Monday, July 16, 2012

ԲՀԿ-ի փարիսեցությունը

HayNews.am. 16-7-2012- «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության 37 պատգամավորներից միայն 7-ն էին, որ ստորագրել էին «Հարսնաքարի» սպանության գործով ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու որոշման նախագծի տակ: Իրականում, պարզ էր, որ այդ նախաձեռնությունն ի սկզբանե դատապարտված է տապալման, ավելին, այդ հասկանում էին նաև կազմակերպիչները, ովքեր, ի դեպ, այդպես էլ մեծ հաշվով չբացահայտվեցին, քանի որ Հայ ազգային կոնգրեսի պատգամավորներն ասում էին, թե իրենք են նախաձեռնել, «Ժառանգությանը»՝ իրենք: 44 պատգամավորի ստորագրություն հավաքելն այսօր Հայաստանի խորհրդարանում այնքան էլ դժվար չէ, կամ առաջին իսկ հայացքից թվում է, թե դյուրին է: Բանն այն է, որ իրեն ընդդիմություն հռչակած ԲՀԿ-ն միայն ունի 37 պատգամավոր, և եթե նրանց միանան ՀԱԿ-ը, «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն, ապա արտահերթ նստաշրջան հրավիրելը դառնում է անխուսափելի: Բայց ինչպես և սպասվում էր, ԲՀԿ-ականները, ովքեր իրենք իրենց ընդդիմություն են հայտարարել, քաշեցին նախաձեռնողներին ամենավերջին վայրկյանին՝ գտնելով շատ լավ «կռուտիտ», թե իբր պատգամավորները հանգստանում են: Օլիգարխիկ կուսակցություն «Բարգավաճ Հայաստանը», որ պատեհ-անպատեհ բոլոր առիթներով խոսում է սոցիալական արդարության մասին, ունի շուրջ երկու տասնյակ այնպիսի պատգամավորներ, ովքեր նախընտրում են մեկ ամիս աշխատելուց հետո հանգստանան Հայաստանից դուրս գտնվող կուրորտներում և, փաստորեն, մեծ հաշվով անհաղորդ են Հայաստանի քաղաքական կյանքի զարգացումներին ու բոցավառ ակտիվություն են դրսևորում այն ժամանակ, երբ պետք է, երբ հրահանգ կա, երբ ասում են: ԲՀԿ-ական պատգամավորները, ովքեր Վահե Ավետյանի մահից հետո սկսեցին խոսել մարդկային գազանության, դաժանության ու չարության մասին, ստացվում է, որ միայն օգտագործեցին այդ ողբերգությունը սեփական PR նպատակներով, իսկ երբ գործը հասավ կոնկրետ քայլերի, հիշեցին իրենց ամառային հանգստի կարևորության ու բացառիկության մասին: Իրականում, սակայն, պարզ էր, որ ԲՀԿ-ականներն ընդամենը խուսափեցին այդ ստորագրահավաքից մի քանի պարզ պատճառներով: Նախ, ՀՀԿ-ական կարկառուն պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի դեմ նստաշրջան հրավիրելը կարող է ունենալ նաև քաղաքական հետևանքներ, որովհետև իշխանությունները հանկարծ կսկսեն հիշել նաև Գագիկ Ծառուկյանի թիկնազորի ավերածությունների մասին ու միանգամից արտահերթ նստաշրջան կհրավիրեն, հետո էլ նման քայլի գնալուց առաջ պետք է հիշել, որ օլիգարխների մոտ ներքին կարգով «սոլիդարնոստ» կա, իրենք կարող են իրար հետ չունենալ, թշնամություն անել, բայց երբ խոսքը գնում է համընդհանուր «արժեքների», այն է՝ անպատժելիության մասին, այստեղ փոխադարձ լուռ հասկացվածություն կա: Հետաքրքիր է այս ամենում ԲՀԿ-ի թիվ մեկ կարկառուն պաշտպան, երբեմնի ծայրահեղ ընդդիմություն, այժմ Հայաստանի քաղաքական դաշտի վերլուծական PR կենտրոն դարձած Հայ ազգային կոնգրեսի դիրքորոշումը: Վստահությամբ կարելի է նշել, որ եթե ԲՀԿ-ն մի քանի տարի առաջ նման քայլ աներ, ապա «լևոնականները» քարը քարի վրա չէին թողնի, կմեղադրեին «օեկիզմի» մեջ, իսկ այսօր լուռ գոհունակությամբ հետևում են ԲՀԿ-ի գործողություններին, թերևս առաջիկա հանրահավաքի ժամանակ Ծառուկյանի ղեկավարած կառույցին մի քանի հավելյալ գովեստի խոսքեր շռայլելու նպատակով: Ժիրայր Մուրադյան

No comments: