Wednesday, July 18, 2012

Արցախը վերադարձնել Ադրբեջանի կազմ հնարավոր չէ. քաղաքագետ

HayNews.am. 18-7-2012- ԼՂՀ-ն որպես պետականություն իրավունք չունի մի օր մնալ առանց իշխանության: Արցախում միշտ կգործի բնակչության կողմից վստահություն վայելող իշխանություն: Խոսելով ԼՂՀ-ում կայանալիք նախագահական ընտրություններից` այս մասին ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանց: Վերջինս նշեց, որ թեպետ ընտրական գործընթացները Լեռնային Ղարաբաղում չեն ճանաչվում, բայց արցախցին թքած ունի՝ կճանաչի միջազգային հանրությունն ընտրությունները, թե ոչ. «Նախագահական ընտրություններն ապացույց են, որ արցածցին է ընտրում, նրանք են իրենց ճակատագրի տերը: Ոչ ոք չի որոշում, չի նշանակում ինչ-որ նահանգապետ: Նրանք են ընտրում իրենց առաջնորդին, միմիայն իրենք»: Ս. Շաքարյանցը վստահություն հայտնեց, որ Արցախում նախագահական ընտրությունները պետք է կայանան այն ժամանակից հետո, երբ այցելեցին Մինսկի խմբի համանախագահները: Ըստ նրա, սրանով պետք չէ ուրախանալ. «Ես ավելի կուրախանայի, որ նրանք Երևանից մեկնեին Ստեփանակերտ: Սրանով կընդգծեին, որ Ղարաբաղն ու Հայաստանը միմյանց դաշինքով կապված պետություններ են: Իսկ այս կերպ ընդգծում են ուրիշ երևույթ: Սա շարունակական խաղ է»: Քաղաքագետի խոսքով բոլորը հասկանում են, որ Ղարաբաղը վերադարձնել Ադրբեջանի կազմ հնարավոր չէ: Սրա վառ ապացույցը, ըստ նրա, հենց Արցախում կայանալիք նախագահական ընտրություններն են: Ս. Շաքարյանցը հավելեց, որ ԼՂ բանակցային գործընթացին, ԼՂ միջազգային ճանաչմանը միակ խոչընդոտողն ու խանգարողը Ամերիկայի Միացյալ նահանգներն են:

No comments: