Wednesday, July 18, 2012

Հմայակ Հովհաննիսյանը` կասկածյալ. մամուլ

«Խորհրդարանական ընտրությունների ընթացքում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի համագյուղացի Սենիկ Ջուլհակյանը երկու քաղաքացիական և մեկ քրեական հայց է ներկայացրել ընդդեմ Հմայակ Հովհաննիսյանի»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում. «Քաղաքացիական գործերից մեկն առնչվում է «Հայհիդրոէներգոնախագիծ» ինստիտուտի աշխատակից կանանց, որոնց, ըստ ներկայացված հայցի, վիրավորել էր Հմայակ Հովհաննիսյանը՝ ասելով. «Դուք նման եք Լֆիկ Սամոյի վարձած կանանց»: Հայցվորը Հմայակից պահանջում է երեք միլիոն դրամ: Սյուս «գործով» Հմայակը վիրավորել է անձամբ Սենիկ Ջուլհակյանին՝ ասելով, որ նա խարդախություններով է զբաղվում: Այս գործի համար էլ հայցվորը պահանջում է երկու միլիոն դրամ: Գումարած մեկական միլիոն՝ փաստաբանական ծառայության համար: Ընդհանուր առմամբ` Հմայակ Հովհաննիսյանից պահանջում է 7 միլիոն: Իսկ քրեական գործն առնչվում է «մատների կոտրմանը». այն է՝ Հմայակ Հովհաննիսյանը միջին ծանրության վնասվածք է պատճառել Ջուլհակյանին, ինչը Հովհաննիսյանը կատեգորիկ ժխտում է: Հիշեցնենք, որ խնդիրն առնչվում է «Հայհիդրոէներգոնախագիծ» ՓԲԸ-ի շենքին, որի բաժնետոմսերը գնել է Ջուլհակյանը, որի մի բաժնեհարկում տեղակայված է Հմայակին պատկանող Քաղաքագետների միությունը: Երեկ ոստիկանության քննչական վարչություն է կանչվել Հմայակ Հովհաննիսյանը, որտեղ հայտարարել են, որ հարուցված քրեական գործով մինչ այդ վկա Հովհաննիսյանն այլեւս կասկածյալ է, և , որպես խափանման միջոց, ընտրվել է քաղաքից չբացակայելու մասին ստորագրությունը»: «Այն օրվանից, երբ հայտարարեցի, որ առաջադրվելու եմ պատգամավորության թեկնածու, դարձա կասկածյալ»,- թերթի հետ զրույցում ասել է Հմայակ Հովհաննիսյանը:

No comments: