Thursday, July 12, 2012

«Հրապարակ». Ի՞նչ են պայմանավորվել ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն

Թերթն անդրադառնում է ներքաղաքական հնարավոր զարգացումներին` մասնավորապես ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության մասին գրելով. «Ինչու պետք է ՀԱԿ-ը նախագահական ընտրություններում պաշտպանի ԲՀԿ թեկնածուին, և ով կարող է լինել այդ թեկնածուն: Ինչպես արդեն գրել էր թերթը, վերջին հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը հստակորեն հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանն իրենց համար չի կարող նախագահի ընդունելի թեկնածու լինել, քանի որ նրա շուրջ համախմբում կայացնելն անհնարին գործ է: Ամենահարմար և բոլորի համար ընդունելի թեկնածուն կարող է լինել Վարդան Օսկանյանը: Համոզել ՀԱԿ ակտիվին, որ պետք է պաշտպանել Վարդան Օսկանյանին, դժվար չի լինի, մանավանդ որ կան այլ ավելի ծանրակշիռ փաստարկներ ևս: Թերթին հասած տեղեկությունների համաձայն, ըստ ՀԱԿ-ԲՀԿ պայմանավորվածության, Վարդան Օսկանյանի նախագահ ընտրվելու դեպքում վարչապետ է նշանակվելու Ռոբերտ Քոչարյանը, ով, հասկանալի է` ամբողջովին իր ձեռքում կկենտրոնացնի իշխանությունը: Բայց այդ իշխանությունից որոշակի մասնաբաժին կտրվի ՀԱԿ-ին: Մասնավորապես փոխվարչապետի պաշտոնը խոստացվել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանին, իսկ ՀՀ գլխավոր դատախազինը` Գագիկ Ջհանգիրյանին: ՀԱԿ-ին կառավարությունում կտրվեն ևս մի քանի նախարարական պաշտոններ: Այս հեռանկարը բավական ոգևորիչ է ՀԱԿ ակտիվի ներկայացուցիչների համար, քանի որ նրանք մի կողմից չեն ցանկանում ընդդիմություն լինել, մյուս կողմից էլ այլևս չեն հավատում, որ ՀԱԿ-ը կարող է հաղթել որևէ ընտրությունում: Այս պայմանավորվածության կողմ կարող է դառնալ նաև ՀՅԴ-ն: Դաշնակցությունը մի տեսակ խանդով է վերաբերվում այն բանին, որ կարող է Տեր-Պետրոսյան-Քոչարյան դաշինք կայանալ, և այդ դաշինքում իրենք ունեն ոչ թե առանցքային, այլ, ավելի շուտ` օժանդակ նշանակություն: Բայց ի վերջո նրանք համոզվելու են, որ այլընտրանք գոյություն չունի, և պետք է հարմարվել իրերի գործող վիճակի հետ: Միակ խորհրդարանական ընդդիմությունը, որը չի միանա այս դաշինքին, «Ժառանգությունն» է, քանի որ այս ուժի ներկայացուցիչները, գոնե առայժմ, չեն միացել ԲՀԿ-ՀԱԿ դաշինքին, միևնույն ժամանակ ընդդիմադիր լինելով գործող իշխանությանը: Չնայած սա իրադարձությունների զարգացման միակ սցենարը չէ: ԲՀԿ վերնախավում հնարավոր են համարում, որ հասարակությունը չընդունի Օսկանյան այլընտրանքին, և նրա շուրջ «համազգային» համախմբում չկայանա: Այդ դեպքում ԲՀԿ-ն կգերադասի պաշտպանել Սերժ Սարգսյանին` պայմանով, որ նախագահական ընտրություններից հետո վարչապետ նշանակվի ԲՀԿ-ի համար նախընտրելի որևէ գործիչ: Այդ դեպքում ՀԱԿ-ը կհայտնվի լուսանցքում, և կհայտարարվի, որ խառնակիչները հաջողության հասան ու ԲՀԿ-ին մղեցին Սերժ Սարգսյանի գիրկը»:

No comments: