Monday, July 16, 2012

Ով ավելի արագ «կբացի» Հայաստանը

«Լրագիր» 16-7-2012- Տարածաշրջանում ինչ-որ մեծ նախագիծ է պատրաստվում, չնայած, ավելի ճիշտ, նախագծերը մի քանիսն են, եւ այս անգամ գլխավորը դրանցում Հայաստանն է: Այդ են վկայում Հայաստանի հարեւան երկրների բարձրաստիճան պաշտոնյաների այցերը: Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի այցը մամուլում ուղեկցվել է Վրաստանով եւ Աբխազիայով Հայաստանից Ռուսաստան երկաթուղին վերականգնելու մասին հարցազրույցով: Վրաց նախարարը հասկացնել է տվել, որ իր երկիրը կարող է համաձայնվել, եթե միայն Ռուսաստանն Աբխազիան վիճելի տարածք ճանաչի: «Էխո Մոսկվիին» տված հարցազրույցում նա նշել է, որ երկաթուղին պետք է ոչ թե Հայաստանին, այլ Ռուսաստանին՝ Գյումրիի իր բազան ապահովելու համար: Իսկ Վրաստանին այն ընդհանրապես անհրաժեշտ չէ: Ըստ ամենայնի, Ռուսաստանը որոշել է առաջ քաշել տարածաշրջանային երկաթուղու նախագիծը: Թերեւս հենց Վաշաձեին համոզելու համար է Մոսկվան խնդրել նրան Երեւան հրավիրել: Ինչպես հայտնի է, Հայաստանը ժամանակին համոզել էր Վրաստանին բացել Վերին Լարսը, որպեսզի Ռուսաստանի հետ ցամաքային հաղորդակցություն ունենա: Այն մասին, թե Երեւանում խորհրդակցություններն ինչպես են անցել, ոչինչ հայտնի չէ. ամենայն հավանականությամբ, Հայաստանը չի համոզել Վրաստանին, կամ էլ չի ցանկացել համոզել: Հատկանշական է, որ նույն օրերին տեղեկություն է հայտնվել, որ եթե հաջողվի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բացել երկաթուղային հաղորդակցությունը, ապա հայերը կարող են օգտվել Տրապիզոնի նավահանգստից ապրանքները տեղափոխելու համար: Ինչպես հայտնի է, Կարս-Գյումրի երկաթուղու վերականգնման ակտիվ լոբբինգ է իրականացնում ԱՄՆ-ը: Փաստացի, ԱՄՆ-ը եւ Ռուսաստանն այժմ մրցում են, թե ով առաջինը կբացի Հայաստանի երկաթուղային շրջափակումը: Երկաթուղու համար պայքարը կարող է կոշտ լինել, եւ Հայաստանին հարկ է հաշվել բոլոր դրական եւ բացասական կողմերը: Հետաքրքիր է նաեւ Իրանի ակտիվացումը: Հայաստան է պատրաստվում ժամանել Իրանի բնապահպանություն նախարարը եւ մի քանի փորձագետներ, ովքեր կուսումնասիրեն իրավիճակը Սյունիքի մարզում: Հենց այդ մարզով պետք է անցնի հայ-իրանական երկաթուղին, եթե կառուցվի: Հնարավոր է, իրանցի մասնագետները չեն հավատացել հայկական նախահաշիվներին՝ համարելով, որ այնտեղ ամեն ինչ, ինչպես միշտ, չափից դուրս ուռճացված է, եւ որոշել են անձամբ ուսումնասիրել տեղանքը եւ կատարել հաշվարկները: Ամեն դեպքում, ակնհայտ է, որ աշնանը Հայաստանին հարկ է լինելու ընտրել, թե ապաշրջափակման որ միջոցն է գերադասելի: Հայաստանի վրա արդեն այժմ ճնշում է գործադրվում, այդ թվում, գազի թանկացման եւ այլնի միջոցով, սակայն Երեւանը, ըստ ամենայնի, հասկանում է, որ ողջ այս «մարտն» ընթանում է ոչ թե իր գեղեցիկ աչքերի համար, այլ պարզապես աշխարհաքաղաքական հսկաներին շատ անհրաժեշտ է, որ Հայաստանը լինի բարիկադի իրենց կողմում: Երեւանն էլ պետք է առավելագույնս օգտագործի այդ արժեքավոր պոտենցիալը ոչ միայն շրջափակումը ճեղքելու, այլեւ ինքնիշխանությունը վերականգնելու համար, որքան հնարավոր է նվազեցնելով արտաքին կախվածությունը: Նաիրա Հայրումյան

No comments: