Wednesday, July 11, 2012

Իսմեթ Յըլմազը տվյալներ է հրապարակել PKK-ի դեմ ողջ պայքարում Թուրքիայի զինված ուժերի կրած կորուստների մասին

1in.am. 11-7-2012- Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության
նախարար Իսմեթ Յըլմազը տվյալներ է ներկայացրել Թուրքիայում ահաբեկչական հռչակված և արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ պայքարում թուրքական անվտանգության ուժերի կրած կորուստների մասին: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավոր Գյուրքյութ Աջարը նրան խնդրել է հրապարակել վերջին 30 տարվա ընթացքում PKK-ի դեմ պայքարում Թուրքիայի զինված ուժերի կրած կորուստների մասին տվյալներ: Աջարը ցանկացել էր իմանալ նաև թե զոհված կամ վիրավոր զինծառյողներից քանի՞սն են եղել սապներ ու ենթասպաներ: Այս կապակցությամբ Իսմեթ Յըլմազը, հիշեցնելով, որ Թուրքիայում PKK-ի ակտիվ զինված պայքարը սկսվել է 1984 թվականին, հայտարարել է, որ 2012 թվականի հունիսի 8-ի դրությամբ այդ պայքարում զոհվել է 6169 և վիրավորվել է 4008 զինծառայող: Յըլմազի խոսքերով՝ զոհված զինծառայողներից 411-ը սպաներ են, իսկ 375-ը՝ ենթասպաներ, 585-ը՝ սերժանտներ, 4798-ը՝ շարքայիններ, ընդհանուր՝ 6169: Վիրավոր զինծառայողների պարագայում պատկերը հետևյալն է՝ 256 սպա, 263 ենթասպա, 401 սերժանտ, 3088 շարքային, ընդհանուր՝ 4008 զինծառայող: Յըլմազը հավելել է, որ իրենք ավելացրել են վտանգավոր գոտում զինծառայություն կատարող և PKK-ի դեմ օպերացիաներին մասնակցող շարքայիններին վճարվող փոխհատուցման չափը՝ 148 լիրայից հասցնելով 200 լիրայի (1 դոլարը հավասար է 1.81 լիրայի): Հիշեցնենք, որ 2011 թվականի սեպտեմբերի 1-ին Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր, որ 1984-2011 թվականներին PKK-ի դեմ մղած 27-ամյա պայքարում Թուրքիայի ուղղակի ծախսերը կազմել են 300 միլիարդ դոլար։ Նա հավելել էր, որ այդ պայքարում անուղղակի ծախսերը շատ ավելի մեծ են՝ 700 միլիարդ դոլար։ Դրանով իսկ ընդհանուր առմամբ, PKK-ի դեմ 27-ամյա պայքարը Թուրքիայի վրա արժեցել է 1 տրիլիոն դոլար։

No comments: