Wednesday, July 18, 2012

Քոչարյանն ու Սարգսյանը պայմանավորվե՞լ են

«Լրագիր» 17-7-2012- Հայկական մամուլում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Հովհաննես Թամամյանն ու Մարգար Օհանյանը կարող են ներում ստանալ եւ հայտնվել ազատության մեջ: Ըստ այդ տեղեկությունների, նրանք ներման դիմում կուղղեն Սերժ Սարգսյանին, ով էլ կօգտվի ներելու իր իրավունքից եւ կների նախկին բարձրաստիճան ոստիկաններին: Այս տեղեկությունները երկու հետաքրքրական ասպեկտ ունեն՝ իրավական եւ քաղաքական: Նախ իրավականի մասին: Փաստացի, կգործի արդարադատության հայկական տարբերակը, երբ հանցագործության համար մեղադրվող պաշտոնյան չի պատժվի այնպես, ինչպես որեւէ շարքային քաղաքացի կամ ընդդիմադիր գործիչ կպատժվեր: Կստացվի, որ Հովհաննես Թամամյանին ու Մարգար Օհանյանին ինչ-ինչ իրավիճակներում ենթարկեցին պատասխանատվության, դրանով ինչ որ հարցեր լուծվեցին, ու այժմ նրանք կարող են հայտնվել ազատության մեջ: Արդյոք հնարավոր է այդ դեպքում խոսել արդարադատության մասին, եթե ավելի փոքր հանցանք գործելու համար, իսկ հաճախ էլ ընդհանրապես ոչ մի հանցանք գործած չլինելով, քաղաքացիները տարիներ են անցկացնում բանտում, եւ նրանց ոչ ոք այդպես էլ չի ներում: Ավելին, կան բազմաթիվ քաղաքացիներ, որոնց հանցանքն այնպիսին է, որ այդ մարդկանց կարելի է եւ չազատազրկել, բայց նրանք հայտնվում են բանտում եւ մինչեւ վերջ կրում պատիժը, իսկ ահա Թամամյանին եւ Օհանյանին կարող են ներել: Այս հեռանկարը հատկապես հատկանշական է այսպես ասած դատաիրավական համակարգի բարեփոխումների նոր ծրագրի ֆոնին, որի «պրեզենտացիան» օրերս արվեց նախագահի նստավայրում խորհրդակցության, իսկ հետո արդարադատության նախարարի ասուլիսի տեսքով: Ըստ երեւույթին, այդ նոր ծրագիրը ենթադրում է բոլոր հին հանցանքների ներում՝ իհարկե միայն պաշտոնյաների մասով, որովհետեւ այլ քաղաքացիների մասով համակարգը շարունակում է մնալ չափազանց “արդարադատ”: Այժմ քաղաքական ասպեկտի մասին: Թե Հովհաննես Թամամյանը, թե Մարգար Օհանյանը որոշակիորեն առնչվում են Ռոբերտ Քոչարյանի ուղեծրին: Հովհաննես Թամամյանը համարվում էր նրա ամենավստահելի մարդկանցից մեկը համակարգում: Իսկ Մարգար Օհանյանին էլ, ըստ մամուլի ոչ պաշտոնական վարկածների, ձերբակալեցին Ռոբերտ Քոչարյանի օգտին նախապատրաստվող ներիշխանական հեղաշրջման կամ դավադրության բացահայտման շրջանակում: Ըստ ամենայնի, նրանց ներումը կարող է տեղի ունենալ Սարգսյան-Քոչարյան պայմանավորվածության շրջանակում: Հնարավոր է, որ Թամամյանն ու Օհանյանը ազատության մեջ հայտնվեն, եթե Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանին առարկայական երաշխիքներ տա, որ նախագահի ընտրությանը չի փորձի ԲՀԿ-ի միջոցով սեպ խրել նրա անիվների մեջ: Իսկ այդ ամենը Հայաստանում քաղաքականություն եւ արդարադատություն հասկացությունների լավագույն, բայց միեւնույն ժամանակ իհարկե մեղմ ասած մոխրագույն բնորոշիչն են: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: