Wednesday, July 11, 2012

«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնության հայտարարությունը

«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կոչ է անում բոյկոտել Ռուբեն Հայրապետյանին պատկանող ընկերությունների մատուցած ծառայությունները եւ արտադրած ու ներմուծած ապրանքները (Բջնի, Նոյ, «Հարսնաքար», ADB բանկ եւ այլն)։ Ստորեւ ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ. «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնությունը միավորում է ազատ ու գիտակից մարդկանց, որոնք գործում են ինքնուրույն ու կամավոր սկզբունքներով: Մեր գործունեության ելակետային սկզբունք է ոչ բռնի պայքարը, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության ապահովումը: Մենք առաջնորդվում ենք մարդու հիմնարար իրավունքների, սահմանադրականության, իրավունքի եւ սահմանադրությանը համապատասխանող օրենքների գերակայության սկզբունքներով: Մեր հավաքական նպատակն է կյանքի եւ մյուս հիմնարար իրավունքների պաշտապանությունը, արդարության հաստատումը եւ արդարադատության իրականացումը եւ անպատժելիության մթնոլորտի վերացումը: Մեր բոլոր գործողություններով մենք նպաստելու ենք Սահմանդրական կարգի հաստատմանը եւ իրավական պետության կերտմանը: Մենք պահանջում ենք. Դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործում Ռուբեն Հայրապետյանին ներգրավել որպես կասկածյալ ու ձերբակալել, ինչպես նաեւ քրեական գործում ներգրավել հունիսի 17-ի հանցագործության հետ առնչված բոլոր անձանց (մանրամասն` տես նախաձեռնության հայտարարությունն առ 04.07.2012): Փաստի առթիվ հարուցված քրեական գործը վերցնել ոստիկանության վարույթից եւ տեղափոխել Հատուկ Քննչական Ծառայության վարույթ: Իրականացնել անկողմնակալ քննություն, լինել հաշվետու եւ բաց: Ռուբեն Հայրապետյանին հեռացնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից: Ապահովել տուժածների եւ նրանց հարազատների անվտանգությունը եւ բացառել հնարավոր ճնշումները նրանց նկատմամբ: «Հարսնաքար» համալիրը ճանաչել որպես քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար պատասխանատու իրավաբանական անձ ու պարտադրել վնասի փոխհատուցում տրամադրել ՀՀ օրենսդրությանը համապատասխան: Դադարեցնել «Հարսնաքար» համալիրի գործունեությունը` կյանքի համար անվտանգ ծառայություններ մատուցելու անկարողության հիմնավորմամբ: Ռուբեն Հայրապետյանին պատգամավորական մանդատից զրկելու գործընթացն իր ավարտին հասցնելու նպատակով Ազգային Ժողովի պագամավորները պետք է հրավիրեն արտահերթ նստաշրջան: Այս պահանջների իրագործմանն ուղղված մի շարք գործողություններին զուգահեռ` նախաձեռնությունը քաղաքացիներին մասնավորապես կոչ է անում` Բոյկոտել Ռուբեն Հայրապետյանին պատկանող ընկերությունների մատուցած ծառայությունները եւ արտադրած ու ներմուծած ապրանքները (Բջնի, Նոյ, «Հարսնաքար», ADB բանկ եւ այլն)։ ակտիվորեն մասնակցել Ռուբեն Հայրապետյանին մուտքի թույլտվություն չտրամադրելու պահանջով դիվանագիտական առաքելություններին ուղղված նամակի ստորագրահավաքին (http://www.facebook.com/events/359194837484395/) մասնակցել «Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ կազմակերպվող հրապարակային միջոցառումներին: Նախաձեռնությունը ստեղծվել է հունիսի 17-ին իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում վերջինիս թիկնազորի կողմից մի խումբ զինվորական բժիշկների խոշտանգումից հետո` խնդիր ունենալով հետամուտ լինել միջադեպի իրական պատկերի բացահայտմանն ու բոլոր մեղավորներին արդարադատության առջեւ կանգնեցնելուն: Հիշեցնենք, որ խոշտանգման ենթարկված ՀՀ քաղաքացիներից մեկը` բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, այդպես էլ գիտակցության չգալով, հունիսի 29-ին հեռացավ կյանքից»:

No comments: