Tuesday, July 10, 2012

Հայաստանը կապի տիեզերական արբանյակ կունենա մինչ 2020 թ-ը

Panorama.am. 10-7-2012- Ռուսական «Ռոսկոսմոս» ընկերությունը հուշագիր է ստորագրել ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության հետ՝ Հայաստանի համար կապի արբանյակ ստեղծելու վերաբերյալ: Այս մասին, ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, նախօրեին կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ռոսկոսմոս» ընկերության ղեկավար Վլադիմիր Պոպովկինը: «Մենք արդեն Հայաստանի Հանրապետության համար արբանյակի ստեղծման վերաբերյալ հուշագիր ենք ստորագրել»,- ասել է Պոպովկինը, հավելելով, թե ստորագրման արարողությունը կայացել է Մեծ Բրիտանիայի միջազգային ավիատիեզերական սրահում: Տեղեկատվության համաձայն, տիեզերական արբանյակը ստեղծվելու է ակադեմիկ Ռեշետնևի անվան «Տեղեկատվական արբանյակային համակարգեր» ԲԲԸ-ի կողմից: «Ռեգնում» գործակալության հետ զրույցում Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանն ասել է, թե մինչ 2020 թ-ը Հայաստանի համար ստեղծվելիք արբանյակի ֆունկցիոնալությունը կախված է լինելու նրա արժեքից և մասշտաբից: Հարությունյանի խոսքերով, կապի արբանյակի առկայությունը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն կունենա, քանի որ այն, առաջին հերթին, կապահովի երկրի ինքնուրույնությունը կապի ոլորտում և հանրապետությունը կդարձնի տիեզերքն ուսումնասիրող փոքրաթիվ պետություններից մեկը: Բյուրականի տնօրենի դիտարկմամբ, Հայաստանի համար կապի արբանյակի ստեղծման գործում առկա է նաև Ադրբեջանի հետ տիեզերքի ուսումնասիրության ոլորտում հավասարակշռության պահպանման գործոնը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը ինտենսիվորեն պատրաստվում է սեփական արբանյակի տիեզերք արձակմանը:

No comments: