Thursday, July 12, 2012

Հայաստան 2020. Ձրի երկիր Նաիրի

Պալաչի ու Գագիկ Ծառուկյանի տրանսպորտային պատերազմին արձագանքել է ԱԺ մարդու իրավունքի եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Էլինար Վարդանյանը: Նա ասել է, որ Պալաչին պատկանող երթուղիների վարորդների գործադուլը չի ազդելու Գագիկ Ծառուկյանի բարեգործության վրա: Հանձնաժողովի նախագահը հավաստիացնում է, որ Գագիկ Ծառուկյանը շարունակելու է բարեգործական երթուղիները նաեւ առաջիկայում, եւ կրկնապատկելու է բարեգործություններին հատկացվող գումարները: Սրանով անշուշտ Հայաստանում կխթանվի գործարարության նոր որակ՝ բարեգործարարներ: Կարելի է պատկերացնել, թե բարեգործարար միջավայրի բարեփոխումների արդյունքում ինչ ծաղկուն երկիր է դառնում Հայաստանը մոտավորապես 2020 թվականին, որի վերաբերյալ մի ժամանակ երիտասարդների մի խումբ ինչ որ պլաններ էր գծում: Մինչ նրանք խոսում էին 2020-ից, Գագիկ Ծառուկյանը փաստորեն սկսեց գործել: Պատկերացրեք, Գագիկ Ծառուկյանն առաջիկայում անվճար շաքարավազ բաժանի Սամվել Ալեքսանյանի շաքարավազի պահեստների ու սուպերմարկետների մոտ: Շաքարավազի բարեգործական հատկացումների կետերին ի պատասխան, Սամվել Ալեքսանյանը բարեգործական անվճար գազալցակայաններ կբացի Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայանների հարեւանությամբ: Ֆլեշ Բարսեղը, արցունքն աչքերին, անվճար կդարձնի բենզալցակայանները: Անմասն չի մնա Ռուբեն Հայրապետյանը, ով Հարսնաքար ռեստորանը կվերածի բարեգործական ճաշարանի: Ծառուկյանի, Ալեքսանյանի, Ֆլեշի ու Հայրապետյանի քայլը թասիբի կգցի Կարեն Կարապետյանին, ով իր ընտանիքին պատկանող Տաշիր պիցցայատներում ռեբրենդինգ կիրականացնի եւ դրանք կվերաբացի “Քաշիր” անվանմամբ՝ որպես անվճար պիցցայատներ, որտեղ ամեն ոք ազատ է քաշելու սրտի ուզածը: Սաշիկ Սարգսյանն անվճար հիմունքներով կաշխատի բարեգործական երթուղիներից մեկում: Ամենայն Հայոց Կաթողիկոսը տեսնելով, որ եկեղեցին հետ է մնում օլիգարխիայից, իր մոտ կկանչի Նավասարդ Կճոյանին եւ կհանձնարարի Բենթլիով անվճար ուղերթեր կազմակերպել Երեւան-Էջմիածին-Երեւան երթուղով: Դրա մասին կտեղեկանա գեներալ Մանվելն ու Մայր Աթոռում եւ Արարատյան դաշտի բոլոր մարդաշատ եկեղեցիներում մոմերի շուրջօրյա անվճար բաժանում կկազմակերպի: Գեներալ Մանվելի քայլից թասիբի կընկնեն մյուս գեներալները, եւ նրանք կսկսեն բանակից երիտասարդների ազատել կամ լավ զորամասեր ուղարկել անվճար: Բուհերը տեսնելով, որ չեն կարողանում մրցակցել բանակի հետ, ուսումը կդարձնեն անվճար, իսկ գերազանցիկների համար կտրվեն Հայաստանի լավագույն առողջարաններում անվճար վերականգնվելու ուղեգրեր: Տեսնելով, որ Հայաստանից ոչ ոք այլեւս չի ցանկանում հեռանալ, Միխայիլ Բաղդասարովը անվճար կդարձնի Արմավիայի չվերթերը Երեւանից դուրս տանող բոլոր ուղղություններով: Զգալով, որ բանկային համակարգը հետ է մնում տնտեսության իրական հատվածից, վարչապետ Տիգրան Սարգսյանը բանկիրներին կհորդորի վարկերի փոխարեն դրամաշնորհներ տրամադրել, ընդ որում առանց որեւէ փաստաթուղթ պահանջելու: Հայաստանում փողի ավելորդությունից ելնելով, կտրուկ կփոխվի դրամաշրջանառության վեկտորը, եւ տրանսֆերտները արդեն ոչ թե Հայաստան կգան, այլ կգնան աշխարհասփյուռ հայությանը: Սփյուռքի նախարարությունը կվերանվանվի Հայաստանի նախարարություն: Արտագաղթած քաղաքացիները ոտքով կներգաղթեն Հայաստան, որովհետեւ Արմավիան Հայաստանից գնալը անվճար դարձնելով՝ պահանջարկի իսպառ բացակայության հետեւանքով, քառակի թանկացրել է Հայաստան գալը՝ պահանջարկի գերծանրաբեռնվածության պատճառով: Քաղաքացիներն ընտրությունների ժամանակ անվճար կդարձնեն իրենց ձայնը եւ ընտրություններում այն կտրամադրեն առանց որեւէ կոպեկի: Հայաստանը կդառնա գերառաջադեմ պետությունների ակումբի՝ Super G-1-ի հիմնադիր անդամ, որի առաջին գագաթնաժողովը տեղի կունենա 2020 թվականին Երեւանում: Lragir.am-ի ֆուտուրիստական դիտարկումների բաժին

No comments: