Wednesday, July 11, 2012

Թիկնապահը ալիբի է շեֆի համար

«Լարգիր» 11-7-2012- Հայաստանում շատերն են համոզված, որ եթե որեւէ մեկը հաստատապես որոշի վնասել որեւէ օլիգարխի, ապա թիկնազորը նրան չի փրկի, առավել եւս, որ այդ թիկնազորի պրոֆեսիոնալ պատրաստվածության մակարդակը մեղմ ասած կասկածելի է: Բայց, դա թերեւս լավ գիտեն հենց օլիգարխներն իրենք, քանի որ միամիտ մարդիկ չեն եւ լավ են պատկերացնում իրավիճակը: Պարզապես թիկնազորները չունեն միայն այսպես ասած պաշտպանական նպատակ: Կամ, ավելի ճիշտ, դրանց հիմնական նպատակը ամենեւին պաշտպանական չէ: Թիկնազորները նրանց համար ունեն թերեւս ֆունկցիոնալ այլ նշանակություն: Հայաստանում դրանք արդեն բնորոշվել են որպես բանակներ, որոնք գործի են դրվում տարբեր առիթներով, համակարգի վերարտադրության կամ պահպանման համար: Միեւնույն ժամանակ, այդ ամենը կատարում է նաեւ հանրությանը հոգեբանական ահի մեջ պահելու ֆունկցիա, երբ թիկնապահների առկայությունը հանրության մեջ ջլատում է շեֆերի դեմ “խաղ լինելու” միտքն անգամ, ուր մնաց խաղալու կամքը կամ խաղն ինքնին: Բայց, բանակային ֆունկցիայից բացի, թիկնազորերը նաեւ յուրօրինակ ալիբի են իրենց շեֆերի համար: Թիկնապահների գործառույթն է ծեծել, ահաբեկել, հարկ եղած դեպքում սպանել, որպեսզի շեֆը հարկադրված չլինի դա անել անձամբ եւ անձամբ ընկնել իրավական պատասխանատվության տակ: Այլ կերպ ասած, թիկնազորները շեֆերի գործուն ալիբիներն են, երբ ամեն ինչ վերագրվում է նրանց: Թիկնապահը կատարում է հանցագործությունը, եւ այն ապրիորի շեֆի համար է, եթե անգամ տվյալ պահին շեֆին տվյալ, կոնկրետ հանցագործությունը բացարձակապես պետք չէր: Թիկնապահն իրականում հանցագործ մեխանիզմ է եւ այն պետք է պարբերաբար աշխատի, չժանգոտելու համար՝ ծեծի, ահաբեկի, բռնանա, սպանի: Այլապես կարող է տեղի ունենալ խափանում, եւ հարկ եղած դեպքում այդ մեքենան կարող է չլինել անհրաժեշտ “մարզավիճակի” մեջ: Այդ մեքենան անընդհատ պետք է գործի, որովհետեւ դրանով է իր կենսունակությունը չափում նաեւ շեֆը: Ընդ որում, հետաքրքրական է այն, որ չափման միավոր է նաեւ այն, թե որքանով է մեքենան աշխատում հանրության համար աննկատ, մամուլի համար անաղմուկ: Աղմուկի պարագայում շեֆն արձանագրում է առկա թերությունները, բացթողումները, մեքենայի աշխատանքում ի հայտ եկող խափանումները: Այս ամենն իսկապես դաժան է, քանի որ առնչվում է Հայաստանի շարքային քաղաքացիների կյանքին: Բայց դա է իրականությունը, եւ քաղաքացիները թող իզուր չկարծեն, թե թիկնապահներն օլիգարխներին պետք են պաշտպանվելու համար: Հետեւաբար, հասարակության համար անհրաժեշտ է խնդիրը դիտարկել այսպես ասած պրակտիկ իրավականության դաշտից դուրս, առավել լայն դաշտում: Ի վերջո, ամենեւին զարմանալի չէ, որ շեֆերն օրինակ կարող են չլինել կոնկրետ հանցագործությունների տեղերում եւ չտալ հրահանգներ: Մեքենայի աշխատանք է, որի Cruise control-ի մեկնարկը տրված է, եւ շեֆն ընդամենը ժամանակ առ ժամանակ է հետեւում ընթացքին: Համակարգի խնդիրն էլ հենց այն է, որ ամեն ինչ տեղավորվի պրակտիկ իրավականության շրջանակում, պատասխանատվությունը թողնելով բացառապես թիկնապահների վրա: Իսկ նրանք գիտեն, որ այդ պատասխանատվության կրողն են, եւ նրանք պատրաստ են հայտնվել ընդհուպ բանտում, լավ իմանալով, որ այնտեղ նրանց ոչ թե “շարքային ազատազրկում”, այլ հանգիստ կյանք է սպասում, առաջին իսկ պատեհ առիթի դեպքում ազատման հեռանկարով: Հետեւաբար, արդյոք ամբողջապես իրավացի է այն կարծիքը, թե իրավական պատասխանատվության, իրավական պատժելիության մթնոլորտի լիարժեք ապահովման դեպքում բռնությունների մեքենան կդադարի աշխատել: Թե՞ թիկնապահների ինստիտուտը հենց այն բանի համար է, որ այդ մեքենան շարունակի անխափան աշխատանքը անգամ իրավական պատժելիության ինստիտուտը կիրառելու պարտադրանքի դեպքում, որ համակարգին կարող է ներկայացնել հասարակությունը: Այդ առումով, արդյոք անհրաժեշտ չէ, որ հասարակությունն իրավական պատասխանատվության խնդրին զուգահեռ, հավասարապես, եւ գուցե ավելի՝ ներկայացնի բարոյական եւ քաղաքական պատասխանատվության խնդիրը, սահմանի դրանց հնարավորինս բարձր չափանիշներ, ինչը շեֆերին կզրկի թիկնապահների ինստիտուտը որպես քավության հարատեւ նոխազ եւ բռնության հավերժական շարժիչ գործածելու հնարավորությունից: ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: