Tuesday, July 10, 2012

Օլանդը Հայոց ցեղասպանության հարցում Սարկոզիից վտանգավոր է. Մևլութ Չավուշօղլու

Tert.am. 9-7-2012- Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նախորդ նախագահ Նիկոլա Սարկոզիից ավելի շատ է աջակցում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Այս մասին ադրբեջանական Salam News-ին տված հարցազրույցում ասել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահի հատուկ ներկայացուցիչ, Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Մևլութ Չավուշօղլուն: «Հենց Օլանդի կուսակցությունն է (Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցություն) առաջարկել Ֆրանսիայի Սենատի օրակարգ մտցնել այսպես կոչված «հայերի ցեղասպանության» ժխտումը քրեականացնող օրինագիծը»,- ասել է նա: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատը հունվարի 24-ին կողմ էր քվեարկել օրինագծի ընդունմանը: «Օլանդը խոստացել է, որ կընդունի այս օրինագիծը, և այժմ նա փորձում է իրականացնել դա: Եվ այս տեսանկյունից, նա առավել վտանգավոր է իր նախորդից` Սարկոզիից»,- ասել է Չավուշօղլուն: Ըստ նրա` այժմ Հայոց ցեղասպանության մասին որևէ որոշում ընդունելը սխալ կլինի, քանի որ այն կհակասի Ֆրանսիայի Սահմանադրական դատարանի որոշմանը: «Ֆրանսիան պետք է դադարեցնի այս ամենն ու պահպանի Թուրքիայի հետ կապերը: Հակառակ դեպքում` դա վատ կանդրադառնա թուրք- ֆրանսիական հարաբերությունների վրա»,- ասել է Չավուշօղլուն` հավելելով, որ երկու երկրների հարաբերություններում նոր էջ է բացվում, և անհրաժեշտ է դրանք պահպանել:

No comments: