Tuesday, July 10, 2012

Աշնանը Ֆրանսիայում սկսվելու են Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումները

Tert.am. 10-7-2012- Ֆրանսիան պատրաստվում է Հայոց Ցեղասպանության ժխտումը
քրեականացնող նոր օրինագիծը քննարկման դնել աշնանը, տեղեկացնում է «Ֆրանս պրես» գործակալությունը: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Ֆրանկ Փափազյանը գործակալությանը տեղեկացրել է, որ նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստվում է աշնան երկրորդ կեսին սկսել օրինագծի քննարկումը, որը կներկայացվի կառավարության կողմից: Օլանդը օրերս վերահաստատել էր Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու իր մտադրությունը: Նախագահական նստավայրից հայտարարել էին, որ Օլանդն իր նախընտրական քարոզարշավի ընթացքում արտահայտել է իր դիրքորոշումը և հավատարիմ կմնա դրան: «Մենք պետք է գտնենք մի ճանապարհ, որը նոր նախագծի տեքստը համապատասխան կդարձնի Սահամանադրությանը»,- հայտարարել էին Ելիսեյան պալատից: Ավելի վաղ, նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին զայրացրել էր պաշտոնական Անկարային, սատարելով հայամետ օրինագծին: Դրա` Սենատի կողմից ընդունումից հետո Անկարա-Փարիզ հարաբերությունները սրվել էին: Սակայն Ֆրանսիայի Սահմանադիր խորհուրդը փետրվարին չեղյալ էր համարել ընդունված օրինագիծը, պատճառաբանելով, որ դա ոտնահարում է խոսքի ազատության իրավունքը: Անկարայի իշխանությունը ողջունել էր Սահմանադիր խորհրդի այս քայլը:

No comments: