Thursday, July 12, 2012

«Մենք Ադրբեջանի դրոշը կբարձրացնենք Ստեփանակերտում». Իլհամ Ալիև

Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2012 թվականի առաջին կիսամյակին սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին ու առաջիկա առաջադրանքներին նվիրված՝ նախարարների կաբինետի նիստի ժամանակ անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. «Հետագա ամիսներին ու տարիներին արտաքին քաղաքական դաշտում մեր կապերն ավելի ընդգրկուն կլինեն: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում մենք ունենք սկզբունքային դիրքորոշում: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի եղել և չի էլ լինի բանակցությունների առարկա: Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը: Ես որևէ կասկած չունեմ դրանում: Բանակցային գործընթացը որոշակիորեն կանգ է առել՝ չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների նոր հայտարարությանը, որում հաստատվում է ստատուս-քվոյի անընդունելիությունը: Դեռ կոնկրետ, ռեալ քայլեր չեն կատարվում ստատուս-քվոյի փոփոխման ուղղությամբ: Ստատուս-քվոն պետք է փոխվի, դա անխուսափելի է: Ստատուս-քվոյի փոփոխությունը նշանակում է գրավված տարածքներից հայկական զորքերի դուրսբերում, որից հետո խնդիրը շուտով կկարգավորվի: Վերջին շրջանում ես սկսել եմ մեծ ուշադրություն հատկացնել ժողովրդագրական խնդրին: Այսօր մեր բնակչությունը հասել է 9.3 միլիոնի և մի քանի տարի անց կհասնի 15-20 միլիոնի: Այսինքն, դա բնական գործընթաց է: Մինչդեռ Հայաստանում պատկերն այլ է. այս տարվա առաջին 5 ամիսներին այն մշտական հենքով լքել է 80,000 մարդ: Մինչև տարեվերջ այդ ցուցանիշը կհասնի 170-200,000-ի: Հնարավոր է՝ Հայաստանի ղեկավարությանն ուրախացնում է, որ երկրի բնակչությունը նվազում է: Չէ՞ որ այնտեղ չկան աշխատատեղեր ու գումարներ, տնտեսություն ու արդյունաբերության, չկա ոչ մի հեռանկար: Որքան քիչ լինի Հայաստանի բնակչությունը, այնքան քիչ կլինի նրա կառավարության վրա ընկած բեռը: Մինչդեռ մենք հզորացնում ենք մեր տնտեսությունն ու մեծացնում բնակչության թվաքանակը, ինչն անհրաժեշտ է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման պլանում: Մենք կլուծենք այդ հարցը, և Ադրբեջանի դրոշը կբարձրացնենք Ստեփանակերտում»: Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը մշտապես աչքի է ընկել և ընկնում ռազմատենչ ու դատարկ հայտարարություններ հնչեցնելով։ 1992 թվականին Ադրբեջանի նախագահի պաշտոնում Այազ Մութալիբովին փոխարինած Աբուլֆազ Էլչիբեյն իր երդման արարողության ժամանակ հայտարարեց. «Արդեն 100 օր անց ես թեյ կխմեմ հայերից մաքրված Ստեփանակերտում, ապա ոտքերս կլվանամ Սևանա լճում»: Ընդ որում՝ հոխորտացող Էլչիբեյը խոստացել էր ինքնասպանություն գործել, եթե չիրագործի իր այդ խոստումը: Սակայն երդմնազանց ադրբեջանցին իր խոստմանը տեր չեղավ և 2000 թվականի օգոստոսի 22-ին իր մահկանացուն կնքեց Անկարայի հիվանդանոցում, ուր բուժվում էր քաղցկեղից:

No comments: