Thursday, July 12, 2012

Երբ Հայաստանում թիկնապահները մարդ էին սպանում (ցուցակ)

HayNews.am. 12-7-2012- Հայաստանում այս կամ այն պաշտոնատար անձանց, օլիգարխների թիկնապահների
կողմից մարդ սպանելու «ավանդույթն» այդքան էլ նոր չէ: Այն սկսվում է դեռևս 90-ականներից, երբ հայտնաբերվեց ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի հովանավորության տակ գտնվող խումբը՝ Արմեն Տեր-Սահակյանի գլխավորությամբ, որոնք իրականացրել էին սպանություններ, մարդկանց առևանգումներ և ահաբեկումներ: HayNews.am-ն ամբողջացրել է պաշտոնատար անձանց թիկնապահների կողմից իրականացրած հանցագործությունների մոտավոր ցուցակը, որոնք հնչեղություն են ձեռք բերել մամուլի հրապարակումներում: 1. ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի թիկնապահ Արբակ Բաբասյանը 2000թ.-ի ապրիլի 4-ին, գիշերվա 02:40-ի սահմաններում ԲաղրամյանևԿիեւյան փողոցների խաչմերուկում ատրճանակով սպանեց մի 30-35 տարեկան քաղաքացու: 2. Վրաստանի քաղաքացի Պողոս Պողոսյանը սպանվեց 2001թ. սեպտեմբերի 25-ին, «Առագաստ» սրճարանում՝ այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահների կողմից ծեծվելու արդյունքում: Թիկնապահներից մեկը՝ Ա. Հարությունյանը` «Կուկու» մականվամբ, դատապարտվել է երկու տարվա պայմանական ազատազրկման: 3. 2005թ. փետրվարի 4-ին «ՏԷՑ-ի կռուգ». Տեղի էր ունեցել փոխհրաձգություն «ռազբորկայի» մասնակցող երկու խմբերի միջև, որտեղ սպանվել էր մեկ մարդ՝ Մհեր Տեր-Հովհաննիսյան: Ըստ շրջանառվող լուրերի, միջադեպին մասնակցում էին նաև հայտնի օլիգարխներից մեկի թիկնապահները: 4. 2008 թ.-ի օգոստոսի 29-ին ԱԺ պատգամավոր Լևոն Սարգսյանի (Ալրաղացի Լյով) թիկնապահները ծեծելով սպանեցին Անդրանիկ Բաբայանին, ում, ըստ մամուլի հրապարակումների, շփոթել էին լրագրող Արթուր Սահակյանի հետ: 5. Հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանի անվտանգության աշխատակիցները դաժանաբար ծեծել էին ռազմական բժիշկ Վահե Ավետյանին: Վերջինս հիվանդանոցում այդպես էլ ուշքի չեկավ և մահացավ: 6. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր և գործարար Գագիկ Ծառուկյանի անվտանգության աշխատակիցները սպանել են ռուս զինծառայողի: Ռուս սպային սպանողներն անպատիժ են մնացել։ Հ.Գ. Սրանք այն դեպքերն են, երբ «ախռանիկների» գործողությունների հետևանքով մահացել են մարդիկ: Շատ ավելի շատ է այն դեպքերի թիվը, երբ այս կամ այն օլիգարխի թիկնապահները ծեծել են մարդկանց՝ պատճառելով նրանց տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

No comments: