոց Ցեղասպանության վերաբերյալ լուսանկարչական վկայություները հազվադեպ են: Չնայած այն հանգամանքին, որ Առաջին աշխարհամարտի տարիներին Գերմանիան և Օսմանյան Թուրքիան ռազմական դաշնակիցներ են եղել և Օսմանյան կայսրության ներկայացուցիչների կողմից արգելք է եղել տեսախցիկներով հայկական արտաքսումների և ջարդերի ֆիքսումը, Օսմանյան կայսրությունում ծառայություն անցնող գերմանացի զինվորականներն, այնուհանդերձ, գաղտնի արձանագրել են հայկական ջարդերի տեսարաններ: Ցուցահանդեսը եվրոպական տարբեր երկրների արխիվներում երկարամյա աշխատանքի արգասիքն է եղել: Ներկայացված լուսանկարների մեծ մասը տասնյակ տարիների մոռացությունից հետո առաջին անգամ են ներկայացվում լայն հանրությանը: Հայերի նկատմամբ թուրքական բռնությունները, գաղթի ճանապարհներին հալածանքները ֆիքսած լուսանկարներն ուղեկցվում են օրագրային գրառումներով և լուսանկարիչների մեմուարներով, որոնք ևս մեկ անգամ հավաստում են լուսանկարչական վկայությունների իսկության մասին:

No comments: