Wednesday, July 11, 2012

Ֆրանսիան Ցեղասպանության օրինագիծը կրկին շրջանառելու ուղիներ է փնտրում. դեսպան

Tert.am. 11-7-2012- Ֆրանսիայի գործող նախագահը հավատարիմ է մնալու նախընտրական շրջանում արած իր հայտարարություններին և այնպիսի քաղաքականություն է վարելու, որպեսզի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը նորից շրջանառության մեջ դրվի, այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն: «Այսօր փնտրվում են այն բոլոր միջոցները, որոնք կօգնեն այդ օրինագիծը կրկին շրջանառության մեջ դնել: Որքան հիշում եմ, նախընտրական շրջանում ապագա նախագահն ասաց, որ երկար ժամանակ չի սպասելու, օրինակ՝ մինչև իր նախագահական մանդատի ավարտը, որպեսզի շրջանառության մեջ դնի այդ օրինագիծը»,- ասաց նա: Դեսպանը նշեց, որ իր համար ի պաշտոնե կարևոր են միայն Ֆրանսիայում նախագահի մակարդակով արված հայտարարությունները: «Ելիսեյան պալատը խորհում է այն եղանակների մասին, թե ինչ կերպ օրինագիծը կրկին վերադարձնել խորհրդարան: Դա արվոմ է առանց այս կամ այն երկրի ազդեցությամբ»,– ընդգծեց նա: «Սա Ֆրանսիայի նախաձեռնություն է: Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացումը նրբին հարց է, քանի որ Ֆրանսիայում են ապրում ցեղասպանությունից փրկված հայեր»,- ավելացրեց Անրի Ռենոն։

No comments: