Tuesday, July 10, 2012

Քաղաքագետ. ԼՂ հարցում միջնորդ երկրները հակամարտող կողմերին նոր առաջարկներ չունեն

Panorama.am. 9-7-2012- ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առկա վերջին զարգացումները վկայում են այն մասին, որ միջնորդ երկրները հակամարտող կողմերին նոր առաջարկություններ չունեն: Անդրադառնալով Արցախյան հիմնահարցին, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ վերջերս կայացած փարիզյան հանդիպմանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Ըստ քաղաքագետի, բանակցային գործընթացում տեղաշարժի բացակայության պայմաններում Ադրբեջանը փորձելու է շարունակել իր սադրիչ դիվերսիոն գործողությունները: «Մենք չենք կարող ասել, որ Ադրբեջանը զերծ կմնա նոր դիվերսիաներից, դա չի բացառվում, քանի որ ծրագրի փոփոխություն չի եղել: Դա չեն ժխտում նաև մեր երկու՝ Հայաստանի և Ղարաբաղի ՊՆ նախարարները, ովքեր նշել են, որ ամեն վայրկյան սպասում են, որ Ադրբեջանը ևս մեկ անգամ կփորձի ուժի դիմել»,- նշեց Սերգեյ Շաքարյանցը: Քաղաքագետի կարծիքով, ալիևյան վարչախմբին անհրաժեշտ է ինչ-որ կերպ սեփական հասարակության աչքերում արդարացնել զենքի և զինամթերքի ձեռք բերման համար հսկայական միջոցների վատնումը: «Հասարակությունը վարչախմբի կողմից անտեսվում է, դիվերսիաներով փորձում են ապացուցել, իզուր չի, որ այդքան փող են ծախսում, զենքեր առնում»,- նշեց Սերգեյ Շաքարյանցը:

No comments: