Tuesday, July 10, 2012

Սիրիայի խնդիրը շատ մեծ ազդեցություն չի կարող ունենալ ռուս-թուրքական տնտեսական հարաբերությունների վրա․ թուրքագետ

«Նախ նկատենք, որ Սիրիայի հետ կապված՝ ձևավորվել է երկու ուժային ճամբար։ Մեկը՝ Արևմուտքը, ՆԱՏՕ-ն և Թուրքիան, որը նրանց խոսնակի դերն է կատարում տարածաշրջանում, և մյուս առանցքը՝ Սիրիան, Իրանը, Ռուսաստանը և նաև մի փոքր՝ Չինաստանը։ Բնական է, որ այս պետությունների շահերը անպայմանորեն բախվելու են իրար»,- անդրադառնալով Փարիզում «Սիրիայի բարեկամների» խմբի հերթական հանդիպմանը մասնակցող Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այն հայտարարությանը, թե անհրաժեշտ է մեկուսացնել սիրիական ռեժիմին աջակցողներին, և մեր այն դիտարկմանը, թե կարո՞ղ է սա սրել Սիրիայի հարցում արդեն իսկ սրված ռուս-թուրքական հարաբերությունները՝ պատասխանեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։ «Այս լարվածությունը կարո՞ղ է հասնել այն մակարդակի, որ սկսի գոհացնել Հայաստանին, թե՞ քաղաքական գործոնից ավելի վճռորոշ կարող է լինել տնտեսական գործոնը»,- «Առաջին լրատվական»-ի այս հարցին Ռ․Մելքոնյանը պատասխանեց․ «Կարծում եմ, որ ռուս-թուրքական հարաբերությունները այս պահին ավելի շատ ունեն տնտեսական բաղադրիչ, և Սիրիայի խնդիրը շատ մեծ ազդեցություն չի կարող ունենալ ռուս-թուրքական տնտեսական հարաբերությունների վրա։ Ինչ խոսք, քաղաքական ոլորտում այն կարող է որոշակիորեն ստվերվել, բայց ուզում եմ նկատենք նաև, որ թուրքական իշխանությունները տիպիկ արևելյան շողոքորթության մեթոդներով ավելի կոշտ հայտարարություններ անում են միայն Սիրիայի իշխանություննրի դեմ, իսկ նրա դաշնակիցների և Ռուսատանի ու Իրանի դեմ Թուրքիայի հայտարարությունները, եթե անգամ լինում են, ապա խիստ հավասարակշիռ են ու խիստ զուսպ։ Անգամ Իրանի դեմ, որը ավելի ներգրավված է այս կոնֆլիկտի մեջ։ Այնպես որ, կարծում եմ՝ Թուրքիան այսօր ավելի շատ խնդիր ունի Սիրիայի դեմ կոնկրետ քայլեր անելու, և այս համատեքստում երկակի խաղ դրսևորելով՝ նա իր ագրեսիվ քաղաքականությունը չի տարածելու Ռուսաստանի և Իրանի վրա, քանի որ ուժային կատեգորիաներն են տարբեր, և նա այս պահին չի ցանկանա լրացուցիչ քաղաքական ախոյաններ ձեռք բերել։ Ինչ վերաբերում է Հայաստանին՝ ես չեմ կարծում, որ Հայաստանը այստեղ կարող է ինչ-որ շոշափելի շահեր ունենալ։ Կարծում եմ, որ ավելի մեծ խաղ է գնում, և Հայաստանը, հայ-թուրքական հարաբերություններն ու Հայոց ցեղասպանության խնդիրը այդ խաղում դեռևս տեղ չունեն»։

No comments: