Monday, July 16, 2012

Հայաստանը վաղ թե ուշ ստիպված է լինելու

«Լրագիր» 16-7-2012- Հուլիսի 14-ին աշխատանքային այցով Հայաստանում էր Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն, ով Երեւան էր եկել Հայաստանի արտգործնախարարի հրավերով: Վրաստանի նախարարի այցը Հայաստանում կարծես թե աննկատ անցավ: Ի՞նչն է դրա պատճառը: Շաբաթ-կիրակի՞ն, թե պարզապես պայմանականություններով լեցուն Հայաստանում դրանք շատ են նաեւ քաղաքական գործընթացների պրիզմաներում, եւ եթե պետությունը հնչեղ անուն չունի եւ համաշխարհային դերակատար չէ, կամ չկա միջպետական որեւէ սկանդալ, այդ երկրի արտգործնախարարի այցը Հայաստանում այդքան էլ հետաքրքրող չէ: Մինչդեռ, Վրաստանը Հայաստանի համար ռազմավարական կարեւորության պետություն է, եւ առավել եւս նկատի ունենալով պարբերաբար ջրի երես լողացող հայ-վրացական խնդիրներն ու տարակարծություները, Վրաստանի արտգործնախարարի հայաստանյան այցը, կամ հակառակ ուղղությամբ այցերը թերեւս հանդիսանում են չափազանց կարեւոր քաղաքական իրադարձություններ: Առավել եւս, եթե այդ իրադարձությունները տեղի են ունենում տարածաշրջանային զարգացումների հետաքրքրական շղթայի մեջ: Լինելով երկու հարեւան եւ ունենալով Ջավախքի պես կարեւորագույն տարածաշրջան՝ երկկողմ հարաբերության վրա ազդեցության տեսանկյունից, Հայաստանն ու Վրաստանը թերեւս պետք է չափազանց հստակ եւ կոնկրետ լինեն միմյանց հանդեպ հարաբերություններում եւ խուսափեն երկակի խաղերից կամ երկակի ստանդարտներից: Երկու երկրները հայտարարում են, թե միմյանց միջեւ չկա մի հարց, որ հնարավոր չլինի լուծել բանակցության միջոցով: Դա գրեթե ոչինչ չասող հայտարարություն է, որովհետեւ դրա ըստ էության բովանդակությունը խոսում է հայ-վրացական փաստացի հեղհեղուկ փոխհարաբերության մասին, երբ կայունությունն ու ստրատեգիական կանխատեսելիությունը շատ ցածր մակարդակի վրա է: Նույնիսկ այնպիսի տպավորություն է, որ երկու երկրները շփվելով միմյանց հետ, այդուհանդերձ այդ պահին մտքերում ունեն մի երրորդ երկիր, գուցե նույնիսկ չորրորդ, հինգերորդ: Վրաստանը գրեթե բացակայում է նաեւ Հայաստանի քաղաքական դասի օրակարգից: Օրինակ, կարեւոր քաղաքական գործընթացներում կարող են տեսակետներ հնչել հայ-թուրքական, հայ-ռուսական, հայ-իրանական, հայ-ամերիկյան փոխհարաբերությունների մասին, բայց հայ-վրացական հարաբերությունը կոնցեպտուալ առումով տեղ չի գտնում հայաստանյան քաղաքական օրակարգում: Եվ դա նրանից չէ, որ ամեն ինչ լավ է, այլ թերեւս նրանից, որ այդ դասն իր օրակարգը ձեւավորելիս առաջնորդվում է ոչ թե Հայաստանի պետական շահի եւ դրա բանաձեւման հանդեպ սեփական պատասխանատվությամբ, այլ պայմանականություններով, կլիշեներով, աշխարհաքաղաքական նորաձեւությունից հետո չմնալու գավառաքաղաքական ձգտմամբ: Գուցե նույնն է նաեւ Վրաստանում: Բայց, Հայաստանի համար մեծ հաշվով էական չէ, թե ինչպիսին է վերաբերմունքը Վրաստանում: Եթե նույնն է, ապա վատ է, բայց Հայաստանն իր վերաբերմունքի վերանայմամբ պետք է Վրաստանին համարժեք վերաբերմունք թելադրի: Թվում է, թե երկուստեք ներքին մղում կամ անգամ պայմանավորվածություն կա հայ-վրացական հարաբերությունը պահել հրապարակայնությունից որքան հնարավոր է զերծ, որպեսզի այն չվնասվի կամ չենթարկվի այլ մանիպուլյացիաների: Բայց, դա գուցե այդքան էլ հուսալի պաշտպանություն չէ, որովհետեւ ժամանակակից քաղաքականության եւ ինֆորմացիայի տեխնոլոգիական հնարավորությունները թույլ են տալիս տիրապետել նույնիսկ ամենակուլիսային իրողություններին, եւ այդ դեպքում արդեն ոչ հրապարակայնությունն ավելի է մեծացնում մանիպուլյացիաների հնարավորությունը եւ ռիսկը: Մինչդեռ Հայաստանն ու Վրաստանը միմյանց հետ շատ հարցեր ունեն լուծելու, գրեթե հարատեւ հարցեր, որոնք պետք է լինեն պարբերական լուծման գործընթացում: Համենայն դեպս, Հայաստանը պարտավոր է մշտապես լինել այդ գործընթացի մեջ եւ զբաղվել դրանով, թե հայ-վարացական տիրույթում՝ սկսած Ջավախքի հայապահպանությունից մինչեւ վիրահայ համայնքի խնդիրների փաթեթն ամբողջությամբ՝ կազմակերպականից մինչեւ սոցիալ-մշակութային, թե տարածաշրջանային բազմաշերտ առումով: Վրաստանն այլընտրանք չունի՝ այդ հարցում կամ լինել Հայաստանի հետ, կամ շարունակաբար անիմաստ մանեւրել տրանզիտային տարածքի խաբկանքի ներքո, ի վերջո դառնալով թուրք-ադրբեջանական մի “հողամաս”, որը վաղ թե ուշ թուրքերը վարձակալության կտան Ռուսաստանին: Իսկ Արեւմուտքի վրա հույս դնելը Թբիլիսիի համար բացարձակապես անիմաստ է, որովհետեւ Արեւմուտքի համար տարածաշրջանային քաղաքականության հիմնական առանցքը Հայաստանն է, իսկ Վրաստանը՝ պահեստային տարբերակ: Անցած 7-8 տարիները վկայեցին, որ տարբերակը որքան էլ արդյունավետ է աշխատում, այդուհանդերձ ստրատեգիական խնդիրները լուծել առանց հիմնական առանցքի՝ գործնականում խիստ անարդյունավետ մարտավարություն է: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: