Monday, July 16, 2012

Ադրբեջանի բանակը չի ոչնչացնի մեր ինքնաթիռները. Ադրբեջանին դիվանագիտորեն «նեղեցին»

«Լրագիր» 16-7-2012- Շուրջ 1.5 տարի շահարկվող Ստեփանակերտի օդանավակայանի բացման հարցը ի վերջո ստացավ իր լուծումը: Պաշտոնական Բաքուն հավաստիացրեց ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահներին, որ ուժ չի կիրառի քաղաքացիական օդանավերի հանդեպ: Ամփոփելով հունիսի 10-13 տարածաշրջան կատարած այցը` համանախագահները մասնավորապես ասել են. «Ստեփանակերտում օդանավակայանի բացման ծրագրի առթիվ մենք կողմերից հավաստիացումներ ենք ստացել, որ խնդրին անդրադարձ կկատարվի միայն դիվանագիտական քայլերի տեսքով, և հարցը չի քաղաքականացվի: Օդանավակայանի գործունեությունը չի կարող օգտագործվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը փոխելու համար և կոչ ենք անում թռիչքներն իրականացնել միջազգային իրավունքի պահանջներին համապատասխան»։ Սա այն իդեալական տեքստն է, որն ի չիք է դարձնում Բաքվի` հանձին այդ երկրի նախագահի ամբողջ աշխատակազմի 1.5 տարվա «քրտնաջան» աշխատանքը` ուղղված, թե՛ ներքին սպառողին, թե՛ Հայաստանի և Արցախի հասարակությանը վախեցնելուն, թե՛ միջազգային հանրությանը ուլտիմատումներ ներկայացնելուն: Տեքստի առաջին մասը, թե իբր կողմերից հավաստիացումներ են ստացել, որ խնդրին կմոտենան դիվանագիտական ճանապարհով, շատ պարզ է և հասկանալի, որ «կողմեր» ասելով համանախագահները կրկին տարրական դիվանագիտական զգուշավորությամբ և տակտով են հանդես եկել` փորձելով խնդրին լուծում տալ առանց որևէ կոնկրետ կողմին «ներվայնացնելու»: Բոլորի համար էլ պարզից էլ պարզ է, որ միակ կողմը, ով ատամները կրճտացնում է «օդանավակայան» բառը լսելիս, Ադրբեջանն է, և կրկին միակ կողմը, ով խնդիրը քաղաքականացնում է` երգելով «մշտադալար երգը» տարածքների օկուպացման մասին և խոչընդոտելով խնդրի կառուցողական և խաղաղ կարգավորմանը, ևս մեր անփոխարինելի հարևան Ադրբեջանն է: Տեքստի հաջորդ մասը, որտեղ համանախագահներն ասում են, թե իբր օդանավակայանի բացման հարցը չի կարող օգտագործվել Արցախի կարգավիճակը փոխելու համար, պատկերացրեք ոչ մի տարօրինակ բան էլ չկա: Իհարկե չի կարող օգտագործվել: Ինչպես օրինակ չի կարող օգտագործվել այն հանգամանքը, որ համանախագահները շարունակաբար պնդում են, որ Արցախը ուշ թե շուտ պետք է ուղղակի մասնակցություն ունենա բանակցային գործընթացին: Բոլոր այն այցերը Արցախ և հանդիպումները ԼՂՀ իշխանությունների հետ ևս չեն կարող օգտագործվել Արցախի կարգավիճակը փոխելու համար: Համանախագահների կողմից բազմիցս հնչած հայտարարությունները, որ Նրանք հանդիպումներ են ունենում պաշտոնական Ստեփանակերտի հետ` լսելով ԼՂՀ ժողովրդի առաջարկները և ներկայացնելով բանակցային գործընթացի մանրամասները ևս, չեն կարող օգտագործվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը փոխելու համար: Փաստորեն, ըստ համանախագահնեի ներկայացրածի, անկախ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներից, ոչինչ էլ չի կարող ազդել հակամարտության լուծման իրենց «նախագծած» ուղղու վրա: Այսինք ընթանում են բանակցություններ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ, և բացառվում է խնդրի կարգավորման ուժային տարբերակը: Անկեղծ ասած ինձ սա դուր է գալիս: Հուսանք Բաքուն նույնպես պատրաստակամ է խնդիրը լուծել «նախագծած» սցենարով: Չմոռանանք նշել վերջին և ամենակարևոր նախադասությունը համանախագահների հայտարարությունից. «կոչ ենք անում թռիչքներն իրականացնել միջազգային իրավունքի պահանջներին համապատասխան»: Համարենք ԼՂՀ-ն կոչն ընդունեց ի գիտություն: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, համարենք, որ Ալիևը «բարի կամք» և «մարդասիրություն» դրսևորեց և համաձայնեց թույլատրել թռիչքներն իրականացնել «իր սահմաններում»: Այսպիսով, համարենք օդանավակայանի հարցը լուծված: Կողմերը գոհ են և ուրախ, սակայն հարկ է նշել, որ մարդ մեծ-մեծ խոսելուց առաջ պետք է մտածի, թե չէ ինչպես կարգն է, հետագայում հայտնվում է մի փոքր անհարմար իրավիճակում: Կարող ենք սա կոչել, որպես կողմերի միջև ձեռք բերված համաձայնություն, համանախագահների աշխատանքի արդյունք և այլն և այլն, բայց, այնուամենայնիվ, մի բան շատ հստակ է. պաշտոնական Բաքվին իր տեղը ցույց տվեցին և հասկացնել տվեցին, որ քաղաքացիական օդանավեր ոչնչացնելուն ողղված իր հիստերիկ հայտարարությունները ոչ ոք չի աջակցում և չի էլ կարող աջակցել: Ամփոփելով մեր վերընշված համեստ մակերեսային վերլուծությունը` եղածը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ. Ադրբեջանի բանակը չի ոչնչացնի հայերի ինքնաթիռները. Ադրբեջանին դիվանագիտորեն «նեղեցին»: Էրիկ Երիցյան

No comments: