Thursday, July 12, 2012

Վահե Ավետյանի սպանության քառասունքի օրը վերածել համահայական մոմավառության օրվա. «Վահե Ավետյան» շարժման նախաձեռնող խմբի կոչը

Վահե Ավետյանի սպանության Քառասունքի օրը վերածել համահայական մոմավառության օրվա. նման կոչով այսօր
հրավիրված մամուլի ասուլիսում հանդես եկան «Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խմբի մասնակիցները, կոչ անելով թե՛ Հայաստանի, թե՛ Սփյուռքի մեր հայրենակիցներին մասնակցել մոմավառությանը՝ հարգելով Վահե Ավետյանի հիշատակը: «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը, բացի վերը նշված հայտարարությունից, նաև անդրադարձավ նախաձեռնության հետագա անելիքներին.«Վահե Ավետյանի ընտանիքը նոր է միայն փաստաբաններ վարձել: Կսպասենք, որ առաջիկա օրերին փաստաբանները ծանոթանան գործին, որից հետո նրանց հետ համագործակցելով՝ կհայտարարենք»: Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, ով նույնպես նախաձեռնության անդամ է, նշեց, որ օրերս, դեպքի առիթով, ՀՀ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետի հրավիրած մամուլի ասուլիսը հուշում է, որ գործ ունենք հերթական դեպքը կոծկելու փորձի հետ. «Անզեն աչքով երևում է, որ կան բազմաթիվ հակասություններ՝ այդքան կտրուկ եզրակացությունները, Ռուբեն Հայրապետյանին՝ մեկ անգամ որպես վկա հրավիրելը, մեզ հուշում են, որ հերթական փորձն է արվում այս գործը կոծկելու և վերածելու Պողոս Պողոսյանի սպանության նմանօրինակին: Եթե հիշում եք, այնտեղ էլ վրա հասած մահը, ներակայացվեց այսպես՝ ոչ թե սպանվել է ծեծի հետևանքով, այլ դեպքը մի շարք մեղմացնող հանգամանքներում է եղել»: Լարիսա Ալավերդյանը նշեց, թե հստակ նշմարվում է, որ 5-10 տարի պատժամիջոց սահմանելով, կփորձեն ժողովրդի արժանապատվությունը կրկին նսեմացնել. «Մեր նպատակն է, համաչափ պատժելիության հասնել, սա է բարձրացվող հասարակական ալիքի հիմքն ու պատճառը: Մենք գնալու ենք այդ ճանապարհով և անելու ենք մեր սեփական վերլուծությունը՝ վեր հանելու ճշմարտությունն ու իրականությունը»,-ասաց նա: Լարիսա Ալավերդյանը վստահեցնում է, որ ոչ թե իրենք են քաղաքականացնում երևույթը, այլ հենց իշխող կուսակցությունը. «Նույն քաղաքական ուժերը ուզում են կոծկել, իսկ հասարակական նախաձեռնությունները, ընդհակառակը՝ վերհանել: Հնչեցվող անուններում պատգամավոր կա և, փոխարենը, հստակ դիրքորոշումներով հայտարարություն անելու, նշում են, թե սա միակ դեպքը չէ»,-ասաց նա: Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ իրենք ոչ մեկին ոչնչացնելու նպատակ չունեն, ընդամենը ուզում են, որ հաշվի նստեն հայ հանրության հետ՝ «զուտ մարդասիրական, օրինական և արժանապատվության վրա հիմնվելով»:

No comments: