Thursday, July 12, 2012

Իրանը հերքել է նավթի արդյունահանման կտրուկ նվազման մասին տեղեկատվությունը

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը հերքել է նավթի արդյունահանման կտրուկ նվազման մասին տեղեկատվությունը: Իրանի նավթարդյունաբերության ներկայացուցիչների նիստից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Իրանի Ազգային նավթային ընկերության ղեկավար Ահմեդ Գալեբանին հայտարարել է, որ իրականության չեն համապատասխանում այն լուրերը, թե Իրանում նավթի արդյունահանումը նվազել է 20-30 տոկոսով: Գալեբանին հավելել է, որ Իրանում նավթի արդյունահանումը կազմում է 4 միլիոն բարել, և որ ամեն ինչ ընթանում է պլանավորածի պես: Գալեբանիի խոսքերով՝ մի շարք հանքավայրերում իրենք իրականացնում են պլանային կապիտալ աշխատանքներ, ինչի հետևանքով նավթահանքերից մեկում նավթի արդյունահանումը նվազել է 50,000, իսկ մյուսում՝ 70,000 բարելով, սակայն ոչ 20-30 տոկոսով: Հիշեցնենք, որ սրանից առաջ բրիտանական The Financial Times թերթը գրել էր, որ այս տարվա հունիսին Իրանում նավթի արդյունահանման ծավալը կտրուկ անկում է ապրել՝ կազմելով վերջին 20 տարիների համար նվազագույն ցուցանիշը: Թերթի տվյալներով՝ հունիսին նավթի օրական միջին արդյունահանումն ընկել է մինչև 3.2 միլիոն բարելի, ինչպես որ 1992 թվականին էր: Բացի այդ, ակնկալվում է, որ արդեն հուլիսին նավթի օրական արդյունահանումը Իրանում կնվազի մինչև 1.1-1.3 միլիոն բարելի:

No comments: