Wednesday, July 11, 2012

Քոչարյանը Բակոյի թիկունքի՞ն

«Լրագիր» 11-7-2012- Ինչպես հայտնում է Մեդիամաքսը, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հաստատել է տեղեկությունը, որ Ռոբերտ Քոչարյանն օրերս հեռախոսազրույց է ունեցել Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ եւ նրան հաջողություն մաղթել հուլիսի 19-ին կայանալիք ԼՂՀ նախագահի ընտրությանը: Քոչարյանի հեռախոսազրույցի հաստատման մասին այդ տեղեկությունը ուշագրավ է ոչ միայն ինքնին, որպես Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ենթատեքստով գործողությունների հերթական տեղեկություն, այլ նաեւ մասնավորապես հետաքրքրական է օրերս տեղի ունեցած մի հայտարարության ֆոնին: Խոսքը Լեռնային Ղարաբաղի 100-ից ավելի ազատամարտիկների նամակի մասին է, որ նրանք հղել էին Սերժ Սարգսյանին եւ չխոսելով ԼՂՀ ընտրությանը որեւէ թեկնածուի սատարելու մասին, Սերժ Սարգսյանին ընդամենը կոչ էին արել թույլ չտալ, որ Բակո Սահակյանն ընտրությանը օգտագործի վարչական ռեսուրսը: Ազատարամտիկները Սարգսյանին հիշեցրել էին, որ նա 2007 թվականի ընտրությանը սատարել է Բակո Սահակյանին, բայց Սահակյանը իր կառավարման ընթացքում չի բարելավել Ղարաբաղի իրավիճակը: Ազատարամտիկների այդ նամակի տակ անուններ չկային, նշվում էր միայն, որ այն ստորագրել է 100-ից ավելի մարդ եւ ստորագրությունները շարունակվում են: Եվ ահա ուշագրավ է, որ հենց այդ նամակից հետո տեղեկատվական հոսքում հաստատվեց Բակո Սահակյանի հետ Քոչարյանի հեռախոսազրույցն ու մաղթանքը: Դրանից ստացվում է այնպիսի տպավորություն, որ Քոչարյանը ազատամարտիկների նախաձեռնությունից հետո որոշել է իր աջակցությունը հայտնել Բակո Սահակյանին, գուցե նաեւ ինչ որ կերպ ազդելով ազատամարտիկներից շատերի դիրքորոշման վրա, որոնց մի մասը կարող է Բակո Սահակյանի թիկունքում տեսնել Քոչարյանին եւ փոխել վերաբերմունքը Սահակյանի հանդեպ: Բոլոր դեպքերում, փաստը ուշագրավ է եւ այդ համատեքստում շատ ավելի հետաքրքիր է, թե իսկ իրեն ուղված նամակին Սերժ Սարգսյանն ինչպես կարձագանքի:

No comments: