Thursday, July 12, 2012

Սերժ Սարգսյանը Վալենտինա Մատվիենկոյի հետ քննարկել է հայ-ռուսական համագործակցությունը

News.am. 11-7-2012- Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն, այսօր՝ հուլիսի 11-ին, ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը: Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել է հայ-ռուսական հարաբերություններին եւ տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի ընդգրկուն օրակարգ: Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այդ օրակարգը շատ հարուստ է, եւ այն թույլ է տալիս առաջ մղել երկու երկրների միջեւ առկա բարձր մակարդակի հարաբերություններն ու քաղաքական երկխոսությունը: Հանրապետության ղեկավարի համոզմամբ, հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված ռազմավարական գործընկերությունը երկու պետությունների համար ամուր հիմք է բոլոր ուղղություններով շարունակելու զարգացնել եւ խորացնել փոխշահավետ գործակցությունը: Նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն կարեւորելով օրենսդիր մարմինների միջեւ համագործակցությունը՝ բարձր են գնահատել միջխորհրդարանական հանձնաժողովի անցած տարիների աշխատանքը: Վալենտինա Մատվիենկոն համոզվածություն է հայտնել, որ միջխորհրդարանական հարաբերությունները կարող են եւ պետք է ծանրակշիռ ներդրում ունենան միջպետական հարաբերությունների զարգացման գործում: Զրուցակիցները գոհունակությամբ են խոսել երկու երկրների հարաբերություններում կարեւոր բաղկացուցիչ համարվող տնտեսական եւ հումանիտար ոլորտներում փոխգործակցության մասին, որտեղ, կողմերի համոզմամբ, մեծ դեր ունի նաեւ տարածաշրջանների միջեւ հաջողությամբ զարգացող համագործակցությունը: Երկուստեք բարձր է գնահատվել նաեւ ՀՀ եւ ՌԴ միջեւ երկկողմ ձեւաչափից բացի, ԱՊՀ եւ ՀԱՊԿ շրջանակներում գործակցությունը: Հանրապետության նախագահը եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահը կարեւորել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում եւս խորհրդարանականների ակտիվ համագործակցությունը:

No comments: